Աննայի բանաստեղծական աշխարհը Կոջոյանի անվան դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի, «Ցոլքեր» գրական կենտրոնի սան Աննա Համբարձումյանին վիճակված չէ իր տարեկիցների նման լինել։ Մի քիչ խենթ է ու մի քիչ յուրօրինակ, հախուռն է ու բանաստեղծական։ Ինքնադրսեւորման մեջ անփույթ է եւ իր մանկության պես անպաշտպան։ Գրում է բանաստեղծություններ։ Գրում է ինչպես չեն գրի եւ չեն մտածի իր տարեկիցները։ Ապրում է իր զգացածը հասուն մարդու պես եւ ապրումի տակ թաքուն ցավի սարդոստայն է հյուսվում. Շան լակոտներն են ինձնից կպել, Ես վախից հեռու եմ փախչում. Հաց են ուզում երեւի, Մայրը լքել է ու հեռացել։ Շան կյանքը հոգնեցրել է նրան, Ուզում է մի քիչ լավ ապրի, Մտել է հիմա էլ աղբանոց Ու զգում է իրեն թագուհի։ «Մայրս» բանաստեղծությունն իսկական գլուխգործոց է եւ հիմքում էլ իրական պատմություն է ընկած. Ես գիտեմ, որ իմ մայրը Ուրիշ արահետներով է գնում, Նա գնում է նկարիչների գունագեղ աշխարհը, Այդ արահետները նրան տանում են հեռո՜ւ. Խեղճ մայրս փետրվարի 18-ին Հիվանդացավ, աշխարհը տխրեց, Հարեւանները լուռ էին, խառնվել էին իրար, Նկարչուհու աղջիկը՝ Աննան, այսինքն ես, Շատ տխուր էի, Չէ՞ որ մայրիկիս տանում էին, Նրան ինֆարկտ էր խփել։ Տղան լալիս էր. նա աղոթում էր, Որ մայրը վերադառնա։ Ժամը 11-ն էր. մայրս վերադարձավ, Նրա երկու զավակները վեր թռան Մայրիկից ներողություն խնդրեցին, Մայրիկ ջան, ես քեզնից չեմ հեռանա, Ես որ մեծանամ, քո համար գեղեցիկ տուն եմ գնելու։ Ես չեմ թողնի, որ որեւէ մեկը նեղացնի քեզ։ Մենք տեսել ենք չար եւ բարի մարդկանց, Մենք տեսել ենք գեղեցիկ վայրեր… Ես գրում եմ, մայրս մուշ-մուշ քնած է։ Աննան նաեւ նկարում է եւ նկարները հետաքրքիր անվանումներ ունեն՝ «Գիշերային հեքիաթ», «Գարուն», «Մտերմություն»։ Ինչպիսի՞ն կլինի Աննայի վաղվա օրը։ Հարցը տալիս եմ ու հիշում երկու տարեկան տաղանդավոր նկարիչ Հովիկ Պետրոսյանին, որը երկրաշարժից 3 օր հետո ձախ ձեռքով, դեռեւս անվարժ, փլատակների հավասարված Գյումրին նկարեց։ Հովիկի համար այն ժամանակ շատերը մեծ ապագա էին խոստանում։ Ավաղ, սոցիալական անպաշտպանվածության արդյունքում նա ոչ միայն հեռացավ Գեղարվեստի ինստիտուտից, այլեւ դադարել է նկարել։ Վաղամեռիկ նկարիչ Սամվել Համբարձումյանի աղջկան՝ Աննային, եթե ձեռք չմեկնվի, կարող է նույնը սպասվել։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ