Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԲԱՑՎԵԼ ԵՆ «ՇՏԿՈՒՄՆԵՐԻՑ» ՀԵՏՈ»

Մարտ 12,2003 00:00

«ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԲԱՑՎԵԼ ԵՆ «ՇՏԿՈՒՄՆԵՐԻՑ» ՀԵՏՈ» Ընտրությունների արդյունքների վրա էապես ազդող ընտրախախտումներ «Ձայների վերահաշվարկը ընտրությունների արդյունքը էականորեն չի փոխի»,- այս միտքը կարգախոս դարձրած իշխանական քարոզչամեքենան շարունակում է թմբկահարել իր թեկնածուի հաղթանակը։ Եվ այն, ինչ ներկայացվում է, ամենեւին էլ ամբողջ իրականությունը չէ։ Հարյուր հազարավոր հեռուստադիտողների հրամցվում է, թե ինչպես այս կամ այն հանձնաժողովի նախագահի կամքով բացվել են Ստ. Դեմիրճյանի վստահված անձանց կողմից տվյալ տեղամասում բողոքարկված 10-15 ընտրական տեղամասերից 1-ը կամ 2-ը։ Իրականում որեւէ հանձնաժողով իրավասու չէ որոշել, թե ո՞ր տեղամասն է պետք բացել, քանի որ Ընտրական օրենսգրքի 62 հոդվածը վկայում է, որ բողոքների առկայության պարագայում հարկ է, որ բացվեն բոլոր բողոքարկված տեղամասերը եւ բացվեն անհապաղ։ Ակնհայտ է, որ ամսի 6-ին բողոքարկված տեղամասերը բացվում են ամսի 10-ին, ուրեմն «շտկումները» արվել են։ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ, փաստաբան Աշոտ Սարգսյանի ներկայացմամբ, բացված տեղամասերում էլ ամեն ինչ չէ, որ համապատասխանում է օրենքին։ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ, փաստաբան Հրայր Թովմասյանը մարտի 9-ին մասնակցել է թիվ 11 ընտրատարածքային հանձնաժողովի նիստին, որի ընթացքում հանձնաժողովը ստուգել է թիվ 0238, 0242 տեղամասերում արդյունքների համապատասխանությունը քվեարկության փաստացի արդյունքներին։ Ստուգման ընթացքում Հ. Թովմասյանի կողմից հայտնաբերվել է, որ թիվ 0242 տեղամասի ընտրական փաստաթղթերի կապոցում Ռ. Քոչարյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների կապուկով ծրարը բացված վիճակում է։ Երկու տեղամասերում էլ Ռ. Քոչարյանի օգտին քվեարկված քվեաթերթիկները կնքված են եղել տարբեր գույնի կնիքներով, իսկ Ստ. Դեմիրճյանի օգտին քվեարկածները՝ մեկ գույնով, որը նույնական էր Ռ. Քոչարյանի օգտին քվեարկածներից մեկի գույնին։ Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, թե մինչեւ կեսօր տեղամասային կենտրոնում թանաքի գույնը փոխել են, նոր թանաք են լցրել։ Ուրեմն եթե այդպես է, ստացվում է, որ մինչեւ կեսօր Ստ. Դեմիրճյանի օգտին ոչ մի ընտրող չի քվեարկել, իսկ կեսօրից հետո էլ բոլորը քվեարկել են հօգուտ Ռ. Քոչարյանի, ինչն իրոք անհեթեթ է։ Այս նույն տեղամասում հանձնաժողովը անհիմն կերպով հրաժարվել է տրամադրել 0242 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակների պատճենները, իսկ 0238-ում նույնիսկ թույլ չի տվել ծանոթանալ ցուցակներին։ Արդյունքում՝ Ստ. Դեմիրճյանի վստահված անձը հնարավորություն չի ունեցել լիարժեք մասնակցել ստուգումներին։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Ստ. Դեմիրճյանի օգտին քվեարկված 21 քվեաթերթիկ է հայտնաբերվել Ռ. Քոչարյանի օգտին քվեարկած տրցակում, հանձնաժողովը ոչինչ չի փոխել։ Հաջորդ զավեշտական դեպքի մասին։ Մարտի 6-ին Ստ. Դեմիրճյանի վստահված անձ Պավլուշ Ազիզյանը թիվ 30 ընտրատարածքի թիվ 0825 ընտրական տեղամասի ՏԸՀ-ի անդամներ Գ. Մարտիրոսյանը եւ Զ. Հովհաննիսյանը դիմում-բողոք են ներկայացրել թիվ 30 ԸԸՀ եւ բողոքարկել թիվ 0825 տեղամասի քվեարկության արդյունքները։ Դիմումում նշված է, որ Գեղարքունիքի մարզի Հացիկ գյուղի գյուղապետ Դավիթ Ղարագյոզյանը ՏԸՀ-ի կողմից քվեարկության արդյունքները ամփոփելու ժամանակ բռնի կերպով փախցրել է քվեաթերթիկները։ Ստ. Դեմիրճյանի վստահված անձը խնդրում է գլխավոր դատախազին կատարված հանցանքների համար քրգործ հարուցել։ Սակայն, որքան էլ զավեշտական է՝ այս տեղամասում, օրինակ, քվեատուփը բացելու եւ արդյունքները վերահաշվարկելու որոշում այդպես էլ չի կայացվել։ Վստահված անձ Աշոտ Սարգսյանի մեկ այլ դիմում-բողոք, ուղղված ԿԸՀ-ին, նույնչափ հետաքրքիր է։ Այսպես՝ մարտի 6-ին Ստ. Դեմիրճյանի վստահված անձինք թիվ 15 ԸԸՀ-ին են ներկայացրել դիմումներ, որոնցում բողոքարկել են թիվ 0331, 0328, 0326, 0342, 0325, 0335, 0329, 0342, 0334, 0336, 0339 տեղամասային քվեարկության արդյունքները։ Թիվ 15 ՏԸՀ-ն որոշում է կայացրել բացել միայն 0334 եւ 0331 տեղամասերը, մյուսների մասով դիմումը մերժել է։ Բայց նույնիսկ ընտրովիության սկզբունքով բացված 0331 տեղամասում հայտնաբերվել է 61 հատ քվեաթերթիկ՝ կնքված ոչ թե նույն տեղամասի, այլ ուրիշ կնիքով։ Այս փաստի բացահայտումից հետո էլ ԸՀ-ն չի շարունակել ստուգումները, գերազանցել է իր լիազորությունները, խախտելով ԸՕ-ի 62 հոդվածի 10-րդ կետի պահանջները։ Վերջում ներկայացնենք Ստ. Դեմիրճյանի վստահված անձ Աշոտ Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Թամազյանին ուղղած դիմումից մի հատված, որում առկա փաստերը արդեն լուրջ հիմք են ընտրությունների արդյունքները կեղծված համարելու համար։ Դիմումը գլխավոր դատախազին է ուղղված մարտի 6-ին, եւ նա 10 օրից պարտավոր է պատասխանել դիմումին։ Սա թերեւս ընթերցողներին կբացատրի, թե ինչ ծրարների եւ թաց կնիքների մասին են վերջին օրերի խոսակցությունները։ Այսպես՝ ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբ քաղաքացիների կողմից ներկայացրած ընտրական փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտրական կեղծիքները կրել են կազմակերպված բնույթ եւ դրան մասնակցել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը /ԿԸՀ/, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները /ԸԸՀ/, տեղամասային ընտրական հանձնաժողովները /ՏՀԸ/ եւ ոստիկանության աշխատակիցները։ ԸՕ-ի 49 հոդ. համաձայն, ԿՀԸ-ն ՏԸՀ-ների կնիքները փաթեթավորում է անթափանց փաթեթներում, առանց դրանց վրա նշումներ կատարելու զմռսում է դրանք եւ քվեարկությունից ոչ շուտ, քան 5 եւ ոչ ուշ, քան 3 օր առաջ հանձնում է ԸԸՀ172ներին, կատարելով հանձնվող կնիքների բացառապես քանակական հաշվառում։ Համաձայն ԸՕ 54 հոդվածի, քվեարկության նախորդ օրը ՏՀԸ172ի երեք անդամի կողմից ստորագրված քվեաթերթիկները եւ կնիքի փաթեթը պահվում են հատուկ չհրկիզվող պահարանում։ ԿՀԸ172ի որոշմամբ, դրանց պահպանումը հանձնված է ոստիկանությանը։ Միայն քվեարկության օրը, ժամը 8172ին ՏՀԸ-ի նախագահը հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց ներկայությամբ իրավունք ունի բացել չհրկիզվող պահարանը, հանել քվեաթերթիկները եւ փաթեթավորված կնիքը։ ԸՕ-ով նախատեսված այս կարգի նպատակն այն է, որ մինչեւ քվեարկության սկիզբը ՏՀԸ-ներին հայտնի չլինի այն կնիքի համարը, որով քվեարկության ժամանակ պետք է կնքվեն քվեաթերթիկները։ Դրա երաշխիքը այն է, որ ԿԸՀ-ի կողմից կնիքները փոստային ծրարների մեջ տեղադրելուց հետո դրանք սոսնձվեն ու զմռսվեն եւ կնքվեն ԿԸՀ-ի կնիքով։ Սակայն ՀՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախորդ օրը՝ 2003թ. մարտի 4-ի լույս 5-ի գիշերը անծանոթ քաղաքացիների կողմից ՀՀ նախագահի թեկնածու Ստ. Դեմիրճյանի նախընտրական շտաբ ներկայացվեցին սահմանված նմուշի քվեաթերթիկներ՝ ստորագրված ՏՀԸ-ի երեք անդամի կողմից եւ կնքված ՏՀԸ-ի կնիքով (կնիքի համարը ջնջված վիճակում)։ Մարտի 5-ին, ժամը 9-ի սահմաններում նախընտրական շտաբ անհայտ քաղաքացիներ ներկայացրեցին ԿԸՀ-ի կնիքով կնքված ծրարներ, որոնցում տեղադրվել եւ բաժանվել են ՏՀԸ172ի կնիքները, ընդ որում ծրարների մեջ տեղադրված են եղել ԿԸՀ-ի կնիքի մի մասով կնքված թղթի ներդիրներ, որով պետք է զմռսվեին ծրարները, եւ դրանց զմռսելուց հետո ԿԸՀ-ի կնիքը ծրարի վրա ստանում է ամբողջական տեսք։ Ներկայացնողները տեղեկություն տվեցին այն մասին, որ ԿԸՀ-ի կողմից դրանք բաժանվել են ԸԸՀ-ներին, որպեսզի նրանք իրենց հերթին դրանք բաժանեն ՏԸՀ-ներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան՝ կնիքների ծրարները բացեն, կնքեն ստորագրված քվեաթերթիկները, քվեարկեն Ռ.Քոչարյանի օգտին, բաժանեն այն անձանց, ովքեր պետք է քվեաթերթիկների լցոնումներ կատարեն քվեատուփերի մեջ։ Որից հետո կնիքները տեղադրեն ԿԸՀ-ի կողմից ՏԸՀ-ներին տրամադրված նոր ծրարների մեջ, զմռսեն ԿԸՀ-ի կնիքի մի մասով կնքված թղթի ներդիրներով, որով վերականգնվում է ԿԸՀ-ի կնիքի ամբողջությունը, եւ քվեարկության օրը հանձնաժողովի անդամներին եւ վստահված անձանց ցույց տան, թե ծրարի եւ ԿԸՀ-ի կնիքի ամբողջականությունը խախտված չեն։ Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել