Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ են ծեծի հետեւանքները

Մարտ 08,2003 00:00

Որտե՞ղ են ծեծի հետեւանքները Կապտուկները՝ «ընդհանուր խորացվածթթվածնային քաղցի հետեւանք» Վանաձորի հոսպիտալի նախկին պետ Արտյոմ Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործով վկա, բժիշկ Սամվել Մանուկյանը Արտյոմին զննած բժիշկներից միակն էր, որ դատաքննության ընթացքում նշեց, թե հիվանդի վրա հետքեր են եղել։ «Ցայտուն զգացվում էր երեխայի ծանրագույն վիճակը. գունատ դեմք, սրված դիմագծեր, փոս ընկած աչքեր, վերջույթները՝ կապտած, կրծքավանդակը՝ օղակաձեւ կապտավուն։ Դժվար էր շնչում։ Ծնկահոդային հատվածում նկատեցի կեղեւով պատված թարմ հետք»,- Արտյոմի ծանր վիճակն այսպես նկարագրեց վկա Մանուկյանը։ Մարմնի վրա նկատել է կապտուկներ, որոնք «ընդհանուր խորացված թթվածնային քաղցի հետեւանք» են եղել։ Երբ շոշափել է հիվանդի որովայնի տարածքը, ձեռք տալու ընթացքում հիվանդը բողոքել է այդ տարածքի ցավերից։ Ս. Մանուկյանը մեղադրեց իր ենթականերին՝ անուշադրության եւ անփութության համար։ Նրա կարծիքով, նախ ընդունարանի պետը պետք է հիվանդին մերկացներ, մանրազնին զններ, որից հետո նույն կարգով պետք է զննեին մյուսները։ Այն, որ իր կողմից հաստատվել է «ինֆեկցիոն տոքսիկ շոկ» ախտորոշումը, պատճառաբանեց, որ գրավոր հաստատել է հոսպիտալի բժիշկների զննության արդյունքները, իսկ իր բանավոր կարծիքը հայտնել է վերադասին։ Վկան անուղղակիորեն մեղադրեց բուժծառայության պետին. «Ես հարցրել եմ բուժծառայության պետին. հիվանդների մեջ կա՞ն ծանրերը, նա պատասխանել է՝ ոչ»։ Հերքեց, թե բժշկուհի Սաքանյանը իրեն զեկուցել է «ուշադրության արժանի հիվանդ» ունենալու մասին եւ հավաստիացրեց, որ եթե իրեն այդ մասին ասվեր, ինքը Սաքանյանին չէր գործուղի այլ զորամաս։ Ս. Մանուկյանը հայտնեց, որ երբ ինքը զննել է հիվանդին եւ նրա ծանր վիճակի մասին զեկուցել բուժվարչության գլխավոր վիրաբույժ Մկրտչյանին, վերջինս հանձնարարել է վիրահատել, սակայն հոսպիտալի վիրաբույժ Դարբինյանը վիրահատությունը նպատակային չհամարելով, հրաժարվել է՝ այդ առթիվ հեռախոսային խոսակցություն ունենալով բուժվարչության պետի հետ։ Երբ դրանից հետո երկուսով բարձրացել են հիվանդին հետազոտելու, տեսել են, որ, ի լրումն ամենի՝ հիվանդի «կապտած շրթունքները սեւացել» են։ Իսկ երբ «դրսից» բժիշկ է հրավիրվել, արդեն հիվանդը… մահացել էր։ «Բոլոր բժիշկներին հարցրել ենք վնասվածքների մասին, բոլորն ասել են՝ ոչ, ինչպե՞ս հասկանանք, որ դուք նկատել եք կապտուկները»,- տուժողի իրավահաջորդ Ռաֆիկ Սարգսյանի հարցին Ս. Մանուկյանը պատասխանեց. «Ես ինչպե՞ս կարող եմ ուրիշների փոխարեն պատասխան տալ»։ «Դուք մասնագիտությամբ կարդիոլոգ եք, ինչպե՞ս է, որ դուք նկատել եք կոշտ փորը, բայց վիրաբույժը չի նկատել»,- տուժողի մյուս իրավահաջորդ Կարինե Աղաբալյանի հարցին էլ պատասխանեց, որ ինքը աշխատանքային փորձ ունի։ «Երեխայի մոտ մի բան է եղել, մի այլ բան է ախտորոշվել»,- սա էր հոսպիտալի նախկին պետի եզրակացությունը։ «Դուք ասացիք, որ ընդունարանի պետը միջին մասնագետ էր, այդ դեպքում ինչպե՞ս էր պետ աշխատում»,- մեղադրող Արման Մազմանյանի հարցին վկան պատասխանեց անուղղակիորեն. «Մեր բժիշկները կարիք ունեն վերապատրաստման։ Այդ մասին ես 13 անգամ զեկուցագիր եմ ներկայացրել»։ Ս. Մանուկյանի ցուցմունքի ժամանակ նրան հարցադրումների տարափ ուղղեց ամբաստանյալ, զորամասի նախկին հրամանատար Անդրանիկ Սահակյանը, հիշեցնելով, որ Արտյոմի՝ հոսպիտալում գտնված ժամանակ ինքը այցելել-հետաքրքրվել է, նույնիսկ պատրաստակամություն հայտնել «դրսից» մասնագետ-բժիշկ հրավիրելու։ «Ախր ես ձեզ սաղ-սալամաթ զինվոր եմ տվել, ինչո՞ւ չէիք ասում, որ վիճակը շատ վատ է, ես էլ իմ ձեռքից եկածը կանեի»,- վանդակաճաղերի ետեւից բորբոքված ելույթ էր ունենում Ա. Սահակյանը։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել