Լրահոս
Օրվա լրահոսը

Ասողին լսող չկա

Մարտ 11,2003 00:00

Ասողին լսող չկա «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն հերթական դիտորդական նյութերն ամփոփելով, եզրակացրել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցել է նույն «որակով», ինչ առաջինը, թեպետ «մենք կոչ էինք արել չկրկնել արձանագրված ընտրախախտումները»։ Այս անգամ դիտարկումներ են արվել ընդամենը 50 տեղամասերում։ Դարձյալ անհամաչափություն են նկատել ընտրական հանձնաժողովներում մրցակցող կողմերի անհավասար ներկայացուցչության հետ կապված։ Ավելին, երկրորդ փուլում տարբեր հանձնաժողովներ տարբեր ձեւերով (կաշառք, սպառնալիք) ազատվել են անցանկալի անդամներից ու ընտրությունները կազմակերպել հանձնաժողովների անկատար կազմով։ Ընտրացուցակների անճշտությունից մեջբերվեց մի խոսուն օրինակ. Էրեբունու թիվ 0385/17 տեղամասի ցուցակներում տեղավորել են Նոր Արեշի 50-րդ փողոցի 40 տանը գրանցում չունեցող եւ արդեն 3 տարի ԱՄՆ-ում բնակվող Գեւորգյանների անունները։ Ներկայացված ծննդյան թվականներով ստացվել է, որ ընտանիքի հայրը՝ Ս. Գեւորգյանը, հայր է դարձել 6 տարեկանում, քանի որ իր աղջիկը՝ 12-ամյա Էմման, ստացել է ընտրողի իրավունք։ Այլք՝ հասարակական կարգի պահպանման պատրվակով ոստիկանության ուժերը մի շարք տեղամասերում մասսայաբար տեղամասերից վտարել են ակտիվ վստահված անձանց, որին հետեւել է նրանց՝ ոստիկանատներ քարշ տալը։ Նման դեպքեր են արձանագրվել Էրեբունիում, Արաբկիրում, Շենգավիթում, Աջափնյակում եւ Նոր Նորքում։ Ըստ դիտորդների, լայնորեն օգտագործվել է թաղային հեղինակությունների միջոցով ընտրախախտումները կանխելու համառությամբ տրամադրված վստահված անձանց ահաբեկելու պրակտիկան։ Տարօրինակ չէ, բայց հետաքրքիր է, որ դիտորդներին տեղամասերից վտարելու դեպքերը նույնպես շատ են եղել այս անգամ։ Ավելին, ընտրությունների առաջին փուլում այս ՀԿ-ի հանդեպ ճնշումների, ահաբեկության պատճառով կազմակերպությունը որոշել էր դիտարկման «չարժանացնել» Արմավիրի մարզի ընտրատարածքները, ինչը եւ արել է։ Այլ աղբյուրներից նրանք տեղեկացել են, որ առանց իրենց էլ իրավիճակը չի փոխվել, կոպտություններն ու ոտնձգությունները կիրառվել են այլ դիտորդների նկատմամբ։ Իրենց հանդեպ կիրառված ճնշումները կազմակերպությունը չի վերագրում իր անդամների կողմնակալությանը, նրանց նվիրվածությունն իրենց առաքելությանն անկասկած է։ Բայց, ահա, լրատվամիջոցների աշխատանքը գնահատվել է կողմնակալ, թեպետ քարոզարշավի օրենքով սահմանված եթերաժամը պահպանվել է ճշտությամբ։ «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն իրենը չի համարում ձերբակալվածների համար դատարանի դերը, բայց դատապարտում է ցանկացած բռնարարք, որը կատարվում է ընտրական շրջանում, քանի որ այն զգալի դժվարություններ է ստեղծում թեկնածուներից մեկի քարոզարշավի կազմակերպման համար։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել