Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Մարտ 12,2003 00:00

Ո՞Վ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ 13.02.03թ. «Առավոտում» հրապարակվել է մի հոդված, որը սկսվում է հետեւյալ խոսքերով. «Վայ այն պետությանը, որտեղ կառավարում են ոչ թե օրենքը, այլ օրենքի անունից գործող դատավորները»։ Այդպես գրում է մի անձնավորություն՝ ոմն Վարդան Հայրապետյանի խնդրանքով, անտեղյակ լինելով ճշմարտությանը, այդ անձնավորության մարդկային հատկանիշների բացակայությանն ու ստոր արարքներին։ Այո, ես համաձայն եմ, որ այս երկրի դատավորները, գործելով օրենքի անունից, նման անձնավորությունից ստորաբար վերցնում են կաշառք՝ երեք անչափահաս երեխաներին անկյուն չհատկացնելու համար։ Եվ այդ «հայր» կոչվածը թերթում շատ սրտաճմլիկ աղաղակում է իր հայրական իրավունքները ոտնահարելու մասին եւ դատապարտում որոշ մարդկանց, որոնք շարժվում են (ի դժբախտություն իրեն) օրենքով։ Այդ հոդվածի պատասխանը գրում եմ միայն իմ երեխաների խնդրանքով, որոնցից 2-ը դպրոցական են, գրաճանաչ։ Ի տարբերություն իրենց հասակակիցների, հասցրել են այս կյանքում տեսնել չափից շատ դառնություն, սուտ ու կեղծիք։ Իսկ փոքրիկս, որը դեռ 5 տարեկան է, տեսնելով եղբոր ու քրոջ հուզմունքը՝ իրենց հոր հերթական ստորության ու ստի պատճառով, իր մանկական առաջին արձագանքը եղավ. «Երանի կարողանայինք փախչել մի ուրիշ տեղ, որտեղ նա մեզ երբեք այլեւս չէր գտնի ու մենք հանգիստ կապրեինք»։ Չգիտեի ինչ պատասխանեմ նրան։ Պարզ է միայն մեկ բան, որ երեխաները կորցնում են իրենց մանկությունը։ Իսկ նրանց «հայր» կոչվածի մտքովն անգամ չի անցել, թե ինչ զարմանք ու հուզմունք կապրեն երեխաները՝ կարդալով ամբողջ սուտն ու զրպարտանքը, կեղծիքն ու բամբասանքը։ Երբ 3 երեխաներիս հետ հեռացա այդ տնից (եւ նշեմ, որ այդ տնից արդեն թվով 3-րդ հարսն էի, որ հեռանում էի), նախ օրենքով պահանջեցի երեխաներիս, իսկ հետո անմիջապես դիմեցի բնակտարածության պահանջով, որը բոլոր բարոյական մարդիկ կլուծեին առանց դատարանի մասնակցության։ Արդյունքում, իմ երեխաներին՝ իրենց «հոր ծախսած խոշոր գումարների» շնորհիվ, նետեցին փողոց։ Նշեմ միայն, որ վաղեմության ժամկետը դեռ չէր անցել, իսկ երեխաներիցս երկուսը այդ տանը համասեփականատերեր են։ Ես դիմում եմ բոլոր լրագրողներին՝ օգնել ինձ եւ երեխաներիս, զերծ մնալ նման ստորություններից ու զրպարտանքներից, քանի որ սա առաջին դեպքը չէ։ Նրա չարությունը սահման չունի։ Երեխաներիս ինձ հատկացնելուց հետո, ստիպված եմ եղել բազմիցս ներկայանալ այն բաժիններ, որտեղ նա անհիմն դիմումներ էր տալիս (Էրեբունու ՆԳ բաժին, Շենգավիթի ՆԳ բաժին, Արաբկիրի ՆԳ բաժին, Էրեբունու, Արաբկիրի թաղապետարաններ)։ Նույնիսկ բողոքով դիմել էր «Փարոս» համակարգին՝ իր երեխաներին հատկացված նպաստը կտրելու պահանջով։ Եվ դա այն դեպքում, երբ նա դեռ ալիմենտ չէր վճարում, ոչնչով չէր օգնում իր երեխաներին։ Միայն հետո, ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների խստապահանջ մոտեցումից դրդված, ստիպված եղավ օրենքով սահմանված չնչին գումարը հատկացնել իր երեխաներին։ Իմ հանդեպ ունեցած վրեժխնդրությունով չսահմանափակվելով, սկսեց բազմիցս անհանգստացնել իմ ընտանիքի մյուս անդամներին։ Վրեժ էր լուծում նաեւ իր իսկ երեխաներից, որոնք տեսնելով հոր եւ նրա ընտանիքի անդամների վերաբերմունքն իրենց հանդեպ, չէին ցանկանում տեսակցել նրանց հետ։ Նրանց հոգեկան վիճակը գնալով ավելի ու ավելի էր ծանրանում, երբ «հայր» կոչվածը նրանց ստիպում էր արդեն իսկ թվով երրորդ կնոջը «մայր» անվանել։ Ամենուրեք տարածում էր, թե երեխաները սովորում են ծույլ ու վարքից շատ թույլ են, որն իրականում ունի բոլորովին հակառակ պատկերը։ Երեխաներս սովորում են գերազանց, դաստիարակված են, որը կարող են հաստատել նրանց ուսուցիչները։ Վերջերս ստիպված դիմեցի թաղապետարան՝ խնդրելով փոխել տեսակցության ժամերը, քանի որ այն նշանակված էր, երբ դեռ երեխաներս դպրոց չէին հաճախում (այն է՝ յուրաքանչյուր չորեքշաբթի եւ շաբաթ, ժամը 10-18-ը)։ Ամիսներ շարունակ նրանց հետ չտեսակցելուց եւ չհիշելուց հետո, հանկարծ հայտնվում է նույն հայրը եւ պահանջում, որ երեխաները չայցելեն դպրոց, պատճառաբանելով, որ դպրոցը չի կարողանում կրթել ու դաստիարակել նրանց։ Խոսքս 43-ն անց «տղամարդու» մասին է, որն այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ կին է իրեն պետք, եւ ինչի համար էին իրեն պետք այդ երեխաները, որոնց, ինչպես ինքն էր իր «վառ երեւակայությամբ» նշել հոդվածում՝ «հանդիպման օրերին տանում էր ջրաշխարհ, կենդանաբանական այգի, կրկես, Սեւան, հագցնում էր նորովի, խաղալիքներ գնում»։ Եվ այս բոլորի ճշմարիտ պատասխանը եղավ երեխաներիս զարմանքն ու ծիծաղը՝ կարդալով հատկապես այդ պարբերությունը։ Երեխաներիս տպավորության մեջ շատ բաներ են մնացել ու մնում։ Հատկապես լավ է հիշում ու կրկնում միջնեկ երեխաս՝ տղաս, որը պատրաստվում էր դպրոց հաճախել եւ խնդրել էր հորը պայուսակ գնել, ինչը ես դեռ չէի հասցրել անել։ Իսկ հոր պատասխանը եղել էր՝ է՞լ ինչ կուզեիր։ Համ պայուսակ գնեմ, համ ալիմենտ տամ (որը չնչին գումար է)։ Իսկ նման խնդրանք բավարարելը ցանկացած հոր համար պարծանք եւ երջանկություն կլիներ։ Վերջին տեսակցությունը, որը կայացավ 5 ամիս ընդմիջումից հետո, դեկտեմբերի վերջին օրերին էր։ Երեխաներիս համառությունը մի կերպ հանդարտեցնելով (քանի որ նա նոր ստորություն էր պլանավորում իմ հանդեպ, այն է՝ չկայանալու դեպքում 100.000 տուգանքի արժանացնել ինձ), խնդրել եմ երեխաներիս գնալ տեսակցելու։ Եվ ի զարմանս նրա, տեսակցությունը կայացավ։ Նրա նպատակը դա չէր։ 30 աստիճան սառնամանիքի պայմաններում նա երեխաներին տարավ եւ 5-6 ժամ պահել էր մեքենայի մեջ, իսկ ինքը բարձրացել տուն՝ հանգստանալու։ Երեխաներիս հետ հերթական հաշվեհարդարն են տեսել մեքենայի մեջ՝ նրա մայրը, եղբայրը, քույրը, բարեկամներն ու հարեւանները, վիրավորելով, ծաղրի ենթարկելով, իմ հասցեին անհարգալից արտահայտություններ անելով։ Արդյունքը եղավ այն, որ երեխաներս նոր տարին դիմավորեցին անկողնում, ջերմության մեջ։ Քննադատում են ինձ՝ նյութական ապահովվածության ձգտելու համար։ Իսկ ինչի՞ պետք է ձգտի 3 երեխա ունեցող մայրը, եթե ոչ նրանց մինիմալ սննդով ապահովելը։ Ստիպված այս անգամ ինքս դիմեցի Էրեբունու ՆԳ բաժին՝ պահանջելով իմ եւ երեխաներիս շահերը։ ԱՐՈՒՍՅԱԿ ԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել