ԱՅՔԵՐԸ ՍՏԻՊՎԱԾ Է ՀԱԿԱԴԱՐՁԵԼ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերին մասնավոր զրույցներում անվանում էին Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ: Մազ է մնում, որ այս գնահատականը հնչի նաեւ բարձրաձայն: Թեեւ կարելի է ասել, որ այն անուղղակի արդեն իսկ հնչեցվել է ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի կողմից, որը թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է, թե ԵԱՀԿ դիտորդները մոռացել են. «Դիտորդը ընտրական գործընթացին մասնակից չի կարող լինել՝ նա պետք է լինի բացարձակապես չեզոք դերում: Ցավոք, իրենք դարձան ընտրություններին մասնակից՝ ընդդիմության հետ իրենց հարաբերություններով եւ ընտրությունների ընթացքում իրենց արած որոշ հայտարարություններով եւ մեկնաբանություններով»: Սակայն դիտորդների մեկնաբանությունները պարունակում էին քննադատություն նաեւ ընդդիմության հասցեին, որ հնարավորություն էր տալիս իշխանամետ գործիչներին եւ լրատվամիջոցներին ներկայացնել հայտարարությունների միայն այդ հատվածները: ԿԸՀ-ի իսկ հրավիրած միջազգային դիտորդների գլխին այս օրերին իշխանության ճամբարից լուտանքի այնպիսի հեղեղ է թափվում (Այքերի դեմքի «վերամբարձ ու քամահրական» արտահայտությունից մինչեւ հիշեցումներ, թե ԱՄՆ նախագահի ընտրության ընթացքում Ֆլորիդա նահանգում էլ են եղել խախտումներ), որ Տիգրան Թորոսյանի ասածը կարող է թվալ մեղմ կշտամբանք: Թերեւս այս ամենի պատասխանն էին Պիտեր Այքերի հարցազրույցները մարտի 8-ին՝ «Ազատություն» ռ/կ-ին եւ 9-ին՝ «Շանթ» հեռուստաընկերությանը: Նախ մեջբերենք մի պատասխան, որն անուղղակի առնչվում է չեզոքության խախտման եւ ընդդիմության հետ ջերմ հարբերությունների վերաբերյալ մեղադրանքներին: «Շանթին» Պիտեր Այքերն ասաց, որ ստուգել են ցանկացած տեղեկատվություն՝ որեւէ մեկը հալած յուղի տեղ չեն ընդունել: Իսկ «Ազատությանը» պատմեց, թե իրենք շատ տարբեր բաներ են լսել ե՛ւ գործող իշխանությունից, ե՛ւ իշխանության ձգտող կողմից. յուրաքանչյուրը փորձել է ապացուցել սեփական իրավացիությունը: Սակայն այս ամենով հանդերձ՝ եզրակացությունն արված է միայն դիտորդների տեսածների, իսկ վերլուծությունը՝ սեփական ուսումնասիրությունների հիման վրա: «Մենք շատ զգույշ էինք եւ ոչինչ չենք ներառել հաշվետվության մեջ, եթե ինքներս հնարավորություն չենք ունեցել ստուգել դա»,- ասաց Այքերը «Շանթին»: Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավար Սերժ Սարգսյանն ասուլիսում հայտարարել էր. «Դիտորդները եղել են բազմաթիվ տեղամասերում եւ դրանց 87%-ում որեւէ պրոբլեմ չեն արձանագրել: Նրանք խնդիր են ունեցել դիտարկած տեղամասերի 13%-ում: Եվ այդ 13%-ի խնդիրները դարձրել են իրենց զեկույցի հիմք»: Այս առնչությամբ պրն Այքերն իր երկու հարցազրույցներում էլ ասաց, թե անգամ նման մեկնաբանության դեպքում՝ «սա բավականին բարձր տոկոս է ընտրության համար: Այսինքն՝ 13%-ում խախտումներ հայտնաբերելը փոքր թիվ համարել չի կարելի: Հատկապես՝ որ խախտումների տոկոսն ավելի բարձր էր ձայների հաշվարկի գործընթացի ընթացքում»: Նա նշեց նաեւ, որ իրենք եղել են ընդամենը 800 ընտրատեղամասում եւ յուրաքանչյուրում մնացել են ոչ ավելի, քան կես ժամ: Եվ այդ ընթացքում անգամ նրանց աչքից չեն վրիպել ընտրությունների ոչ ժողովրդավարական դրսեւորումները: Ամենաաղաղակողն, իհարկե, քվեատուփերը քվեաթերթիկներով լցնելու բազմաթիվ հաստատված դեպքերն են, որ առանձնակի մտահոգություն են պատճառել ականատես դիտորդներին: Մեղադրանքներ եղան, թե որոշ ընտրատեղամասերում դիտորդները փորձել են մասնակցել ձայների հաշվարկմանը եւ գերազանցել իրենց լիազորությունները: Այքերն ասաց, թե իրենց չեն հասել նման բողոքներ: «Շանթը» նրան տեղեկացրեց, թե որոշ ընտրատեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքում առանձնապես ոչինչ չի հայտնաբերվել, պահպանվել են նույն թվերը: «Մի կողմից՝ դա շատ լավ նորություն է,- արձագանքեց Այքերը:- Սակայն որոշ դեպքերում՝ իրավիճակն ավելի բարդ կարող է լինել: Օրինակ՝ եթե տեղի է ունեցել քվեատուփի լցոնում, եւ վերահաշվարկվում է այդ քվեատուփի պարունակությունը, միեւնույն է՝ դուք վերահաշվարկում եք լցոնված քվեաթերթիկները»: Ըստ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՀԿ դիտորդները քաջածանոթ չեն հայկական մենթալիտետին եւ իրականությանը. «Եվրոպական դիտորդներն ապրում են մի հասարակության մեջ, որտեղ իրենց որոշակի պատկերացումներն ունեն ժողովրդավարութան մասին եւ իրենց կանոնները: Իսկ մենք, համենայն դեպս՝ ԱՊՀ-ում, ունենք մեր պատկերացումները»: Պիտեր Այքերն «Ազատությանն» ասաց. «Ես չեմ կարող մեկնաբանել, թե ով ավելի լավ գիտի Հայաստանի մենթալիտետը: Բայց ես կարող եմ ասել, որ Հայաստանը համաձայնել է համապատասխանել ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի չափանիշներին՝ միանալով այդ երկու կազմակերպություններին եւ մենք պետք է գնահատենք Հայաստանին այնպես, ինչպես ցանկացած այլ երկրի»: Հավելենք, որ «Շանթին» տված հարցազրույցում նա հայտնեց, թե ԵԱՀԿ չափանիշները միասնական են հավասարապես բոլոր երկրների ընտրությունների համար եւ հիշեցրեց, որ Հայաստանն իր հոժար կամքով է մտել Եվրախորհուրդ. «Հայաստանը հնարավորություն ունի անցկացնել ժողովրդավարական ընտրություններ եւ պատճառներ չկան Հայաստանը գնահատել ավելի ցածր չափանիշներով, քան այլ երկրները»: ԱՊՀ դիտորդների եւ իրենց գնահատականների տարբերությունն այսպես պատճառաբանեց. «Առաջին հերթին՝ մեր թիմը շատ ավելի մեծ էր, քան իրենց թիմը: Մենք ունեինք մոտ 200 դիտորդ, իսկ նրանց դիտորդների քանակը մոտ 25-ն էր: Այդպիսով՝ մենք հնարավորություն ենք ունեցել ավելի շատ տեղամասեր դիտարկել, քան նրանք»: Այժմ փորձեր են արվում դիտորդական առաքելությունների տրամագծորեն հակադիր եզրակացությունները բացատրել աշխարհաքաղաքական խաղերով: Ըստ Տիգրան Թորոսյանի՝ ԵԱՀԿ դիտորդները զուտ դիտորդական առաքելություն չէ, որ իրականացնում են «Առկա են նաեւ հեռահար քաղաքական նպատակներ»: «Շանթի» հարցադրմանն ի պատասխան, թե ենթադրվում է, որ Հայաստանում բախվում են Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերը եւ դիտորդական առաքելություններն առաջնորդվում են այդ շահերով՝ Պիտեր Այքերն ասաց. «Ոչ, չեմ կարծում: Ես դրան համաձայն չեմ: Մեր թիմում էլ կային դիտորդներ, որոնք եկել էին ԱՊՀ երկրներից: Մենք ունեինք մոտ 20 դիտորդ ԱՊՀ տարբեր երկրներից, որոնք օգնեցին մեզ գնահատել այս ընտրությունները: Օրինակ, ունեինք դիտորդներ Մոլդովայից, Ուկրաինայից եւ նույնիսկ Վրաստանից եւ Բելոռուսիայից»: Այնպես որ՝ «աշխարհաքաղաքական» վարկածի հեղինակները հարկադրված են այլ՝ տեղական պատճառներ գտնել. գուցե կանգ առնեն այն տարբերակի վրա, որ եվրոպացիներն ունակ չեն հասկանալ հայի մտածողությունը: Ի դեպ, երկրորդ փուլից հետո եւս ԿԸՀ-ն հապաղում է ներկայացնել ընտրատեղամասերի արդյունքներն ըստ տեղամասերի: Եվրոպական դիտորդների համար անհասկանալի է, թե ինչու այդ վիճակագրությունը չի ներկայացվում հանրությանը: «Ես հույս ունեի, որ նրանք դա կանեն քվեարկությունից անմիջապես հետո»,- ասաց պրն Այքերը: Այդ տվյալների ուսումնասիրությունն առաջին փուլում հիմք եւ ապացույց դարձավ դիտորդների եզրակացության համար: Եվ այժմ էլ են նրանք սպասում այդ տվյալներին՝ իրենց վերջնական գնահատականը հրապարակելուց առաջ դրանք եւս ուսումնասիրելու համար: Պիտեր Այքերը նաեւ խոստացավ, թե վերջնական զեկույցում հաշվի են առնելու ՍԴ-ում ընտրության արդյունքի բողոքարկման գործի քննությունը եւ այն բոլոր զարգացումները, որ տեղի կունենան այս ամսվա ընթացքում: