Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՊԱՑՈՒՑԵԼԻ ԵՆ

Մարտ 12,2003 00:00

ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՊԱՑՈՒՑԵԼԻ ԵՆ Քանի դեռ թեկնածուներից մեկը գործող նախագահ է, ընտրությունների արդյունքները միշտ էլ կասկածելի կլինեն Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո ՀԺԿ Վանաձորի նախընտրական շտաբում մեր այցելության պահին գործարար մթնոլորտ էր։ Ներկա էին նաեւ օտարերկրյա երկու դիտորդներ։ Շտաբի ղեկավարությունը շտապում էր տեղամասերից բերված բողոքները հասցնել ընտրատարածքային հանձնաժողովներին (Վանաձոր քաղաքն ընդգրկված է մի քանի ընտրատարածքներում)։ Ի դեպ, մինչ այցելության պահը հեռախոսային խոսակցության ընթացքում իմ այն հարցին, թե կա՞ն արդյոք բողոքներ՝ ընտրությունների հետ կապված, ՀԺԿ Վանաձորի նախընտրական շտաբի պետ Ֆրունզե Թադեւոսյանը պատասխանեց. «Մի վագոն»։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը, որոնք կարող էին ընտրության արդյունքների հարցում դեր խաղալ։ 35/1071 տեղամասում ընտրողը բացահայտել է, որ քվեատուփ է գցվել երկու քվեաթերթիկ։ 35/1029-ում «ոմն Հարությունյան ցանկանում էր ընտրել երկրորդ անգամ։ Ընդ որում, ցանկանում էր ստորագրել ուրիշի անվան դիմաց։ Կանխվեց եւ հեռացվեց»։ (Հնարավոր է, որ այդ մարդը կրկին փորձեր քվեարկել այլ տեղամասում)։ 37/1071-ում պարզվել է, որ Աղաջանյան Ղազարոսի՝ քաղաքից բացակայող ընտանիքի երեք անդամների փոխարեն կատարվել է քվեարկություն ուրիշների անձնագրերով։ «Սիվաշական» կոչվող զինվորական տեղամասում զինվորների ցուցակով քվեարկությանը մասնակցել են ինը շարքային քաղաքացիներ (որոնց թվում՝ Հադրութի եւ Հաղպատի երկու բնակչուհիներ)։ Չի բացառվում, որ վերջիններս քվեարկել են նաեւ այլ տարածքներում։ Կան նաեւ զանազան օրինախախտումներ։ 38/1085 տեղամասում հայտնաբերվել է այլ տեղամասի կնիքով քվեաթերթիկ՝ Ռոբերտ Քոչարյանի օգտին քվեարկած եւ համարվել է անվավեր։ 37/1079-ում հանձնաժողովի նախագահը հաշվման սեղանից 50 հատ քվեաթերթիկ է տեղափոխել ուրիշ սենյակ։ Երբ Դեմիրճյանի վստահված անձը նկատել է, ետ է վերադարձրել, պատճառաբանելով, թե՝ «Չգիտենք նախագահը օրենքով իրավունք ունե՞ր, թե՞ ոչ»։ Թիվ 24 դպրոցի մոտ տեղակայված Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբում ընտրողներին 1000-ական դրամ կաշառք բաժանելու պահին կարողացել են ներկա գտնվել ՀԺԿ անդամները եւ «Իրավունք» թերթի լրագրողը, որի վկայականը խլել են, սակայն հետո վերադարձրել։ «Մասսայական բնույթ է կրել իրավապահ մարմինների գիտությամբ եւ լռության պայմաններում ընտրակաշառք՝ հագուստ, սնունդ, դրամ բաժանելը։ Քաղաքի ընտրազանգվածը բաժանվել է «թաղային հեղինակությունների» եւ բարձրաստիճան պաշտոնյաների ազդեցության գոտիների»,- սա էր Ստեփան Դեմիրճյանի Վանաձորի նախընտրական շտաբի ղեկավարների եզրակացությունը, իսկ ՀԺԿ Վանաձորի քաղխորհրդի նախագահ Ֆրունզե Թադեւոսյանը մասնավորապես ասաց. «Այն, ինչ ներկայացվեց իշխանությունների կողմից որպես արդյունք, ոչ մի կապ չունի իրականության հետ»։ Շտաբ այցելող մարդկանց խոսակցության մեջ գերիշխում էր զայրույթը, հիասթափությունը ընտրությունների «նկարած» արդյունքների վերաբերյալ, սակայն լավատեսությամբ զինված մի երիտասարդ, որ հիշատակեց, թե սահմանադրականում է գտնվում Գեղամյանի բողոքը՝ ընտրությունների առաջին փուլի արդյունքների վերաբերյալ, իր զրուցակիցներին ոգեւորելու նպատակով ասաց. «Ես արդեն երրորդ փուլին եմ պատրաստվում։ Հլա ո՞ւր ե՜ք»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել