Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԿՐԵՏ ԽՈՍԵՆՔ

Մարտ 11,2003 00:00

ԿՈՆԿՐԵՏ ԽՈՍԵՆՔ Անցած օրերի ընթացքում մեզ հաջողվեց առավել մանրամասններ ճշտել ՀՀ նախագահական ընտրությունների մասնավորապես երկրորդ փուլում տեղի ունեցած առանձին տեղամասերից ստացված օրինախախտումների մեկ-երկու կոնկրետ փաստի վերաբերյալ: Խոսքը նախ Երեւանի թիվ 054 եւ 056 տեղամասերում տեղի ունեցած քվեարկության մասին է: Այստեղ քվեարկել են Ռազմական ակադեմիայի կուրսանտներն ու սպաները: Նրանցից մեկը, որը, բնականաբար, չցանկացավ իր անունը հրապարակել, պատմեց, որ ընտրությունների առաջին փուլում իրենց բաժանվել էին Ռոբերտ Քոչարյանի օգտին արդեն քվեարկված քվեաթերթիկներ, եւ ուսանողներին ու սպաներին մնում էր միայն այդ քվեաթերթիկները գցել քվեատուփի մեջ: Սակայն առաջին փուլում Ակադեմիայի կուրսանտների մի ստվար հատվածն այդ քվեաթերթիկների վրա լրացուցիչ նշումներ էին արել՝ դրանք դարձնելով անվավեր: Երկրորդ փուլում, ըստ մեր աղբյուրի, քվեարկության տակտիկան փոխվել էր: Կուրսանտներին ու սպաներին բաժանվել էին սեւ գրող գրիչներ՝ քվեարկությունը վերահսկելու համար: Բայց մարդիկ սրանով էլ չէին բավարարվել ու պահանջել էին քվեաթերթիկում նշում անելուց հետո ցույց տալ ու նոր գցել քվեատուփի մեջ: Նույն աղբյուրի ասելով, այս տեղամասերում քվեարկել են նաեւ Ակադեմիայի անչափահաս՝ 1-ին կուրսում ուսանող շուրջ 200 կուրսանտներ, ովքեր քվեարկել են իրենց զինվորական գրքույկներով: Մեր ձեռքի տակ կա նաեւ 2 «արձանագրություն», որոնք արտացոլում են թիվ 30 ընրատարածքի՝ Արագածավանի թիվ 0841 եւ 0842 տեղամասերում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Ըստ այդմ, մասնավորապես՝ թիվ 30/ 0841 տեղամասում ընտրական հանձնաժողովի 9 անդամների՝ ներառյալ նախագահ Ա.Հովհաննիսյանի, ստորագրությամբ արձանագրված է, որ «թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թվից»՝ 1213-ից, Ստ.Դեմիրճյանը ստացել է 788 քվե, Ռ.Քոչարյանը՝ 425: Երկորդ տեղամասում՝ թիվ 30/0842-ում, թեկնածուների օգտին տրված 1258 ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Ստ.Դեմիրճյան՝ 782, Ռ.Քոչարյան՝ 476: Այս արձանագրությունն էլ ստորագրված ու կնքված է պատշաճ կարգով՝ տեղամասի հանձնաժողովի, այդ թվում՝ նախագահ Մանյա Սարգսյանի եւ նրա տեղակալ Գոռ Հովհաննիսյանի ստորագրությամբ: Ամբողջ խնդիրն այն է, որ հիշյալ երկու տեղամասերի արդյունքները խեղաթյուրվել են արդեն ԿԸՀ-ում: Ըստ վերջինիս տված տեղեկանքի, թիվ 30 ընտրատարածքի հիշյալ երկու տեղամասերում էլ նախ ավելացվել է թեկնածուների օգտին տրված ձայների թիվը՝ կազմելով համապատասխանաբար 1239 եւ 1306 ընտրող, ապա՝ թիվ 0842 տեղամասի «արդյունքի» հաշվին ավելացվել Քոչարյանին բախշված ձայների թիվը: Այսինքն՝ թիվ 0841 տեղամասում Ստ.Դեմիրճյանի եւ Ռ.Քոչարյանի ստացած քվեները մնացել են նույնը, իսկ ահա մյուս տեղամասում Ստ.Դեմիրճյանի ստացած քվեները պակասեցվել են՝ 782-ը դարձնելով 255, իսկ Ռ.Քոչարյանի ստացած 476 ձայնը սարքել, ոչ ավել, ոչ պակաս, 1045: Արդյունքում հիշյալ երկու տեղամասերում միասին վերցրած Ստ.Դեմիրճյանին բաժին է ընկել իրեն քվեարկածների միայն 35 տոկոսը, իսկ Ռ.Քոչարյանինը ճոխացվել է հավասարվելով 80 տոկոսի: Սրանք, անշուշտ, այն առանձին դեպքերից մեկ-երկուսն են, որոնք ավելի մեծ թիվ են կազմում Ստ.Դեմիրճյանի նախընտրական շտաբում կուտակված արձանագրությունների, դիմում-բողոքների տեսքով: Իսկ մինչ ընդդիմությունն աշխատում է դրանք ի մի բերելու եւ ՍԴ-ին ներկայացնելու ուղղությամբ, Ռոբերտ Քոչարյանը ուշացումով, բայց ստանում է Արեւմուտքից եկող առաջին ու զգուշավոր շնորհավորանքը՝ վերընտրվելու կապակցությամբ: Դիտորդների մեկնաբանությամբ, երեկ Քոչարյանին ուղղված Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի շնորհավորանքը աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի: Թե ինչ է դա ենթադրում, կխոսենք վաղը: Որ արեւմտյան այլ պետություններ առայժմ չեն շտապում նման նախաձեռնություն հանդես բերել, թերեւս, կարելի է բացատրել Եվրախորհրդում ՀՀ-ում կայացած ընտրությունների հարցի քննարկման նախապատրաստության հետ: Իսկ ահա ինչով բացատրել, որ Քոչարյանի «վերընտրությունը» դեռեւս չեն շնորհավորել ու ընտրությունների վերաբերյալ համապատասխան հայտարարություններով հանդես չեն եկել նրան սատարող ու տեղի ունեցած խայտառակ ընտրությունների պատասխանատվությունը կրող քաղաքական ու հասարակական կազմակերպությունները՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Օրինաց երկիր», ՀՌԱԿ, «Հաղթանակ» եւ այլն: Նրա՞նք ինչի են սպասում: Հավանաբար, իրադարձությունների զարգացումներին՝ ակնկալելով ընտրությունների նկատմամբ Արեւմուտքի ավելի բարեհաճ վերաբերմունքը, ցասումի ու վրդովմունքի համաժողովրդական ալիքի անկմանը, ու, ի վերջո, Քոչարյանի իշխանության անվտանգ հաստատագրմանը: Հետո նրանք կշնորհավորեն ու նախագահական ընտրությունների ոգով կլծվեն գործի՝ այս անգամ խորհրդարանական ընտրություններում «բեսպրեդելն» ու «հուպ տվոցին» շարունակելու համար: Հուսանք, մեր ժողովուրդն այս կեղծարարների հույսն ի դերեւ կանի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել