ԳՆԱՑԵ՛Ք ՂԱՐԱԲԱՂ, ՊԱՐՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ Իշխանության կանխատեսումները, թե հանրահավաքները հեզհետե կմարեն, կարծես իրականություն չեն դառնում: Երեկ հանրահավաքը Մատենադարանից ձգվում էր մինչեւ Օպերա: «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ այն մեղադրանքներին, թե Տ.Նաղդալյանի սպանությունը կազմակերպել եւ իրականացրել են իր «բարեկամները»՝ նշելով. «Իշխանությունները մոռանում են, որ այդ նույն ընտանիքում Սպարապետ է ծնվել… Այո՛, մեր ընտանիքը մարտնչող ընտանիք է, պարոն Քոչարյան: Եվ ես մարտնչում եմ Ձեզ հետ, մարտնչում եմ ուղիղ ճակատից, թիկունքից մարտնչողը մե՛նք չենք, ու այդ հեքիաթները, որ պատմում են՝ ով ում բարեկամն է, ի սկզբանե անհեթեթ եմ համարում: Ձեզ չի հաջողվի որեւէ բիծ կպցնել մեր ընտանիքին»: Իսկ ինչ վերաբերում է Դեմիրճյանների ընտանիքին, ապա նա հիշեցրեց, որ այդ ընտանիքը Քոչարյանին «հաղթել» է 5 անգամ, որից 2-ը եղել են այս ընտրություններում: «5-ն արդեն թայլա է, վե՛րջ, ընդ որում՝ 5:0»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իր «հաղթանակի» մասին ԿԸՀ հայտարարությունները «հորինված» են, եւ Ա. Սահրադյանն իր կատարած խախտումների համար «դատվելու» է: Իսկ ԿԸՀ մյուս անդամներին վստահեցրեց, որ Սահրադյանն իրենց դեմ «գործ է տալու»: Ալբերտ Բազեյանն իր ելույթում եւս հիշատակեց Տ.Նաղդալյանի սպանությունը եւ վկայակոչելով Քոչարյանի հայտնի ձեւակերպումներից մեկը, թե՝ եթե չլիներ 2-րդ փուլ, ապա ինքը պետք է այն հորիներ, նկատեց. «Իշխանության տրամաբանությամբ, հավանաբար, եթե չլիներ Նաղդալյանի սպանությունը, ապա այն պետք է իշխանության կողմից հորինվեր, որպեսզի այն փորձեին կապել Ա. Սարգսյանի հետ եւ տանեին այդ ուղղությամբ»: Այնուհետեւ նշեց, որ այդ «անբարոյականությունն» արդեն անցնում է բոլոր սահմանները, քանի որ առանց նախաքննության ավարտի, դատավարության՝ իշխանության քարոզչամեքենան եւ առանձին քաղաքական գործիչներ փորձում են մեղադրանքներ հասցեագրել իրենց համար անընդունելի, ամենաակտիվ քաղաքական գործչին: «Եթե կա հանցագործություն, իրավապահ մարմինների խնդիրն է բացել դրա դրդապատճառները. այդ մոտիվները քաղաքակա՞ն էին, տնտեսակա՞ն, թե՞ անձնական կամ խանդի հողի վրա»,- հայտարարեց Բազեյանը եւ, հիշեցնելով «Լիզինի» հայտնի շահարկումները՝ նշեց, որ պատեհ-անպատեհ դեպքերում, երբ որեւէ տեղ ինչ-որ բարեկամական կապեր են լինում, իշխանություններն այն անպայմանորեն կապում են Սարգսյանների ընտանիքի հետ: Ըստ Բազեյանի, ենթադրություններով արված այդ հայտարարությունները մեկ նպատակ են հետապնդում՝ ապակողմնորոշել հասարակությանն ու մթնոլորտ ապահովել «քաղաքական հալածանքների համար»: Սակայն նա վստահեցրեց, որ իրենք նման բան թույլ չեն տա, քանի որ ցանկացած ընդդիմադիր քաղաքական գործիչ ապահովված է բոլորի կողմից, եւ իրենք պատրաստ են մինչեւ վերջ կանգնել ու պաշտպանել յուրաքանչյուրի իրավունքները: Հանրահավաքին իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց նաեւ մաեստրո Օհան Դուրյանը եւ մի շարք հարցադրումներ ուղղեց Ռ.Քոչարյանին. «Պարոն Քոչարյան, ինչի՞ եք փակում ճանապարհները՝ արգելելով, որ Հայաստանի ժողովուրդը հավաքվի եւ իր կամքն արտահայտի: Ո՞ւր տեսնված բան է: Ոչ մի երկրում, բացի Ձեզ մոտ: Դուք Ղարաբաղից եք, Ղարաբա՛ղ գնացեք: Ղարաբաղը մեր սրտին մոտ է, բայց Դուք եկաք այստեղ, որպեսզի ժողովրդին ստրկացնեք: Դրա համար ե՞ք եկել այստեղ: Շատ պարզ է, որ Դուք վախենում եք ժողովրդից, ուրիշ բան չէ: Եվ որպեսզի կարողանաք պաշտպանել Ձեր վախը՝ ժողովրդին ստրկացնում ու վախեցնում եք փշալարերով ու զորքերով»,- ազդարարեց մաեստրոն՝ վստահեցնելով, որ եթե չփակեին ճանապարհները, ապա տանիքների վրա էլ մարդիկ կլինեին: «Դուք կարծում եք՝ տարբեր ե՞ք աշխարհը խառնած Սադամ Հուսեյնից: Ո՛չ: Եթե շարունակեք սփռել վախը, Ձեզ կսպասվի միայն Չաուշեսկու ճակատագիրը»,- Քոչարյանին զգուշացրեց Օ. Դուրյանը: Իսկ Վազգեն Մանուկյանը նշեց, որ ընդդիմության վեճը ոչ թե ընտրությունների արդյունքներին է վերաբերում, այլ այն ավելի խորքային է: Նա հայտարարեց, որ այսօր նույնքան ազգային խնդիր է Քոչարյանին պատժելն ու իշխանությունից հեռացնելը, որքան 1988, 1990, 1992-94 թթ., երբ ժողովուրդը համախմբված պայքարում էր ղարաբաղյան շարժման, անկախության ու պատերազմում հաղթանակելու համար: Իսկ հետո հռետորական հարց ուղղեց, թե ո՞նց կարող է այդքանից հետո «մեկը գա ու մեր ձեռքից խլի այդ ամենը: Մի մարդ, որը ոչ մի անգամ չի ընտրվել ո՛չ Ղարաբաղի, ո՛չ էլ 2 անգամ Հայաստանի նախագահ»,- ասաց Վ. Մանուկյանն ու իր զարմանքն արտահայտեց ազգային կոչվող ՀՅԴ եւ Հանրապետական կուսակցությունների մասին, որոնք, իր իսկ խոսքերով, ոտնահարելով ժողովրդի իրավունքները, «ինչ-որ մեկին պահում են իշխանության»՝ համարելով, թե դա է ազգայինը. «Դրանից ավելի ապազգային գործարք լինել չէր կարող»,- նկատեց նա՝ նշելով, որ Քոչարյանի թիմը եւս վստահ է, որ Քոչարյանը մեկ տարուց ավելի չի դիմանա եւ որքան շուտ հեռանա՝ այդքան լավ մեր երկրի համար: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ