Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ

Մարտ 11,2003 00:00

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ «Հայաստանում տեղի են ունեցել կասկածելի ընտրություններ, որոնց արդյունքը կարող է չճանաչվել միջազգային հանրության կողմից»,- գրում է ռուսական «Կոմերսանտ»-ն իր 7-ը մարտի համարում: Այդ օրաթերթի հատուկ թղթակից Վիկտոր Պանյուշկինը զուգահեռներ է տարել Հայաստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի միջեւ, կարծիք հայտնելով, թե այդ «երկրների ղեկավարներն ամեն գնով ձգտում են կառչել իշխանությունից»: Պետք է ասել, որ այս հրապարակումը գրեթե բացառություն է Հայաստանի նախագահի ընտրության վերաբերյալ ռուսական մամուլի արձագանքներում: Ընդհանուր առմամբ, գերակշռում են ի նպաստ Ռոբերտ Քոչարյանի հրապարակումները: Սակայն ինչպես ԱՊՀ դիտորդների գնահատականն է տարբերվում Եվրոպայի եւ ԱՄՆ-ի գնահատականներից՝ այնպես ռուսականից տարբերվում են զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրների լրատվամիջոցների արձագանքները Հայաստանի ընտրություններին: «Ֆայնեյշըլ թայմսի» հրապարակման վերնագիրն է՝ «Բողոքներ Հայաստանում խախտումներով անցած ընտրությունների շուրջ»: Թերթի գնահատմամբ՝ «Վերջին տարիների նախագահական ընտրարշավներից ամենալարվածն էր եւ այն հետխորհրդային 3 միլիոնանոց պետության կայունության շուրջ հարուցում է մտահոգություններ»: «Լոս Անջելես թայմսը» գրում է՝ «Միջազգային դիտորդները սուր քննադատեցին Հայաստանի նախագահի ընտրությունում բռնարարքների եւ լայնորեն տարածված լցոնման երեւույթները: Ընդդիմության տասնյակ հազարավոր աջակիցներ ցույցեր անցկացրին՝ ի նշան բողոքի»: «Զյու դոյչե ցայտունգ»-ը նույնպես հաղորդել է ընտրախախտումների վերաբերյալ ընդդիմության բողոքների մասին. «Նախագահ Քոչարյանը, որ երկիրը վարում է ավտորիտար ոճով, ընտրության երկրորդ փուլից առաջ խոստացել էր կայունության նոր շրջան ապահովել երկրում»: «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայտունգը» մատնանշելով կեղծիքներով անցած երկրորդ փուլի մասին՝ տարակուսանք է հայտնել, թե վերջին 10 տարիներին մեծ արտագաղթ ապրած Հայաստանում հազիվ թե լինի 2,3 մլն բնակչություն. «Այնինչ այդ թիվը հայտարարվել է որպես ընտրազանգվածի թիվ»: Թերթը նաեւ նշում է. «Դեռեւս անորոշ է, թե արդյոք Քոչարյանի հաղթանակից հետո Հայաստանում թեժացած քաղաքական մթնոլորտը կհանդարտվի՞, թե՞ կվերածվի ներքին քաղաքական ճգնաժամի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել