Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում գործ ունենք

Մարտ 08,2003 00:00

Դատարանում գործ ունենք Երեւանի Կենտրոն եւ Նորք -Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում լսվեց ՀՀ Կենտրոնական բանկի հայցն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի՝ հրապարակված տեղեկությունները հերքելու պահանջի մասին։ Մասնավորապես, ըստ հայցադիմումի, «Առավոտ» օրաթերթի 11.02.2003 թ. (թ. 25) համարում տպագրվել է «Ի գիտություն անկաշառ պաշտոնյաների» վերնագրով հոդվածը (հեղինակ՝ Արմեն Խաչատրյան), որում «հրապարակվել են իրականությանը չհամապատասխանող եւ չստուգված տեղեկություններ»։ Ըստ հայցադիմումի, հոդվածում նշվել է, որ ՀՀ ԿԲ Բանկային վերահսկողության վարչության նախկին պետ Ա. Դավթյանն աշխատանքից ազատվելուց հետո շարունակել է օգտվել ՀՀ ԿԲ ծառայողական ավտոմեքենայից։ Ըստ հայցադիմումի՝ «նշվել է նաեւ, որ ՀՀ ԿԲ-ից 1997-99 թթ. դուրս են եկել գումարներ, որոնք ինչ-ինչ պտույտներ են գործել եւ, որ մինչեւ 2002 թ. ՀՀ ԿԲ-ն վերահսկողություն իրականացնելիս «Կրեդիտ-Սերվիս» բանկում խախտումներ չի հայտնաբերել»։ Հայցադիմումի համաձայն, նաեւ իբր չստուգված տեղեկություններ տպագրելու համար, ՀՀ ԿԲ-ն իր 17.02.2003 թ. գրությամբ դիմել է օրաթերթին՝ պահանջելով հերքել հոդվածում նշված տեղեկությունները։ Սակայն «Առավոտ» օրաթերթը «հաշվի չառնելով ՀՀ ԿԲ-ի հիմնավոր փաստարկները, հերքում տալու փոխարեն՝ 20.02.2003 թ. N 32 համարում տպագրել է «ԿԲ-ն դարձյալ չի հիմնավորում» վերնագրով հոդվածը, որում շարունակել է պնդել իր հրապարակած տեղեկությունները եւ, ըստ էության, հրաժարվել է հերքել լրատվությունը»։ Երեկ, դատարանում ԿԲ-ի շահերի պաշտպան Արմեն Ումրշատյանը՝ պնդելով հայցը, դատարանից խնդրեց պարտավորեցնել «Առավոտ» օրաթերթին՝ հերքել թիվ 25-ում եւ 32-ում հրապարակված տեղեկությունները։ Անհամեստորեն մեզ թույլ տանք նկատել, որ «Առավոտի» շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանը «հակամարտության» առաջին փուլում առավել ճկուն էր։ Քանզի ԿԲ-ի շահերի պաշտպանն այդպես էլ չկարողացավ հստակորեն եւ սպառիչ պատասխանել Արա Զոհրաբյանի առաջադրած հարցերին։ Ցավոք, «հակամարտությունն» ընդհատվեց՝ աշխատանքային օրվա ավարտի պատճառով։ Իբրեւ սկիզբ, նկատենք, որ դատավոր Հ. Հովհաննիսյանի անաչառությունը կասկած չի հարուցում։ Առայժմ։ «Առավոտը» շարունակում է պնդել, որ հայցադիմումը հիմնավորված չէ, եւ կրկին անգամ տեղեկացնում ենք, որ փաստարկները կներկայացնենք դատարանում։ Ն. Գ. Հ. Գ. Դատական նիստը կշարունակվի փետրվարի 19-ին, ժամը 11։00-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել