Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում էլ նախագահ ընտրեցին ընտրիչները

Մարտ 13,2003 00:00

ԱՄՆ-ում էլ նախագահ ընտրեցին ընտրիչները ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով, ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդների եզրակացությունն էական ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի եւ ԵԽ հարաբերությունների վրա: «Վերջին շրջանում կարծես էլ ավելի ակնհայտ է դառնում, որ ԵԱՀԿ-ն վերածվել է արտառոց մի կազմակերպության. թեեւ այն եվրոպական կազմակերպություն է, բայց նրան անդամակցում են նաեւ ոչ եվրոպական երկրներ: Եվ ակնհայտ է, որ այդ կազմակերպության միջոցով Միացյալ Նահանգները փորձում է ինչ-ինչ խնդիրներ լուծել»,- ասաց Տ. Թորոսյանը՝ ավելացնելով, թե քիչ չեն դեպքերը՝ նաեւ Հայաստանի պարտավորությունների հետ կապված, երբ լուրջ հակասություններ են առաջանում ԵԱՀԿ եւ ԵԽ միջեւ: Ըստ նրա, եթե ԵԱՀԿ ստեղծման շրջանում եւ մինչ Խորհրդային Միության փլուզումը լիովին արդարացված էր այդ կառույցի գոյությունը, եւ շատ հստակ նպատակներ ուներ, ապա այսօր բավական «տարօրինակ» է դրա դերը: Տ. Թորոսյանի դիտարկմամբ, դիտորդներն ունեն ոչ ստանդարտ չափանիշներ, տարբեր ընտրությունների գնահատման առումով: Եվ, ըստ նրա, պատահական չէ, որ նրանք հստակորեն չեն սահմանում ժողովրդավարության չափանիշները, որոնց մասին իրենք խոսում են: «Կարելի է օրինակներ բերել, երբ իրենք նման վերաբերմունք չեն ունեցել այլ ընտրությունների հետ կապված: Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահական վերջին ընտրություններում, երբ առաջին փուլի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո թե՛ լրագրողները, թե՛ բոլոր թեկնածուները սկսեցին հակաքարոզչություն վարել Լը Պենի դեմ: Նման մի բան էլ եղել էր ԱՄՆ նախագահական ընտրություններին. ժողովուրդն ընտրեց թեկնածուներից մեկին, ընտրիչներն ընտրեցին մեկ ուրիշին: Այնուհետեւ գործը տեղափոխվեց դատարան: Եթե Հայաստանում նման բան կատարվի, կարծում եմ, Հայաստանը կարժանանա վերջին հայհոյանքներին»,- ասաց Տ. Թորոսյանը՝ նշելով, թե ավելի ճիշտ կլիներ, որ միջազգային դիտորդները նման գնահատականներ տային նաեւ այդ ընտրություններին: Եթե ԵԽ մասին այդպիսին է մեր պաշտոնյաների գնահատականն ու վերաբերմունքը, այդ դեպքում ինչո՞ւ էր Հայաստանն այսքան ջանք գործադրում՝ անդամակցելու այդ «տարօրինակ» կազմակերպությանը: Մեր այս դիտարկմանն ի պատասխան, Տ. Թորոսյանն ասաց, որ Հայաստանը պետք է շարունակի այդ ուղին, որպեսզի երկրում տեղի ունեցող գործընթացներն ու այդ թվում նաեւ՝ ընտրությունները համապատասխանեն եվրոպական չափանիշներին, անկախ այն բանից՝ Հայաստանը ԵԽ անդամ կլինի՞, թե՞ ոչ: «ԵԽ-ին անդամակցելիս Հայաստանն ուներ շատ լուրջ ակնկալիքներ եւ, կարծում եմ, որ շատ լուրջ խնդիրներ կան, որոնք կարելի է լուծել հենց այդ շրջանակներում»,- վստահեցրեց ԱԺ խոսնակը, ավելացնելով. «Երբ խոսվում է այն մասին, որ նման երկրներում նման երեւույթներ կան, դա չի նշանակում, որ Եվրոպայում ամեն ինչ վատ է կամ ավելի վատ է, քան Հայաստանում, եւ մենք որեւէ անելիք չունենք այնտեղ: Դա այդպես չէ»: Տ. Թորոսյանի կարծիքով, չպետք է մոռանալ, թե եվրոպական երկրներն ինչպիսի ճանապարհ են անցել մինչ օրս. «Չմոռանանք, որ Եվրոպայում են ծագել 1-ին եւ 2-րդ Համաշխարհային պատերազմները: Չմոռանանք, որ նացիզմն ու ֆաշիզմը հենց այնտեղ են ծնվել, եւ շատ երկրների մեծ դժբախտություններ են հասցրել»: Տիգրան Թորոսյանի գնահատմամբ, ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդներն իրենց եզրակացության մեջ շրջանցել են իրենց լիազորությունները: Ըստ նրա, դիտորդներն իրավունք չունեին իրենց հայտարարության մեջ նշել, թե Ա. Գեղամյանի գործի քննությունը ՍԴ-ում հնարավոր է, որ ազդի ընտրությունների վերջնական արդյունքների վրա: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել