Ոչ միայն Եվրոպան «Ինչո՞ւ եք մեզ մոտենում նույն չափանիշներով, որոնք գործում են, ասենք, Հոլանդիայում: Չէ՞ որ մեր, հայերիս, մենթալությունն ուրիշ է՝ մենք վայրենի ենք, սուտասան ենք, անհանդուրժող ենք եւ, հետեւաբար, քաղաքակիրթ ընտրություններ չենք կարող անցկացնել: Դուք պարտավոր եք զիջումներ անել ձեր գնահատականներում՝ հաշվի առնելով մեր վայրագությունը»,- այդպիսի արդարացումներով եւ կշտամբանքներով են դիմում իշխանության ներկայացուցիչներն ու քարոզիչները եվրոպացի դիտորդներին, քանզի գտնում են, որ Հայաստանում անցկացված ընտրությունները չէին համապատասխանում եվրոպական ստանդարտներին: Մեր իշխանության այդ դիրքորոշումը խոցելի է երկու առումով: Նախ՝ խիստ կասկածելի է, որ հայերն իրենց մշակույթով եւ քաղաքակրթությամբ զիջում են որեւէ եվրոպական ազգի: Եթե հակառակը պնդելը «հայրենասիրություն» է, ապա՝ շատ տարօրինակ: Երկրորդ՝ եվրոպական չափանիշները, ինչպես թառափը, չեն լինում «առաջին կամ երկրորդ թարմության»: Դրանք մեկն են՝ Հայաստանի եւ Հոլանդիայի դեպքում: Բայց եկեք մի պահ համաձայնենք պաշտպանության նախարարի տեսակետի հետ եւ ընդունենք, որ քվեաթերթիկներ լցնելը, ընդդիմության ներկայացուցիչներին տեղամասերից բռնությամբ դուրս անելը եւ արձանագրություններում սուտ թվեր նկարելը հին ասիական ավանդույթ է, որը հատուկ է տարածաշրջանի վայրի ցեղերին: Բայց դա էլ է կասկածելի, քանի որ կա մեր անմիջական հարեւանների փորձը: Անցած տարի Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխանությունը շեշտակի պարտություն կրեց՝ իր տեղը զիջելով Էրդողանի ազգայնական կուսակցությանը: Մեր մյուս հարեւան Իրանը, որը չի ընդունում արեւմտյան արժեքները, նույնպես անց է կացնում արդար ընտրություններ: Իրանի ներկայիս նախագահ՝ դոկտոր Խաթամին ընտրված է 1997-ին այլընտրանքային սկզբունքով, եւ այն ընտրություններում բացարձակապես իշխանությունների ֆավորիտը չէր: Այնպես որ, խնդիրը ոչ այնքան եվրոպական չափանիշներն են, որքան իշխանության եւ քաղաքական վերնախավի խոհեմությունը, այն գիտակցությունը, որ առանց ժողովրդի քվե ստանալու հնարավոր չէ երկիր ղեկավարել: Այդ պատճառով էլ գերադասելի է դառնում խաղաղ, քաղաքակիրթ իշխանափոխությունը, քան զոռով, ծեծուջարդով իշխանության վերարտադրումը: Հայաստանի անկախության տարիներին մեր իշխանությունը նման խոհեմություն դեռ ոչ մի անգամ չի դրսեւորել: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ