Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառի երկրորդ կյանքը

Մարտ 11,2003 00:00

Ծառի երկրորդ կյանքը Հայտնի արվեստագետներից մեկն ասել է. «Քանդակը հեղինակ չունի եւ ինքն է իրեն նյութականացնում՝ գտնելով Երկրի վրա մի հարմար նկարիչ»: Կարծես թե սա ասված է եղել հայ ժողովրդական արվեստի անվանի վարպետներից մեկի՝ Բագրադ Մկրտչյանի մասին: Հենց նրան է ընտրել բնությունը, որպես երգչի իր գեղեցկության… Բագրադ Մկրտչյանի ողջ ստեղծագործական գործունեությունը կապված է փայտի հետ: Ամեն մի նոր աշխատանքի համար նա ընտրում է այն միակ հումքը, որը կարող է կյանքի կոչել իր մտահղացումը: Կաղնի, տանձենի, ընկուզենի, ծիրանենի… Դեռ լինելով գեղարվեստի ուսումնարանի ուսանող, երբ առաջին քայլերն էր անում փայտի գեղարվեստական փորագրության մեջ, Բագրադը սկսեց ստեղծել ինքնատիպ սափորներ, սկուտեղներ, կուժեր, մրգամաններ, սկահակներ: Ի՞նչու հենց այս իրերը: «Սրանք առավել մոտիկ են հայ մարդու հոգուն»,- պատասխանում է վարպետը: Այն ժամանակից ի վեր Բագրադ Մկրտչյանը չի դավաճանել ինքն իրեն: Ստեղծագործական գործունեության 25 տարիների ընթացքում ստեղծել է 100-ից ավելի փայտե քանդակներ: Դրանցից ամեն մեկը անկրկնելի է, յուրաքանչյուրը մրցակցում է մյուսի հետ իր գեղեցկությամբ եւ ինքնատիպությամբ: Բագրադ Մկրտչյանն աշխատում է ամբողջական փայտի հետ: Ծառի հատկությունների եւ վարպետի մտքի ներդաշնակության արդյունքում ծնվում է քանդակը, որը պատկերում է հայրենի երկրի մի փոքրիկ հատված: Դա կարող է լինել խաղողի որթ կամ գողտրիկ մի վանք, վիթխարի տաճար կամ քամուց քշվող մի փոքրիկ տերեւ: Վարպետի արվեստանոցում կարելի է ականատես լինել իսկական հրաշքի՝ նկարչի նուրբ եւ զգայուն մատների տակ պատկերը դառնում է տարածական. վազերով սկսում է հոսել քաղցր հյութ, պտուղները լցվում են ջերմ լույսով: Վարպետի հավաստմամբ՝ գալիս է մի պահ, երբ քանդակը սկսում է շնչել, իսկ հետո ապրել իր սեփական կյանքով: Արդեն ավարտված գործը դեռ մի քանի տարի շարունակում է ձեւափոխվել. հետզհետե մգանում է փայտի գույնը, «ծառը» կարծես թե համակերպվում է կյանքի նոր պայմաններին: Նույնիսկ ինքը՝ վարպետը, որին քաջ հայտնի են փայտի շատ ու շատ գաղտնիքներ, հաճախ անակնկալի է գալիս քանդակի մետամորֆոզներից: Բագրադ Մկրտչյանն ունի աշակերտներ: Եվ առաջին դասը միշտ լինում է փայտի հենց այս զարմանահրաշ վերածննդի մասին: Արդեն երկար տարիներ է՝ ինչ Բագրադ Մկրտչյանը արժանացել է Հայաստանի ժողովրդական վարպետի կոչման: 45-ամյա նկարչի ուսերի ետեւում են տասից ավելի ցուցահանդեսներ: Վարպետի բոլոր գործերը գտնվում են մասնավոր հավաքածուներում եւ սփռված են ողջ աշխարհով մեկ՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Հունաստանում: Աշխատանքներից մեկը նույնիսկ տարվել է Տոկիո. ճապոնացիները, որպես ազգային սովորույթներ գնահատող ազգություն, ցանկություն են հայտնել իրենց մոտ ունենալ խաղողի վազերով հայկական մի սափոր: Բագրադ Մկրտչյանի բոլոր պատվիրատուները, անկասկած, վստահում են նրա ճաշակին: Ամեն մի քանդակ ծանր որոնումների մեջ է ծնունդ առնում: Ոգեշնչումը մեծ մասամբ գալիս է, երբ նա գտնվում է բնության գրկում: Այսպես ծնվեց «Մողեսը խաղողի վազի վրա» գործը: Սլացիկ կենդանու եւ նրբագեղ բույսի համակցությունը հետագայում դարձավ վարպետի խորհրդանիշը: Վերջինս առավել դուր է գալիս սփյուռքահայերին՝ հայկական պատկերներով կուժերն ու սափորները դառնում են օտարության մեջ հարազատ հողի մի փոքրիկ կղզի: ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել