Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ՏՎԵԼ ԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԸ

Մարտ 11,2003 00:00

Ո՞Վ Է ՏՎԵԼ ԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԸ Մարտի վեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Արտակ Վարդազարյանը հայտնեց, որ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով ձերբակալվել է վեց մարդ, հետախուզման մեջ է եւս երկուսը: Մարտի 7-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտարարեց հետախուզվող անձի տվյալները. Երեւան քաղաքի բնակիչ, 1955 թ. ծնված Հովհաննես Սերյոժայի Հարությունյան (մականունը՝ «Ապեր»): Ըստ երեւույթին հետախուզման մեջ գտնվող երկրորդ անձի տեղը հայտնի է եւ հնարավոր է՝ նրան արդեն ձերբակալել են: «Երկիր» օրաթերթում տպագրված տեղեկատվության համաձայն, մեղադրյալներից մեկի անունը Ջոն Հարությունյան է: Չնայած պաշտոնապես դեռ չի հայտարարվել, սակայն մենք կարողացանք պարզել, որ ձերբակալվածների մի մասը Լեռնային Ղարաբաղի բնակիչներ են: Հինգը Մարտունի քաղաքից է, մեկը՝ Հադրութից: Ընդ որում, նրանցից մեկը ներկայումս Մարտունու զինվորական դատախազության աշխատակից է, այսինքն՝ զինծառայող: Երեքը նախկինում դատված են եղել: Ձերբակալված են Տիգրան Նաղդալյանի սպանությունն իրականացրած Ջոն Հարությունյանի եղբայրը՝ Ջանիկ Հարությունյանը, Սամվել Աբրահամյանը (մականունը՝ Ցավ), Ֆելիքս Առուստամյանը (նախկինում ծառայել է բանակի հետախուզությունում), Հովիկ Ավագյանը: Վերջինս Լեոնարդ Պետրոսյանի հեռավոր ազգականն է: Իսկ ձերբակալված վեցերորդ անձի (հադրութցու) անուն172ազգանունը դեռեւս չենք կարողացել պարզել: Ցավով պետք է նշեմ, որ բոլոր ձերբակալվածներն էլ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ են: Ջոն Հարությունյանի մյուս եղբայրը՝ Ռաջիկը, զոհվել է պատերազմում: Մարտունեցիների վկայությամբ՝ Ջոնն այնպիսի ծայրահեղ աղքատ վիճակում էր, որ երեխաներին չէր կարողանում դպրոց ուղարկել՝ շոր չունեին: Ջոնն ունի 4 երեխա: Իսկ ընդհանրապես նշված հինգ անձինք էլ վատ էին ապրում մինչեւ 2003 թվականի սկիզբը: Հետո, հունվար-փետրվարին նրանց կյանքը շեշտակի փոխվեց, բոլորը ավտոմեքենաներ գնեցին: Մարտունու նման փոքր քաղաքի բնակիչներն այս ամենը չէին կարող չնկատել: Զրուցակիցներիցս մեկը պատմեց, որ Ջոնը մի անգամ մտել է իրենց աղքատ հարեւանի տուն եւ մի քանի հարյուր դոլար թողել նրանց, ասելով՝ «գնացեք, ուտելիք, բան-ման առեք»: Ջոնը դատապարտվել է մեկ անգամ անասնագողության համար: Մեր տվյալներով՝ հարցաքննության համար Երեւանում է գտնվում նաեւ Ջոնի մայրը: Ակնարկվում է, որ հանցավոր խմբի ղեկավարն ամենայն հավանականությամբ Սամվել Աբրահամյանն է՝ Ցավը: Նա երեք երեխայի հայր է, ունի երկու դատվածություն: Առաջին անգամ Մարտունու քաղխորհրդի նախագահին ծեծելու, երկրորդ անգամ՝ բանտից փախչելու եւ այդ ընթացքում աշխատողներին մարմնական վնասվածքներ հասցնելու համար: 1992թ. փետրվարին «Վիլիս» մեքենան, որի մեջ գտնվում էր նաեւ Ցավը, Ամիրանլար ադրբեջանաբնակ գյուղի մերձակայքում պայթեց ականի վրա: Նրա ոտքը կտրվեց, վնասվեց աչքը: Մարտունու քաղաքապետի վերջին ընտրությունների ժամանակ նա առաջադրել էր իր թեկնածությունը: Մեր ունեցած տեղեկություններով՝ ՏՏ մակնիշի ատրճանակը, որով սպանել են Տիգրան Նաղդալյանին, գրանցված է Մարտունու ՆԳ բաժնում, այսինքն՝ ծառայողական զենք է: Սակայն այն երկու ամիս գտնվում էր Սամվել Աբրահամյանի՝ Ցավի մոտ: Հասկանալի չէ, թե ինչպես է ծառայողական զենքը հայտնվել Սամվելի մոտ: Սակայն այս տվյալը ճշտել հնարավոր չեղավ: Զենքի մասին մեր ունեցած մեկ այլ տեղեկության համաձայն՝ այս զենքով կատարվել է մեկ այլ սպանություն: Չի բացառվում, որ այս քննությամբ բացահայտվի աղմկահարույց մեկ այլ սպանություն եւս, եւ զարգացումները կարող են անկանխատեսելի լինել: Ինչպե՞ս են իրավապահները հայտնաբերել խմբին: Մեկ ամիս առաջ Հայաստանի Գլխավոր դատախազության մի աշխատակից, խոսելով Տիգրանի սպանության բացահայտման մասին, ասում էր, որ նման հանցագործությունները կամ չեն բացահայտվում, կամ էլ անսպասելի մի տեղից դուրս է գալիս տեղեկատվություն, որի միջոցով հնարավոր է լինում դուրս գալ հանցագործի վրա: Սա, ըստ երեւույթին, հենց այդ դեպքն է: Իրավապահները պատահաբար են հայտնաբերել Տ.Նաղդալյանի սպանությունն իրականացրած խմբին: Խոսում են երկու վարկածի մասին: Ինչպես արդեն նշեցինք, խմբի անդամները վերջին երկու ամիսների ընթացքում գնել են մեքենաներ եւ անընդհատ կերուխումերի մեջ էին: Նրանց պահվածքն այնքան էր աչք ծակում, որ գրավել էր իրավապահների ուշադրությունը: Նրանց, որպես վտանգավոր տարրերի, ձերբակալել են Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ, որտեղ էլ ձերբակալվածները խոստովանել են, որ իրենք են կատարել սպանությունը: Ըստ մյուս վարկածի՝ Հովիկ Ավագյանը պարբերաբար միս էր բերում Հայաստան վաճառելու եւ, երբ նրա մեքենան պատահաբար ստուգել են մի անցակետում, հայտնաբերել են ավտոմատ եւ ատրճանակ: Հետագայում պարզվել է, որ հենց այդ ատրճանակով են սպանել Տ.Նաղդալյանին: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Ջոնիկ Հարությունյանը խոստովանել է, որ «Պայմանավորվածության համաձայն սպանությունից առաջ ստացել են փողի մի մասը, իսկ երկրորդ մասը պետք է իրենց փոխանցեին սպանությունն իրականացնելուց հետո: Սակայն այդպես էլ փողի երկրորդ մասը չեն ստացել»: Գումարի չափի մասին տեղեկությունները ճշտել հնարավոր չէ, բայց խոսքը 100 հազար դոլարի եւ նախնական վճարված 30 հազար դոլարի մասին է: Ջոնիկ Հարությունյանի հետ ես ծանոթացել եմ 1992-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղի Մարտունի շրջկենտրոնում: Քաղաքը կիսով չափ պաշարված էր: 500 մետրի վրա ադրբեջանական Ամիրանլար գյուղն էր, մի քիչ ավելի հեռու՝ Մուղանլուն, այնուհետեւ՝ Կուրոպատկինոն: Ստեփանակերտ տանող ճանապարհը, որն անցնում էր Ղարադաղլու ադրբեջանաբնակ գյուղի կողքով, փակ էր: Դեռ նոր էին սկսել ձեւավորվել Մարտունու ինքնապաշտպանական ջոկատները: Մարտունիում հայտնի էր Արտիկի խումբը: Արտիկը մասնակցել է աֆղանական պատերազմին, Ղարաբաղում մարտերից մեկի ժամանակ վիրավորվել է ոտքից, մի ոտքը մյուսից կարճ է 8 սմ-ով: Մի քանի տարի է՝ Արտիկը գտնվում է Ռուսաստանում: Ջոնիկ Հարությունյանն այս խմբից էր: Խմբում ընդգրկված տղաներն ավելի շատ հայտնի էին թմրանյութեր օգտագործելով: Մարտունիում այս խմբի հետ կապված բազում պատմություններ են եղել: 1992 թ., երբ Մոնթե Մելքոնյանը դարձավ Մարտունու ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, խնդիրներ առաջացան այս խմբի հետ: Մոնթեն կանչեց Արտիկին եւ ասաց, որ նրանք պետք է դիրքում հերթապահեն: Արտիկը պատասխանեց. «Մենք կռվող տղաներ ենք եւ միայն կռիվներին ենք մասնակցելու»: Մոնթեն էլ բարկացած ասաց. «Ինձ կռվող տղաներ պետք չեն, ինձ զինվորներ են պետք»: Հենց այս խոսակցությունից հետո էր խորացել հակասությունը Մոնթեի եւ քաղաքում անընդհատ «ռազբորկաների» մեջ գտնվող Արտիկի խմբի միջեւ: 1993-ի հունվարին խմբի տղաները գողացան Մարտունիում Արտակարգ իրավիճակների կոմիտեի ներկայացուցիչ, գնդապետ (այսօր գեներալ) Հմայակ Հարոյանի «Վիլիսը» եւ տարան Ստեփանակերտ: Այս հակասությունն այն ժամանակ չկարողացավ հարթել նույնիսկ Սամվել Բաբայանը: Մոնթեն որքան էլ պայքարեց Հ.Հարոյանին Մարտունիում պահելու համար, որեւէ արդյունքի չհասավ: Գնդապետ Հարոյանը ստիպված ժամանակավորապես լքեց Մարտունին: Արտիկի խումբը գնալով դարձավ անվերահսկելի մի կառույց: 1993-ի մայիսին Մոնթեն Ստեփանակերտի ղեկավարության առջեւ պայման դրեց՝ կամ իրեն պետք է թույլ տան զինաթափել խմբին, կամ ինքը կհեռանա Մարտունուց: Ստեփանակերտից Մարտունի եկան Զինվորական ոստիկանության աշխատակիցները, զինաթափեցին խմբին եւ ձերբակալեցին: Որոշ ժամանակ անց խմբի անդամները ազատ արձակվեցին եւ ընդգրկվեցին ինքնապաշտպանական ուժերում: Խմբի տղաները լավ կռվողների համբավ ունեին: Հրադադարից հետո տղաներից մի քանիսը մնացին բանակում, մյուս մասը զբաղմունք չուներ: Նրանք մշտապես թմրանյութ էին օգտագործում: Հաշիշն անպակաս էր նրանց մոտից: Պատերազմի տարիներին՝ 1992-ի մարտին, խմբի տղաներից մեկը, որը հետագայում մեծ չափաքանակով թմրանյութ օգտագործելուց մահացավ, մի անգամ նույնիսկ ինձ հաշիշ առաջարկեց: Սպանություն իրականացնողը, ըստ երեւույթին, պատվիրատուի մասին որեւէ բան չգիտի: Նրա հետ բանակցողը՝ միջնորդը, ամենայն հավանականությամբ, եղել է հետախուզման մեջ գտնվող Հովհաննես Հարությունյանը: Կամ վերջինս 70 հազարը վերցրել ու լքել է Հայաստանը, կամ էլ նրան էլ են արդեն վերացրել: Տրամաբանությունը հուշում է, որ պատվիրատուն ամեն ինչ անելու է մարդասպանի հետ բանակցողին վերացնելու համար: Այս դեպքում պատվիրատուն այդպես էլ անհայտ կմնա: Ո՞վ է տվել կրակելու հրամանը: Առանց այս հարցի պատասխանի հնարավոր չէ հասկանալ, թե ինչու են սպանել Տիգրան Նաղդալյանին: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am Երեկ գլխավոր դատախազության մամլո պատասխանատու Գուրգեն Ամբարյանից փորձեցինք ճշտել, թե «Ե՞րբ կհրապարակվի Տ. Նաղդալյանի նկատմամբ ահաբեկչություն իրականացրածների անունները»։ Նա պատասխանեց. «Հենց որ լինի, կասենք»։ Երբ առաջարկեցինք, որ մեր ունեցած անուն172ազգանունները գոնե հաստատի, ճի՞շտ է, թե՞ սխալ, պատասխանեց. «Ձեզ թվում է գիտեմ՝ չե՞մ ասում»։ Մենք էլ որոշեցինք հրապարակել, որ իմանաք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել