Լրահոս
Օրվա լրահոսը

Էժան եւ ժամկետանց

Մարտ 12,2003 00:00

Էժան եւ ժամկետանց Լուսանկարելու պահին այս վաճառակետում աշխույժ առեւտուր էր ընթանում։ Սակայն սպառողներից ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ իր գնած պարսկական ծագման հալվայի օգտագործման ժամկետը լրացել է դեռեւս 2001-ի օգոստոսին։ «Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակում գտնվող քաղցրավենիքի վաճառակետում տիրող աշխուժությունը, ինչպես պարզվեց, պայմանավորված էր ապրանքի՝ սովորականից մի քանի անգամ էժան գներով։ Այսպես. 100 գրամ քաշ ունեցող, փաթեթավորված պարսկական արտադրության «Halva»-ն արժեր ընդամենը 50 դրամ։ Այն դեպքում, երբ այս ապրանքատեսակը շուկայից կարելի է գնել 130 դրամով, եթե այն ժամկետանց չէ։ Զարմանալի էր, որ գնորդներից գրեթե ոչ ոքի չէր հետաքրքրում «զեղչված» ապրանքների ժամկետը։ Այլ վաճառակետերի հետ համեմատելով՝ սպառողները, ստուգելով դրամապանակի պարունակությունը, գնում էին որքան հնարավոր է շատ։ Ապրանքի ժամկետը ստուգելու մեծ ցանկության դեպքում էլ նույնիսկ դժվար էր այդ անել։ Քանի որ հալվայի տասնյակ փաթեթների վրայից այն ջնջված էր։ Երկար փնտրտուքից հետո միայն գտանք հալվայի մի փաթեթ, որի անկյունում գրված էին արտադրման եւ սպառման ժամկետները։ 2001-ի փետրվարի արտադրության քաղցրավենիքը պիտանի է եղել մինչեւ 2001-ի օգոստոս ամիսը։ Ուկրաինական (համենայնդեպս, այդպես էր նշված) «Գուլիվեր» շոկոլադի թղթի վրա ժամկետը պարզապես բացակայում էր։ Ութ սանտիմետրանոց կոնֆետը (նշված չէր նաեւ քաշը) վաճառվում էր 40 դրամով։ Դրա գինը շուկայում 100 դրամ է։ Վաճառակետում առկա էին նաեւ տարբեր մրգերի համերով փաթեթավորված դոնդողներ (ժելե), սակայն այս ու այն կողմ շուռ տալուց պարզ չդարձավ, թե որտեղի արտադրանք է։ Մի բան, սակայն, ակնհայտ էր. այն, որ բոլոր ապրանքատեսակներն էլ հին ու խունացած տեսք ունեին։ Հալվայի ու շոկոլադի յուղային մասը երկար մնալուց ամբողջովին կեղտոտել էր փաթեթը։ Մինչ այդ, երբ լրագրողը (տվյալ դեպքում՝ «Առավոտի» թղթակիցը) գնորդի դերում էր, քաղցրավենիք վաճառող կինը «գովերգում» էր իր ապրանքը եւ ասում, որ դրանք շատ լավ սպառվում են, իսկ ես էլ իզուր եմ «մի-մի օրինակ առնում»։ Սիրով պատասխանեց նաեւ այն հարցին, թե ինքը որտեղից է ապրանքը բերում՝ մատնանշելով «Սուրմալու» տոնավաճառը։ Սակայն ապրանքը գնելուց հետո, երբ ներկայացա եւ կնոջը ուղղեցի հաջորդ հարցը՝ ինքը գիտե՞ արդյոք, որ ժամկետանց սնունդ է վաճառում, ձայնագրիչի առկայությամբ հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անել։ Կինն անընդհատ պնդում էր. «Ոչ մի տեղից էլ չեմ բերել, այստեղից առնում ու ծախում եմ»։ Նկատենք, որ ժամկետանց ապրանքների տեսականի ունեցող այս վաճառակետը մայրաքաղաքում եզակի չէ։ Հայաստանի շուկան գերհագեցած է անորակ, էժանագին, ժամկետանց սննդամթերքով, հատկապես՝ ներմուծված տեսականու դեպքում։ Իսկ սպառողները, իհարկե, շատ հեռու են իրազեկ լինելուց։ Արտասահմանյան լրատվամիջոցներից մեկը մի առիթով անորակ ապրանքների իրացման շուկա է համարել Հայաստանը, ուր կարելի է ներկրել ամենաէժանագինը, այն, ինչ վաղուց ոչ ոքի պետք չէ։ Մինչդեռ քաղաքակիրթ երկրներում ժամկետանց սնունդը ենթակա է ոչնչացման։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել