Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՒՌՔԵՐԻ ՏԱՊԱԼՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ»

Մարտ 11,2003 00:00

«ԿՈՒՌՔԵՐԻ ՏԱՊԱԼՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ» ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանից հարցազրույց էինք խնդրել նախագահի ընտրությունների 2-րդ փուլից հետո երկրում ստեղծված իրավիճակի եւ հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ։ Պրն Դալլաքյանի խոսքը ստացվեց այնպես ամբողջական եւ համապարփակ, որ որոշեցինք հարցերը դուրս թողնել եւ հրապարակել պատասխանները միայն։ 1990 թվականից հետո Հայաստանի քաղաքական կյանքը տառապում է անօրինական ընտրությունների եւ ոչ լեգիտիմ իշխանություն ունենալու բարդույթով, չկա օրինական եւ արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք: Քաղաքական կյանքի որակի ցուցանիշներից մեկն էլ այն է, որ ընտրակեղծիքների մեքենան գնալով առավելագույնս կատարելագործվում եւ հզորանում է: Վերջին 13 տարիների ընթացքում անցկացվել են համեմատաբար օրինական 3 ընտրություններ՝ 90 /ԳԽ/, 91 /Նախագահական/ եւ 99թթ. /ԱԺ/: 1990 թվականից ՀՀ-ում ընտրական կեղծիքներ կատարած որեւէ անձ պատասխանատվության չի ենթարկվել եւ այդ անպատժելիությունը պարարտ հող է հանդիսացել ընտրակեղծիքներում մասնագիտացածների համար: Նորանկախ Հայաստանի քաղաքական համակարգի բնութագրիչներից մեկն այն է, որ կլանային տնտեսական համակարգը պայմանավորել է կլանային քաղաքական համակարգը եւ դրանք փոխկապակցված են: Տնտեսական կլանայնությունը հանգեցրել է քաղաքական կլանայնության, որն առավելագույնս դրսեւորվեց գործող համակարգում եւ առարկայացավ 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ՝ պարուրվելով նաեւ կուսակցական շապիկով: Վերջին տարիների ամենամեծ պրոբլեմներից մեկն այն է, որ իշխանությունը մշտապես փորձել է վերածնել իրեն, իշխանությունն է ձեւավորել իշխանություն, այլ ոչ թե ժողովուրդն է ձեւավորել իր իշխանությունը: 2003թ. նախագահական ընտրություններին բնորոշ ամենավտանգավոր երեւույթն այն է, որ փորձ է կատարվում ժողովրդին պարտադրել այն սնանկ գաղափարը, որ իշխանության կրողը եւ իշխանության ձեւավորման գործոնը ոչ թե ժողովուրդն է, այլ ժողովրդի փոխարեն հարցերը որոշվում են կուլիսներում: Սակայն փետրվարի 19-ը /1861 թ. փետրվարի 19-ին վերացան ճորտատիրական կարգերը Ռուսաստանում/, մարտի 5-ը /Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է/ եւ ժողովրդական հուժկու շարժումը վկայությունն են այն բանի, որ ժողովուրդը գործոն է դարձել եւ նա կարող է սկսել նախագահական ընտրությունների 3-րդ փուլը: Այդ տեսանկյունից հատկանշական է, որ դիտորդական առաքելություն իրականացնող եվրոպական հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչները դրական գնահատեցին «հասարակության շարունակական, լայն մասշտաբով մասնակցությունը ընտրական քարոզարշավում, ներառյալ խաղաղ երթերը եւ ընտրողների մեծ հետաքրքրությունը ընտրությունների գործընթացի նկատմամբ»: Այսօր Հայաստանում առկա ժողովրդական ընդվզմանը հակադրվում է փշալարի եւ բռնապետության ուրվականը: Արժե մտածել այն մասին, որ ուրվականը մեռած գոյության երեւութական եւ գոյություն չունեցողի դրսեւորումն է: Ստեղծված իրավիճակում ընդդիմությունը դատապարտված է գրագետ, հետեւողական եւ համարձակ ձեւով ղեկավարել ժողովրդական շարժումը եւ առաջնորդվել այն գիտակցությամբ, ուր վիճակը նետված է, Ռուբիկոնն անցել են եւ պատմությունն իրենց չի ների առավելագույնս մոբիլ, միասնական, վճռական եւ հետեւողական չլինելու համար: Ստեղծված պայթունավտանգ իրավիճակում, ելնելով համազգային շահերից, բարիկադների երկու կողմերում գտնվողները պարտավոր են իրավիճակի հետագա էսկալացիան կանխելուն կամ մեղմացնելուն ուղղված քայլեր իրականացնել: Այդ ռեզերվային քայլերը թերեւս դառնում են դժվար, որովհետեւ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ցավոք ընդդիմության եւ իշխանությունների միջեւ չեն ձեւավորվել քաղաքակիրթ հարաբերություններ կամ հարաբերությունների որոշակի մշակույթ՝ այդ թվում քաղաքակիրթ ճանապարհով, իշխանափոխության որոշակի երաշխիքների պարագայում իրականացնելու մշակույթը: Այդ կոնտեքստում այսօրվա քաղաքական կյանքի ամենաբնորոշ գծերից մեկը միմյանց նկատմամբ ատելության, թշնամանքի եւ ռեւանշի գաղափարների ու գործելաոճի արմատավորումն է: Ցանկացած խնդիր քննարկվում կամ մեկնաբանվում է հենց այդ հարթության վրա: Որո՞նք են իշխանությունների եւ ընդդիմության քայլերը ստեղծված իրավիճակում: Ռ.Քոչարյանը թերեւս ունի հետեւյալ քայլերը՝ 1. Հաշվի առնելով միջազգային հանրության ընդգծված բացասական վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նկատմամբ եւ բռնաճնշումներ գործադրելով ընդդիմության նկատմամբ՝ փորձել ճնշել ժողովրդական ընդվզումը: Անկասկած, սա վտանգավոր եւ չափազանց ռիսկային ճանապարհ է եւ կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանքեր: Այս տեսանկյունից հատկանշական է մասնավորապես ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցչի հայտարարության /որտեղ համաձայնություն է արտահայտվել ԵԱՀԿ-ի եւ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության տված բացասական գնահատականներին/ հետեւյալ հատվածները: «Հայաստանի ղեկավարությունը բաց թողեց կարեւոր հնարավորություն՝ զարգացնելու ժողովրդավարությունը՝ վստահելի ընտրություն անցկացնելու միջոցով: Մենք կոչ ենք անում կառավարությանը դուրս գալ ժողովրդավարական Հայաստան կառուցելու ճանապարհ, սկսելով ընտրախախտումների լիակատար եւ թափանցիկ ուսումնասիրություն, պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկում եւ այլ քայլերի ձեռնարկում՝ ուղղված հասարակական վստահության վերականգնմանը»: Այսինքն ԱՄՆ172ն արձանագրում է, որ 1) Հայաստանի ղեկավարությունը բաց է թողել ժողովրդավարությունը զարգացնելու հնարավորությունը, 2) մեր կառավարությունը Հայաստանում ժողովրդավարություն կառուցելու ճանապարհին չէ եւ պետք է դուրս գա ժողովրդավարական Հայաստան կառուցելու ճանապարհ, 3) ընտրախախտումների կազմակերպիչներին՝ պատասխանատու անձանց պատասխանատվության պետք է ենթարկել՝ այսինքն արձանագրվում է, որ այդ խախտումները կատարվել են պատասխանատուների, հետեւաբար՝ պաշտոնատարների կողմից: 2. Ռ.Քոչարյանի հաջորդ քայլն այն է, որ օգտագործելով իր ազդեցությունը ԿԸՀ-ի վրա, չեղյալ հայտարարվեն 2-րդ փուլի արդյունքները եւ նշանակեն նոր ընտրություններ: Թերեւս այս ոչ ստանդարտ քայլը /միգուցե ես անուղղելի լավատես եմ/ կարող է լիցքաթափել հասարակության մեջ ահագնացող բացասական էներգիան: Այդ դեպքում գործող նախագահը պետք է պատժի ընտրակեղծիքների եւ բռնությունների կազմակերպիչներին, հավասարակշռի ընտրական հանձնաժողովները, ապահովի ընտրությունների անցկացման իրոք հավասար պայմաններ, ազատ արձակվեն ընդդիմության ձերբակալված բոլոր ակտիվիստները եւ դրսեւորելով քաղաքական կամք՝ դառնա ազատ եւ օրինական ընտրությունների անցկացման երաշխավորը: Այս սցենարը /միգուցե այն խիստ տեսակն է/ կարող է իրականացվել նաեւ Սահմանադրական դատարանի պարագայում: Այսօրինակ ոչ ստանդարտ, համարձակ եւ ազգօգուտ քայլերի կարող է գնալ իր հայրենիքը եւ ժողովրդին իրոք սիրող նախագահը: Տվյալ դեպքում առավելագույնս բյուրեղանում եւ առարկայական է դառնում Ռոբերտ Քոչարյանի անձը, որպես Ղարաբաղյան շարժման ղեկավարներից մեկի: Գործող նախագահի անձը իր ապրած ժամանակաշրջանի նման բարդ ու հակասական է: Ընդհանրապես ուսումնասիրելով 1988թ. համաժողովրդական շարժման առաջնորդների ճակատագիրը, հանգում ենք այն եզրակացության, որ, ցավոք, մենք ապրում ենք կուռքերի փլուզման ժամանակաշրջանում: Միգուցե պատմության հեգնանքն ու քմահաճույքն է, որ Ղարաբաղյան շարժման 2 հանրահայտ զորավարներից մեկը՝ Վազգեն Սարգսյանը դավադրաբար սպանված է, իսկ Սամվել Բաբայանը կալանավորված՝ ազատագրված Շուշիի բանտում, որ շարժման առաջնորդներից նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնազրկված եւ քաղաքականապես մեկուսացված է, որ շարժման մյուս առաջնորդը՝ Վազգեն Մանուկյանը, ցավոք, այսօր արժանանում է ընտրողների 1 տոկոսից էլ պակաս քվեների, որ Ղարաբաղում շարժման մյուս ղեկավարներից Ղարաբաղի ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը սպանված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը շարժման գործում իր ունեցած ծառայություններով հանդերձ եւ ժամանակին ընկալվելով որպես Հայաստանի եւ Արցախի վերամիավորման խորհրդանիշներից մեկը, այսօր դարձել է անընդունելի ժողովրդի մի ստվար զանգվածի համար… Կարծես թե մենք ապրում ենք կուռքերի տապալման ժամանակաշրջանում եւ այդ տապալումը ոչ թե կուռքերի մեղքն է, այլ դժբախտությունը: Ընտրությունների արդյունքների հետ կապված ինչպիսի՞ քայլեր կարող է ձեռնարկել ընդդիմությունը՝ դիմել ԿԸՀ, Սահմանադրական դատարան, եւ վերջապես առաջնորդել ժողովրդական անհնազանդության տարաբնույթ դրսեւորումները: Այս տեսանկյունից հատկանշական է միջազգային հանրության այն տեսակետը, որ հայ ժողովուրդը ինքը պետք է որոշի՝ ընդունե՞լ, թե՞ չընդունել նախագահական ընտրությունների արդյունքները: Այդ դրույթը կարելի է մեկնաբանել ցանկացած կերպ: Միջազգային հանրությունը Հայաստանի ընդդիմությանը կոչ է անում ընտրությունների հետ կապված իրենց հիմնավորված բողոքներին հետամուտ լինել Սահմանադրության շրջանակներում, որը թերեւս կարելի է ընկալել վերոհիշյալ կոնտեքստում: Ակնհայտ է նաեւ, որ այսօր Հայաստանում ընթացող գործընթացները պետք է քննարկել նաեւ աշխարհաքաղաքական զարգացման միտումների հաշվարկմամբ: Բոլոր դեպքերում ստեղծված իրավիճակը խաթարում է մեր ազգային անվտանգությունը, բարդացնում ազգային հիմնախնդիրների հայանպաստ լուծումը, Հայաստանը արտաքին ճնշումների համար դարձնում է առավելագույնս խոցելի: Մասնավորապես կարող են ուժեղանալ ճնշումները ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, սառեցվեն կամ նվազեցվեն միջազգային ֆինանսական կազմակերպություններից Հայաստանին տրամադրվող օգնությունները, հնարավոր պատժամիջոցներ կիրառվեն միջազգային հանրության կողմից եւ այլն։ Իրավիճակը առավելագույնս կբարդանա, եթե Իրաքի վրա ԱՄՆ հարձակման դեպքում վերջինս Հայաստանին դիմի օդային միջանցք կամ օդակայան տրամադրելու առաջարկով, որին, ըստ ամենայնի, դեմ կլինի ՌԴ-ն։ Երկու դեպքում էլ Հայաստանը, թերեւս, կունենա լուրջ խնդիրներ այս գերտերությունների հետ։ Հանրապետությունում ստեղծված պայթունավտանգ իրավիճակում ամենամեծ ներքին սպառնալիքներն են՝ հասարակության սոցիալական բեւեռացումն ու այլասերման միտումների խորացումը, իշխանություններից ժողովրդի հիասթափության մեծացումը, հասարակության բարոյական անկումը եւ արժեքային համակարգի կաթվածահարությունը, քաղաքական համակարգի չկայացվածությունը, քաղաքական ուժերի տրոհվածությունը եւ նրանց միջեւ խորացող հակամարտությունը, գրպանային կամ կոնյունկտուրային կուսակցությունների գոյությունը, հայրենակցական միությունների քաղաքականացումը, հասարակության մեջ ահագնացող ատելության մթնոլորտը, ուժային կառույցների եւ չինովնիկության որոշակի շերտերի կոռումպացվածության պարագայում նրանց քաղաքականացումը եւ քաղաքական նպատակներով նրանց օգտագործումը, իշխանությունների կողմից մտավորականության, մանկավարժների, գիտնականների բարոյազրկման մեթոդաբար իրականացման փորձերը, որոնք առավելագույս դրսեւորվեցին նախագահական ընտրությունների ժամանակ՝ պատվիրված ելույթների եւ պարտադրված հանրահավաքների տեսքով: Այսօրինակ իրավիճակում քաղաքականության մեջ անթույլատրելիորեն վճռորոշ դերակատարություն կարող են ունենալ բռնության եւ լյումպենի գործոնները: Եթե ի մի բերենք 2003թ. նախագահական ընտրությունների կոնֆիգուրացիան, ապա այն կունենա հետեւյալ պատկերը՝ քաղաքական վերնախավ + տնտեսական մաֆիա /որի ստվերային գումարները ներդրվեցին ընտրությունների կազմակերպման մեջ/ + չինովնիկների եւ ուժային կառույցների կոռումպացված հատված + հանցագործ աշխարհ եւ թաղային հեղինակություններ + կաշառված ընտրական հանձնաժողովներ + ընտրությունների կուսակցական շիրման: Այս կոնֆիգուրացիայով եւ նախագահական ընտրությունների սցենարով կարող են տեղի ունենալ նաեւ մոտակա խորհրդարանական ընտրությունները (դրա ակնարկը օրերս արվեց), որի արդյունքում այսօր Հայաստանում շրջող բռնապետության ուրվականը միս ու արյուն ստանալով կռեանիմացվի: Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ այդ թվում քաղաքական այլընտրանքի անհրաժեշտությունը, ընդդիմադիր գործիչների ժողովրդականությունը, ընտրակեղծիքների դեմ համատեղ պայքարի հրամայականը, նախագահական ընտրությունների ընթացքում կուտակված փորձը, ընտրական հանձնաժողովներում ներկայացվածությունը, թերեւս իմաստ ունի, որ ընդդիմադիր 16-ի դաշինքը /առանձին բացառություններով հանդերձ/ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցի միասնական ընտրացուցակով՝ դաշինքը, օրինակ, կոչելով «Միասնություն +»: Միասնությունը եւ համախմբվածությունը անհրաժեշտ են հատկապես այն պարագայում, երբ իշխանամետ ճամբարը խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ըստ ամենայնի, հանդես կգա առանձին-առանձին չորս թիմերով (ՀՅԴ, ՀՀԿ, ՕԵ, այսպես կոչված՝ օլիգարխներ) եւ տարաբնույթ դաշինքներով, որոնք միմյանց հետ լրջորեն կմրցակցեն ԱԺ-ում առավելագույնս ներկայացված լինելու համար։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո Հայաստանում ստեղծվել է մի յուրօրինակ իրավիճակ, երբ քաղաքական հետագա զարգացումների, պետության ճակատագրի եւ ապագայի, ժողովրդավարական գործընթացների որակի եւ ուղղվածության վրա վճռական ազդեցություն կարող է ունենալ Սահմանադրական դատարանի գործոնը: Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթօրյա ժամկետում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկությունից ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում, իսկ բողոք լինելու դեպքում` ոչ ուշ, քան 6 օր հետո պաշտոնապես հրապարակում է ընտրությունների վերջնական արդյունքները: Հետեւաբար (քանի որ այդօրինակ բողոքներ կան) վերջնական արդյունքների պաշտոնական հրապարակման վերջին ժամկետը մարտի 11-ն է: Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարան կարելի է դիմել մարտի 11-ից մինչեւ 18-ը: Հավելեմ, որ Սահմանադրության 102 հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահի ընտրությունները ճանաչելու մասին որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (9-ից 5-ի), այդ որոշումները վերջնական են, վերանայման ենթակա չեն եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Եթե նկատի ունենանք ժողովրդական լայն զանգվածների հուժկու ելույթները, հանրահավաքները, երթերը եւ այդօրինակ մասսայական այլ միջոցառումները, զանգվածային ընտրակեղծիքների եւ բռնությունների իրողությունը (որն արձանագրվեց միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից), միջազգային հանրության աջակցությունը ժողովրդի օրինական պահանջներին, ինչպես նաեւ գործող նախագահի լիազորությունների ավարտման փաստը (ապրիլի 10), ապա Սահմանադրական դատարանն ունի եզակի շանս՝ ընդունելու արդարացի, ազգօգուտ, բարոյական եւ հասարակությունը լիացքաթափող որոշում: Այսպիսով, ՀՀ Սահմանադրական դատարանից եւ նրա նախագահից է կախված, թե ի՞նչ ճանապարհով կգնա Հայաստանը 21-րդ դարում՝ բռնապետակա՞ն, թե՞ ժողովրդավարական: Այդօրինակ զարգացումների պարագայում Սահմանադրական դատարանը, մասնավորապես՝ նրա նախագահը, կարող են դառնալ նաեւ քաղաքական լուրջ գործոն: Սահմանադրական դատարանի կողմից Հանրապետության նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու դեպքում (երբ ապրիլի 10-ին լրացած կլինեն նաեւ գործող նախագահի լիազորությունները), սահմանված կարգով կանցկացվեն նոր ընտրություններ` թեկնածուների նոր առաջադրմամբ: Այդ պարագայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամկետները որոշակիորեն կարող են համընկնել: Եթե Սահմանադրական դատարանը անվավեր ճանաչի նախագահական ընտրությունները գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո (ապրիլի 10), ապա Սահմանադրության 60 հոդվածի համաձայն «Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչեւ նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության նախագահի պարտականությունները կատարում է ԱԺ նախագահը, իսկ եթե հնարավոր չէ` վարչապետը»: Ցավոք, գործող ընտրական օրենսգիրքը մեկնաբանելի է թողել այն հարցը, թե Սահմանադրական դատարանի կողմից Հանրապետության նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու դեպքում նոր ընտրությունների անցկացումը ինչպիսի ժամկետներում պետք է տեղի ունենա: Ընդդիմության համար Սահմանադրական դատարանին դիմելու ճանապարհը որոշ առումով միգուցե ռիսկային է, որովհետեւ Սահմանադրական դատարանը կարող է վավեր ճանաչել ընտրությունները: Վերոհիշյալ վերլուծությունը թերեւս վերաբերում է նաեւ Ա.Գեղամյանի բողոքարկմանը: Ի դեպ, կա տեսակետ, որ Ս.Դեմիրճյանի հաղթանակի դեպքում կարող էր օգտագործվել ռեզերվային տարբերակը՝ առաջին փուլը անվավեր ճանաչելու վերաբերյալ Ա.Գեղամյանի Սահմանադրական դատարան դիմելու փաստը եւ փորձ կատարվեր երկրորդ փուլը ճանաչել անվավեր: ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել