Մենք ենք, մեր կայարանցիները Այստեղ եմ ծնվել, այստեղ ընտրվել «ԱԼՄ» հոլդինգի հիմնադիր Տիգրան Կարապետյանը համաձայնել է դառնալ Ժողովրդական կուսակցության նոր առաջնորդ 2 պատճառով. նախ՝ այս կուսակցությունում արդեն կային հին կայարանցի ընկերներ, երկրորդ՝ իրեն առաջարկվել է միանգամից առաջնորդի տեղը, «թե չէ չէի գնա»։ Իսկ գնալու տեղ պարոն Կարապետյանը շատ ուներ, իրեն բազմիցս փորձել են «վերբովկա» անել, բայց՝ անհաջող։ Ըստ իրեն՝ նույնիսկ ՀՀՇ-ն է փորձել, «բայցեւայնպես, Կարապետյանը դիմացավ, չվարկաբեկվեց, կամ, կարող ա պատահի՝ թեթեւակի»։ Այժմ իր ղեկավարած կուսակցությունում ավելի քիչ մարդ կա, քան իր ղեկավարած հոլդինգում։ Պարոն Կարապետյանը կենտրոնամետ է, արդեն 8-9 տարի, եւ դա հասկացել են նույնիսկ Վոլգոգրադում։ Պետրոս Քացախյանի հիմնադրած Ժողովրդական կուսակցությունն, ըստ պարոն Կարապետյանի, հանձինս նոր առաջնորդի (սույն թվականի հունվարի 24-ից) ձեռք է բերել նախադեպը չունեցող գաղափարակիր, «որին շուտով կմիանան որոշ ուժեր»։ Առաջին հավանական «ուժը» Արտաշես Գեղամյանն է, քանի որ «նրան քցեցին ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը, ու հիմա նա այլեւս սուր ընդդիմություն չէ եւ կարող է դաշինք կազմել մեզ հետ»։ Այդ պարագայում Տ. Կարապետյանը դեմ չէ կուսակցությունում դառնալ 2-րդ դեմք, քանի որ Ա. Գեղամյանին «ես համարում եմ հայկական Լենին, նա վոժդ է, հասարակությունն էլ նրա մեջ տեսնում է առաջնորդի»։ Գեղամյանի «քցման պրոցեսը» մանրամասնելով, պարոն Կարապետյանը նշեց, որ «երբ ընդդիմությունն ընտրությունները համարեց անբարոյական, ուրեմն պիտի անվավեր ճանաչեր ու չմասնակցեր 2-րդ փուլին։ Բայց գնաց եւ այդտեղ արդեն Արտաշես Գեղամյանը չի տեղավորվում որպես լիդեր»։ Տիգրան Կարապետյանը Վոլգոգրադից Հայաստան եկել է նպատակային՝ մեծ քաղաքականություն մտնելու համար, եւ «կարիերան» արդեն սկսված է։ Նա մտադիր է մասնակցել նաեւ ԱԺ ընտրություններին, իր հարազատ կայարանի 17-րդ ընտրատարածքից։ «Եթե արժանի լինեմ պատգամավոր դառնալու, այդտեղից կընտրվեմ, այլ տեղ չեմ էլ գնա»։ Ըստ նրա, իրեն կընտրեն ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանամետ «էլեկտորատից», քանի որ ինքը բեւեռացված չէ եւ «երկու բեւեռին էլ ձեռնտու գաղափար է ժողովրդին ծառայելը»։ Հետաքրքրվեցինք, թե ովքե՞ր են ֆինանսավորելու կուսակցության «շինարարական» աշխատանքները՝ 10 գրասենյակ միայն Երեւանում եւ բազմաթիվ մասնաճյուղեր մարզերում։ «Իսկ ես աղքա՞տ մարդու տպավորություն եմ թողնում, չէ, նորմալ կտեղավորվենք, բացի այդ, ես իմ ակունքներից չեմ կտրվել, նրանք իմ կողքին կլինեն»,- ասաց Տ. Կարապետյանն ու գլխով ցույց տվեց իրեն սպասող կայարանցի ընկերներին։ Նշենք, որ պարոն Կարապետյանի հետ զրույցը ԺԿ-ի 7-րդ համագումարի ավարտից հետո էր։ Համագումարը տեւեց շատ կարճ՝ մոտ 1 ժամ։ Ներկայացվեցին կուսակցության ծրագրային նոր դրույթները, ըստ որի, ԺԿ-ն Ղարաբաղյան հարցի լուծումը թողնում է ղարաբաղցիների վրա, Հայաստանին հատկացնելով միայն տարածքի անվտանգության պահպանումը։ Իսկ Սփյուռքի հետ կապված՝ «մեր դժբախտությունը պետք է դառնա մեր առավելությունը, Հայաստանը պետք է կամուրջ լինի տարբեր քաղաքակրթությունների միջեւ»։ Պետրոս Քացախյանը առիթն օգտագործեց մանրամասն լուսաբանելու, թե ինչի համար են եւ ինչ պիտի անեն տնտեսական «օլիգարխները»։ Ըստ նրա, «դրանք այսօր ծառայում են իշխանություններին, դառնալով վաճառականական ռեսուրսներ, այնինչ, նրանք պիտի մտածեն աշխատատեղեր բացելու, տնտեսական համագործակցության համար ուղիներ փնտրելու ուղղությամբ»։ Իսկ Տիգրան Կարապետյանն իր ելույթում Ռ. Քոչարյանին սատարող կուսակցությունների վարմունքը համարեց «անբարո», որովհետեւ «դա նույնն է, ինչ անձի պաշտամունքը»։ Նրա կարծիքով, պետք է սատարել միայն ժողովրդին, իսկ «նախագահը միայն իրենցը չէ, նա նաեւ ընդդիմության նախագահն է»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ