«ԱՅՍ ՊԱՇՏՈՆԻ ԾԱՆՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ» Ռոբերտ Քոչարյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել որպես երկրի նախագահ եւ փորձում էր տպավորություն ստեղծել, թե իրեն բացարձակապես չեն հուզում ո՛չ միջազգային դիտորդների սուր եւ բացասական գնահատականները, ո՛չ էլ երկրի գլխավոր դատարանի՝ Սահմանադրականի, հնարավոր վճիռը՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անվավեր ճանաչելու մասին։ Խոսքի նախաբանում Ռ. Քոչարյանը կարեւորեց սահմանադրական փոփոխությունները եւ ասաց, թե պետք է ամեն ինչ անել խորհրդարանական ընտրությունների օրը սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի ներկայացնելու համար։ «Առավոտին» հետաքրքրում էր՝ արդյո՞ք այդ փոփոխությունները կարվեն այնպես, որ 2008-ին եւս Ռոբերտ Քոչարյանին հնարավորություն տրվի կրկին նախագահ առաջադրվել. «Ոչ, բացառվում է։ Շնորհակալ եմ, երկու անգամ (այստեղ Ռ. Քոչարյանը ծիծաղի նման ինչ-որ բացականչություն արեց.- Մ. Ե.) ծանրաբեռնվածությունը, ասեմ, շատ մեծ է։ Գիտեք, ես այնպիսի տպավորություն ունեմ, որ կան մարդիկ, որոնք չեն պատկերացնում այս պաշտոնի ծանր լինելու հանգամանքը ե՛ւ պատասխանատվության առումով, ե՛ւ ծանրաբեռնվածության առումով։ Կան մարդիկ, որոնք եթե պատկերացնեն այս ծանրաբեռնվածության գոնե մի մասը, երբեք չէին երազի եւ չէին պայքարի նախագահ դառնալու համար։ Ոչ»։ Կարելի է ենթադրել, որ պրն Քոչարյանը ոչ թե ձգտում էր ամեն գնով նախագահ մնալ, այլ՝ ձգտում էր ընտրակեղծիքներով, օրենքի չարաշահմամբ եւ այլ անթույլատրելի միջոցներով «լավություն» անել մյուս թեկնածուներին՝ վերջիններիս «ծանր պատասխանատվությունից» ազատելու համար։ Բայց եթե այդքան ծանր է՝ ինչո՞ւ պարզապես արժանապատիվ չհեռանալ, մանավանդ, կան դրա համար բոլոր օբյեկտիվ հնարավորությունները։ Միջազգային դիտորդների կոշտ գնահատականն ընտրությունների մասի՞ն. Ռ. Քոչարյանը, կարծես, ամենեւին էլ այն կարծիքին չէ, թե այդ գնահատականն ուղղակի խփում է երկրի կայունությանը, վարկանիշին եւ ներդրումային քաղաքականությանը։ Ըստ Ռ. Քոչարյանի՝ 2003-ի ընտրություններն ավելի լավ էին, քան 98-ինը. «Դիտորդների գնահատականը մոտավորապես նույնն է, բայց նաեւ ակնհայտ է, որ այս անգամ դիտորդական առաքելությունը եղել է շատ ավելի խիստ, շատ ավելի մանրակրկիտ են նայվել բոլոր խախտումները, եւ շատ ավելի մանրակրկիտ են հետեւել ամբողջ պրոցեսին, քան դա եղել է 5 տարի առաջ»։ Այս խստության պատճառը Ռ. Քոչարյանը համարում է այն, որ մենք ԵԽ անդամ ենք. «եւ, ըստ էության, մեզանից սպասումներն ավելի շատ էին, քան մենք ենթադրում էինք։ Եթե մեր ընտրությունները համեմատենք Եվրոպայի կայացած երկրների ընտրությունների հետ, իհարկե՝ չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Եթե մենք հաշվի առնենք, որ մեր անկախությունը 12 տարեկան է, եւ մենք դուրս ենք եկել Սովետական Միությունից, ապա կարելի էր շատ ավելի մեղմ գնահատականներ տալ։ Ես կարծում եմ, որ 98 թվին այս հանգամանքը հաշվի էր առնվում»։ Ռ. Քոչարյանն ընդունում է, որ եղել են բազմաթիվ խախտումներ, բայց ըստ նրա՝ դա մեր հասարակության եւ քաղաքական դաշտի վիճակն է։ Ըստ Ռ. Քոչարյանի. «Հաղթանակը համոզիչ է, երկու անգամ ավելի ձայներ եմ հավաքել։ Ցանկալի էր ունենալ դիտորդների ավելի լավ եզրակացություն, միանշանակ՝ ցանկալի էր ունենալ, ես ցավում եմ, որ մենք չստացանք այն գնահատականը, որ մեզ հարկավոր է։ Բայց մենք ընտրությունները չեն անում ինչ-որ մեկի առաջ հաշվետվություն տալու համար։ Մենք ընտրություններն անում ենք երկրի համար։ Ցավոք, դեռ կա այնպիսի պատկերացում, որ ինչ-որ մեկը պետք է հաստատի այդ ընտրության արդյունքները, ոչ ոք չպետք է հաստատի, մենք անկախ երկիր ենք, եւ այդ անկախությունը հարկավոր է հարգել»։ Իսկ սեփական ժողովուրդը, արդյոք, չպե՞տք է հաստատի այդ ընտրությունների արդյունքը։ Նախագահի ընտրության երկրորդ փուլի արդյունքները Ռ. Քոչարյանը բավարար է համարում. «թեկուզ համոզված եմ, որ միգուցե ավելի լավ աշխատելու դեպքում կարելի էր ավելի բարձր ցուցանիշներ ունենալ։ (…) Հիմնական պատճառը՝ ինչո՞ւ առաջին փուլով չավարտվեց ընտրությունը, հիմնականում երկու պատճառ կարող եմ բերել. առաջինը՝ վստահությունը, որ ամեն ինչ կավարտվի առաջին փուլում, այնքան մեծ էր հատկապես ինձ աջակցող ընտրազանգվածի մոտ, որ ուղղակի մարդկանց մի զգալի մասը չի մասնակցել քվեարկության եւ քվեարկության օրն ակտիվ չէին։ (Հիշեցնենք, որ իշխանամետ ճամբարը, մասնավորապես շտաբի պետ Ս. Սարգսյանն, առաջին փուլից հետո նշում էին մարդկանց մասնակցության աննախադեպ բարձր ակտիվությունը.- Մ. Ե.)։ Եվ երկրորդը՝ վերլուծությունը եւ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ քաղաքական թիմերի կոորդինացված աշխատանքը բավարար չէր տեղերում։ Շատ, շատ մարդիկ մտածում էին ավելի մայիսի 25-ի մասին, քան կոնկրետ առաջին փուլում հաղթանակ ունենալու մասին»։ Ռոբերտ Քոչարյանը մոռացավ կամ չուզեց նշել, որ ԿԸՀ-ն վերջնական արդյունքը որպես 52 տոկոս արդեն պատրաստ էր հրապարակել առաջին փուլի ընտրության հաջորդ օրն իսկ եւ համաժողովրդական ընդվզման եւ համախմբման դեմ ընկրկեց, ու այդպես ծնվեց երկրորդ փուլի անհրաժեշտությունը։ Ընդդիմության մասին Ռ. Քոչարյանի հատուկ կարծիքը. կանխատեսելի էր ընդդիմության կեցվածքը. «երկրորդ փուլից հետո եւս երկու անգամ քիչ ձայներ հավաքած թեկնածուն հռչակվում է ընտրված նախագահ եւ մի մեծ մեքենա սկսում է գործել բողոքներ արտադրելու ուղղությամբ»։ Ռ. Քոչարյանին, ըստ ամենայնի, բողոքների հետ կապված տրվել է ոչ ճիշտ ինֆորմացիա, գոնե պետք էր գործող նախագահին հայտնել, որ եթե կա բողոք, ուրեմն պետք է գնալ այդ բողոքի ետեւից եւ ոչ թե ընտրովիության սկզբունքով բացել տեղամասերը։ Սակայն Ռ. Քոչարյանը հասկանում է նաեւ, որ «կա իրավական ճանապարհ, կան դատարաններ, եւ ես համարում եմ, որ շատ ավելի ճիշտ կլինի, որ ընդդիմությունը հենց այդ իրավական ճանապարհով փորձի լուծել այդ հարցերը, եւ ոչ թե այդ հարցերը իրավական դաշտից տեղափոխել քաղաքական դաշտ»։ Այս հարցում ընդդիմությունը եւ Ռ. Քոչարյանը եւս միակարծիք են։ Ցավոք, մեր դատարաններն այնպիսին չեն, ինչպիսին պիտի լինեին, այլ այնպիսին են, ինչպիսին իրենց ուզում է ունենալ գործող իշխանությունը. «կա Սահմանադրական դատարան դիմելու իրավունք, ես միայն կողջունեի, եթե ընդդիմությունը դիմի ՍԴ։ Կրկնում եմ՝ միայն կողջունեի»։ Պատկերացնել հարկավոր չէ, թե Գագիկ Հարությունյանի ուսերին ինչ ծանր բեռ է դրվում, մանավանդ, ըստ մեր տեղեկության՝ Վենետիկի խումբը հրաժարվել է մասնակցել այդ խաղերին, իսկ եթե Գագիկ Հարությունյանը կրկնի 96-ի իր սխալը, ապա նախանձելի վիճակում չի լինի, մոտավորապես այսպիսի՝ աջ գնամ՝ մերոնք են, ձախ գնամ՝ մերոնք են։ Ընդունեք, ծանր վիճակ է։ Դատարանների թեման շարունակելով՝ «Նոյյան Տապանին» հետաքրքրում էր հանրահավաքների արդյունքում ձերբակալված եւ դռնփակ դատավարությունների հետեւանքով պատասխանատվության ենթարկված մարդկանց հարցը եւ այն, թե Արդարադատության խորհրդի նախագահը արդյո՞ք պատժելու է այն դատավորներին, ովքեր օրենք են խախտել։ Նախօրոք հիշեցնեմ, որ այդ դռնփակ դատավարություններին մամուլն անդրադարձել է ոչ մեկ անգամ։ Իսկ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ընտրություններից հետո հանրահավաքները սկսվեցին, երբ երկրորդ փուլի քարոզարշավը հայտարարված չէր, եւ ձերբակալվել են հատկապես այն մարդիկ, որոնք «մասնակցել են հատկապես այն երթին, որի արդյունքում շրջապատվել են կառավարության շենքը, դատախազության շենքը, եւ ուլտիմատիվ ձեւով պնդում էին, որ պետք է դուրս գա դատախազը եւ վարչապետը եւ պետք է պատասխան տան ժողովրդին։ Այդ մարդիկ, միայն այդ երթին եւ այդ շրջապատման մասնակից մարդիկ»։ Այստեղ հիշեցվեց 96-ը եւ ասվեց, որ գործող նախագահը պատասխանատու է երկրի կայունության համար, եւ «այն միջոցներն եմ ձեռնարկել, որոնք համարել եմ ճիշտ, այդ կայունությունը պաշտպանելու համար»։ Փաստորեն խաղաղ երթի մասնակիցները ձերբակալվել են հենց Ռոբերտ Քոչարյանի հրահանգով՝ ինքն ասաց. «Ես կրկնում եմ, որպես գործող նախագահ՝ կիրառել եմ այն քայլերը, որոնք ճիշտ եմ համարել կանխելու համար»։ Իսկ դատական նիստերը, ըստ Ռ. Քոչարյանի, բաց էին եւ «դռնփակ էին միայն այն պահից հետո, երբ ընդդիմադիր կեցվածք ունեցող մի քանի պատգամավոր մտել են, հարձակվել դատավորի վրա, ուղղակի քաշքշուկ են սարքել դատական շենքում, որից հետո դատավորը սահմանափակել է նիստի մասնակցությունը»։ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի պատգամավորի անուն չտվեց, նրանից ցուցակ ուզող էլ չեղավ։ Իշխանամետները չէին հարցնի, մենք էլ անձամբ ենք տեսել այն բոլոր պատգամավորներին, ովքեր վրդովված էին, որ իրենց առաջ փակվում էին դատարանների դռները, եւ չէին էլ հասցնում մտնել ներս եւ պարզել, թե ինչո՞ւ են հաշվեհարդարի ենթարկվում անմեղ քաղաքացիները։ Իսկ մահամերձ մարդուն՝ Աշոտ Գրիգորյանին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում դատելու փորձի մասին երեւի ավելորդ է հիշեցնել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ