Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ Ի ՄԻ ԵՆ ԲԵՐՈՒՄ ԱՐՎԱԾԸ

Մարտ 12,2003 00:00

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ Ի ՄԻ ԵՆ ԲԵՐՈՒՄ ԱՐՎԱԾԸ Եթե եղանակն անակնկալներ չմատուցի, մի քանի օրից կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի գավաթի 12-րդ խաղարկությունը։ 1/8 եզրափակիչից պայքարի մեջ կմտնեն 16 թիմեր (8-ը՝ բարձրագույն, նույնքան էլ՝ 1-ին խմբից)։ Հենց գավաթի խաղարկությունով էլ Հայաստանում կբացվի 2003թ. ֆուտբոլային մրցաշրջանը։ Այս օրերին հանրապետության ֆուտբոլային ակումբները նախապատրաստական վերջին աշխատանքներն են տանում գավաթային եւ մի փոքր ավելի ուշ մեկնարկող բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների մեկնարկից առաջ։ Ու ավելի շատ տեղ են հատկացնում արդեն խաղային պրակտիկային։ Կիրակի օրը Արարատ քաղաքի «Այգ» մարզահամալիրի խաղադաշտում ստուգողական հանդիպում անցկացրին բարձրագույն խմբի «Միկա» եւ «Արաքս» թիմերը։ 4։2 հաշվով հաղթեցին ավելի փորձառու աշտարակցիները։ Իհարկե, ներկայումս, երբ մրցաշրջանը դեռ չի սկսվել, դժվար է գնահատականներ տալ թիմերին, առավել եւս, որ մարզիչները նման հանդիպումները գուցե ավելի շատ դիտում են որպես մտահղացումների գործնական փորձարկում, առանձին ֆուտբոլիստների եւ խաղային օղակների որակական ստուգում, տակտիկական գործողությունների հստակեցման եւ հղկման հնարավորություն։ Այնպես որ, հետեւելով վերոնշյալ թիմերի խաղին՝ տպավորությունն այն էր, որ ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությունը վատ չէր, ու որ պակաս կարեւոր չէ՝ նրանց մեջ պայքարի ձգտում կար։ Խաղից հետո զրուցեցինք «Միկայի» գլխավո մարզիչ Սուրեն Բարսեղյանի հետ. «Լիբանանում անցկացրած երկշաբաթյա ուսումնամարզական հավաքից հետո սա մեր առաջին ստուգողական հանդիպումն էր,- ասաց նա։- Նախապատրաստության ողջ ընթացքում այսպիսի խաղեր շատ չենք անցկացրել։ Բայց դա ոչ թե կազմակերպական թերացում է, այլ դաշտերի պակասության արդյունք։ «Միկայի» ղեկավարությունն ամեն բան արեց ու անում է, որպեսզի թիմը նույնիսկ անբարենպաստ եղանակային պայմաններում մարզումային դաշտ ունենա։ Հենց այդ նպատակով էլ վաղվանից վերսկսելու ենք մարզումներն «Այգ» համալիրում»։ – Որպես գլխավոր մարզիչ ի՞նչ կասեք այս խաղում ձեր սաների մասին։ – Տղաները մի փոքր «ծանր» էին։ Դա գուցե նաեւ նրանից էր, որ Լիբանանի հավաքին հաջորդած մարտի 8-ի կապակցությամբ տղաներին ազատ էինք թողել։ Չնայած նրանք հաճույքով էին խաղում։ Կային գրագետ մտածված կոմբինացիաներ։ Դժգոհ եմ թիմի պաշտպանությունից։ Բայց դա չի նշանակում, թե նկատի ունեմ միայն դարպասապահին եւ այդ օղակը։ Ես պաշտպանություն ասելով նկատի ունեմ ամբողջ թիմը։ Ֆուտբոլիստները մի տեսակ արհամարհանքով էին պաշտպանվում, դրա փոխարեն հաճույքով էին մասնակցում գրոհներին։ Առաջնության մեկնարկին դեռ երեք-չորս շաբաթ կա։ Այդ ընթացքում անելիքներ շատ ունենք մեկնարկին լիարժեք ներկայանալու համար։ – Իսկ ի՞նչ կասեք մրցակցի մասին։ – Նրանց հետ սա երրորդ խաղն էր ու բոլորն էլ անցել են մարտական։ Ինձ դուր է գալիս արաքսցիների պայքարի ոգին։ Իսկ եթե կա պայքար, դրա վրա կարելի է ամեն ինչ կառուցել։ Ես ուրախ եմ, որ Հայաստանի առաջնությունում կա «Արաքսի» նման երիտասարդ թիմ, որը կարող է հետագայում համալրել մեր առաջնության առաջատարների շարքերը։ Ես դա տեսնում եմ։ Եվ ասածս մրցակցի հասցեին շոյող խոսքեր չեն։ Ավելացնեմ, որ այս խաղում գրանցված հաշիվը չի արտահայտում ուժերի հարաբերակցությունը տվյալ հանդիպումում։ Նրանք էլ կարող էին ավելի շատ գոլ խփել մեզ։ Ես միայն ողջունում եւ ուրախանում եմ այդպիսի թիմերի առկայության համար։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել