Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՃՌՈՐՈՇ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտ 13,2003 00:00

ՎՃՌՈՐՈՇ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ Փետրվարի 21-ի հանրահավաքին եւ դրան հաջորդած խաղաղ երթին մասնակցելու համար կալանավորված անձինք երեկ հայտարարեցին նոր՝ «Փետրվարի 22» հասարակական կազմակերպություն ստեղծելու մասին: Ըստ «Փետրվարի 22» կազմակերպությունը նախաձեռնողների՝ այն պետք է հետամուտ լինի իրենց ոտնահարված իրավունքների համար իշխանություններից բարոյական, իրավական եւ նյութական փոխհատուցմանը եւ մեղավորներին պատժելուն: Որպես առաջին քայլ՝ նրանք մտադիր են պատասխանատվության կանչել այն դատավորներին, որ թեթեւությամբ դակեցին հանրահավաքների մասնակիցներին վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումները: Երեկ հրավիրված ասուլիսին ներկա նախկին կալանավորվածներից գրեթե բոլորի դատերն ընթացել էին առանց պաշտպանների: Շատերին չէին տրամադրել անգամ դատարանի այն որոշումները, որոնցով իրենց ենթարկել էին պատասխանատվության: «Դատավորը, որն ինձ դատել է առանց դատապաշտպանի եւ առանց հիմնավորելու իմ մեղքը՝ պիտի դատվի,- ասաց «Փետրվարի 22» կազմակերպության նախաձեռնողներից մեկը՝ Հրայր Մելքոնյանը, որ եղել է նախագահի թեկնածու Գառնիկ Մարգարյանի վստահված անձը եւ կալանավորվել փետրվարի 22-ից մինչեւ մարտի 9-ը:- Իմ դատը տեւել է 10-15 վայրկյան՝ մտել եմ, առանց ինձ որեւէ բան հարցնելու՝ միանգամից կարդացել են որոշումը: Վճռում նշված է եղել, որ ես մասնակցել եմ ապօրինի երթին եւ խախտել փողոցային երթեւեկության կանոնները: Բայց ես փետրվարի 21-ի հանրահավաքից հետո չեմ մասնակցել երթին՝ չնայած ինձ դատող դատավոր Մարտիրոսյանը համարեց, թե դա ապացուցված բան է, եւ վճիռը բողոքարկման ենթակա չէ»: Նա հայտնեց. «Շատ դեպքերում, ոչ մի հանրահավաքի կամ երթի չմասնակցած, պարզապես այդ կողմերով անցնող մարդկանց վերցրել եւ բերել էին կալանատուն»: Սակայն նորաստեղծ կազմակերպության հայտարարության մեջ նաեւ նշված է. «Փետրվարի 22-ին բռնաճնշումներից տուժողները մեծ մասամբ եղել են ազատամարտիկներ»: Ասուլիսի մասնակիցները նույնպես հիմնականում ազատամարտիկներ էին: Հիշեցնենք, որ իշխանությունն ակտիվորեն շահարկեց այն, որ շուրջ 160 վարչական պատասխանատվության ենթարկվածներից 30-ը նախկինում դատված էին: Ասուլիսին ներկա էր «Հանրապետության» Շենգավիթի տարածքային կազմակերպության նախագահ Ռոմիկ Մխիթարյանը, որի կատարած անզգույշ սպանության մասին ազդարարվեց անգամ ռուսական հեռուստաալիքներով: Իսկ իր կենսագրության մյուս էջերը Ռոմիկ Մխիթարյանը ստիպված էր հայտնել ինքը՝ պատերազմի մասնակից, կառավարական մի քանի պարգեւների արժանացած ԵԿՄ անդամ. «Գտնում եմ, որ ոչ ոք բարոյական իրավունք չուներ շեշտելու նախկինում կրածս պատիժը… Դա բացարձակապե՛ս կապ չուներ ընտրությունների կամ հանրահավաքների ու երթերի հետ… Այո, եղել է դժբախտություն, դեպք, որ կատարվել է իմ եւ ընկերոջս միջեւ: Դա կարող էր պատահել ցանկացածի հետ»: Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում էր, թե հանրահավաքի ոչ մի սովորական մասնակից չի կալանվել, եւ պատասխանատվության են ենթարկվել միայն նրանք, ովքեր հրահրել են անկարգություններ: «Առավոտի» հարցին՝ արդյոք ներկաներից որեւէ մեկը մասնակցե՞լ է անկարգությունների, պատասխանեց Ռոմիկ Մխիթարյանը. «Ինչպե՞ս կարող է կուսակցության տարածքային կազմակերպության նախագահն իրեն թույլ տալ կարգազանցություն անել: Այո՛, ես մասնակցել եմ երթին էլ, հանրահավաքին էլ, եւ որեւէ մեկի կողմից անօրինական որեւէ քայլ չեմ նկատել»: Թեեւ քիչ անց նաեւ հայտնեց, որ իր մեղադրականի մեջ նշել են. «Սեռական բնույթի արտահայտություններ է արել իշխանության հասցեին»: Իսկ Վլադիմիր Առաքելյանին, որ նախկինում «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահի տեղակալն էր, մեղադրել են, թե զազրախոսել է: «Հանրապետության» Թալինի տարածքային կազմակերպության նախագահ Ժորա Սափեյանին դատապարտել են «երթեր կազմակերպելու սահմանված կարգը խախտելու համար»: Հարցին, թե որոշակի ի՞նչ խախտումների մեղադրանք էին ներկայացրել, պրն Սափեյանը պատասխանեց. «Ոչ մի»: «Եվրախորհրդի անդամ ենք դարձել, համարվում ենք քաղաքակիրթ երկիր: Երթերին եւ հանրահավաքներին մասնակցելու համար որեւէ մեկը չպիտի բռնադատվեր: Բայց առայսօր այդ աբսուրդ հոդվածները դեռ կան Հայաստանի օրենքներում»,- ասաց պրն Առաքելյանը: Ասուլիսին ներկա նախկին կալանավորվածներից ոմանք ընտրական հանձնաժողովների անդամներ են եղել: «Ձերբակալվել էին այն մարդիկ, ովքեր իրենց տարածքում կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների ընթացքի վրա,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը, որ Շենգավիթում Դեմիրճյանի շտաբի համակարգողն էր, եւ բերեց այդ համայնքի օրինակը,- Առաջին փուլում մենք մի քանի հազար ձայնով հաղթել ենք Քոչարյանին, իսկ երկրորդ փուլում ես մեկուսարանում էի, ու պարտվել ենք 16 հազարով»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել