Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՊԻՐԱՆՏԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Մարտ 12,2003 00:00

ԱՍՊԻՐԱՆՏԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏՎԵՑ Մարտի 10-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը Վանաձորում, Սպայի տան դահլիճում կայացրեց դատավճիռ՝ N զորամասի զինվոր, գյուղակադեմիայի ասպիրանտ Արտյոմ Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործի վերաբերյալ։ (Հիշեցնենք, որ դատաքննությունը ընթանում էր 2002թ. նոյեմբերի 5-ից եւ նախագահող դատավորն էր Աղասի Մկոյանը, մեղադրող՝ Արման Մազմանյան)։ Զորամասի հրամանատար, կալանքի տակ գտնվող Անդրանիկ Սահակյանը ՀՀ քրօրի 268 հոդվածի Ա կետով դատապարտվեց ազատազրկման մեկ տարի մեկ ամիս ժամանակով։ Նույն հոդվածով դատվող վաշտի հրամանատար Ա. Իգիթխանյանի, ՀՀ քրօրի 252 Գ կետով դատվող զինվորներ Է. Ասատրյանի, Ա. Կարապետյանի եւ մյուս 4 զինվորների նկատմամբ կիրառվեց ՀՀ քրօրի 41 հոդվածը եւ տարբեր պատժաժամկետներով նրանց ազատազրկումը պայմանականորեն փոխարինվեց 1 տարի փորձաշրջանով։ Կալանքի տակ գտնվող Աղաբեկ Թադեւոսյանը (դասակի հրամանատարի տեղակալ), որին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրօրի 268 Ա, 252 Գ, 17-250 Գ հոդվածներով, դատապարտվեց յոթ տարի վեց ամիս, ՀՀ քրօրի 252 հոդվածի Գ կետով դատվող զինվորներ Վ. Խաչատրյանը՝ չորս տարի, Ա. Հարությունյանը եւ Ա. Ջավահիրյանը՝ մեկ տարի մեկ ամիս ժամանակով ազատազրկման։ Ամբաստանյալ զինվորներից Ա. Զախարյանին (ՀՀ քրօրի 252 Գ հոդված), որը դատապարտվեց ազատազրկման մեկ տարի ժամանակով, դատարանի դահլիճից կալանքի վերցրին (չորս ամիս նրա պատժաժամկետից համարվեց նախաքննության մի հատվածում կրած)։ Հոսպիտալի բժիշկներ Հ. Սաքանյանին եւ Դ. Դարբինյանին առաջարդրված ՀՀ քրօրի 268 «պրիմ» հոդվածի Ա կետը վերաորակվեց Բ կետի (ըստ էության, վերջիններս արդարացվեցին. հաշվի առնվեց, որ նրանք աշխատանքային վայրում կարգապահական տույժի են ենթարկվել)։ Բժիշկ Ա. Բաբայանը ՀՀ քրօրի 103 հոդվածով դատապարտվեց ազատազրկման երկու տարի ժամանակով (վճիռը որոշվեց ի կատար ածել օրինական ուժի մեջ մտնելուց հետո)։ Տուժողի իրավահաջորդ Ռ. Սարգսյանի 20 հազար դոլար քաղհայցից դատարանը բավարարեց չորս ու կես հազարը, այն որոշելով բռնագանձել Ա. Բաբայանից, Ա. Թադեւոսյանից եւ Վ. Խաչատրյանից։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել