ՉՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ «ՊԱՍ ՏՎԱԾ» ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ Հայաստանի Հանրապետությունում, մեր հաշվարկներով, 15-ից ավելի լրագրողական կազմակերպություններ եւ միություններ կան։ Մեծ Բրիտանիայում 1908 թվականին հիմնադրվել եւ գործում է Լրագրողների ազգային միությունը։ Փետրվարի 22-28-ը գտնվելով Միացյալ Թագավորությունում, մենք հանդիպեցինք «Ժուռնալիստ» ամսագրի գլխավոր խմբագիր Թիմ Գոբսիլի հետ։ Նա մեզ ցույց տվեց 1920-ից պահպանված «Ժուռնալիստ» ամսագրի անդրանիկ համարը եւ պատմական էսքկուրս կատարեց լրագրողական ավանդույթների եւ ձեռքբերումների շուրջ։ Մեր զրույցի ընթացքում նա հայտնեց, որ միությունը երբեք կախված չի եղել կուսակցություններից, չի եղել երբեք պետական թերթ եւ անկախությունը եղել է իրենց երաշխիքը. «Մեզ ոչ ոք չի կառավարում, մենք ենք կառավարում ինքներս մեզ»։ Նա նույնիսկ հիշեց, որ անկախության համար իրենց նախկինում բանտեր էին ուղարկում եւ սակայն այսօր հիմնականում լրագրողների նկատմամբ հայցեր են ներկայացվում զուտ աշխատանքի վերականգնելու պահանջով։ Առհասարակ, միությունը շատ ավելի արհմիութենական թեքում ուներ, չնայած Մեծ Բրիտանիայում 6 հազարից ավելի արհմիություններ կան։ Ըստ Թիմ Գոբսիլի, ժուռնալիստները մշտական աշխատանք չունեն եւ իրենց թիվ 1 խնդիրն է մտածել աշխատանքի տեղավորման մասին։ Եթե Հայաստանի Հանրապետությունում գործում է «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքը, ապա Բրիտանիան ԶԼՄ-ների մասին օրենք չունի։ Տեղեկացնենք նաեւ, որ մեր շատ կազմակերպություններ ունեն վարքագծի կանոնագրքեր։ Ի դեպ, Մեծ Բրիտանիայի լրագրողներն ունեն Լրագրողների ազգային միության կողմից մշակված վարքագծի կանոնագիրք նույնպես։ Ըստ այդ կանոնագրքի պահանջների, լրագրողներից պահանջվում է բարձր պրոֆեսիոնալիզմ։ Լրագրողը պետք է պաշտպանի մամուլի ազատությունը, չհանդուրժի ցանկացած գրաքննություն։ Էթիկայի կանոնների մեջ է մտնում նաեւ ինֆորմացիա, լուսանկարներ ձեռք բերելու ազնիվ ճանապարհներով սկզբունքը։ Սահմանված է նաեւ. «Լրագրողը չպետք է ներխուժի ուրիշի անձնական կյանք։ Նա պետք է հարգի ինֆորմացիայի աղբյուրի գաղտնիությունը, կաշառք չվերցնի։ Լրագրողը որեւէ անձի տարիքը, սեռը, ռասան, մաշկի գույնը, հաշմանդամ լինելը, ամուսնական կարգավիճակը կամ սեռական կողմնորոշումը պետք է հիշատակի միայն այն դեպքում, երբ այդ ինֆորմացիան հստակորեն տեղին է, անմիջականորեն առնչվում է գործին։ Չպետք է օգտագործել «պաս տված» ինֆորմացիա։ Լրագրողը չպետք է մասնավոր օգուտ քաղի իր գործի բերումից ստացած ինֆորմացիայից, մինչեւ դրա հասարակության սեփականություն դառնալը»։ Թիմ Գոբսիլը նաեւ հայտնեց, որ 1971 թվականից ոչ ոք չի «նստել»։ Ընդհակառակը, եղել է մեկ լրագրողի նկատմամբ դատաքննություն եւ իրենք Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հաղթել են։ Բրիտանիայում լինելու ժամանակահատվածում մենք հանդիպեցինք նաեւ «Հայաշեն» հայկական տեղեկատվական կենտրոնի աշխատակիցների հետ։ Մեծ Բրիտանիայում ապրում է 14 հազար հայ։ Նրանցից 350-ը «Հայաշենի» անդամներ են։ Երբ հանդիպեցինք նաեւ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչ Կարինե Խուդավերդյանի հետ, վերջինից տեղեկացանք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում 25 մարդ է քվեարկությանը մասնակցել։ Կենտրոնում նշում էին Վարդանանց տոնը եւ շատ հուզվեցին, երբ Հայաստանից գնացած լրագրողների հանդիպեցին։ Նրանք հայրենասիրական բանաստեղծություններով, երգերով դիմավորեցին մեզ, իսկ Կիզիրյան սրբազանը նկատեց, որ «աշխարհը դեռ նման է Ավարայրի դաշտի եւ մեծ մարտահրավերներին դիմագրավելու համար մեզ հարկավոր է միասնականություն»։ Այս կենտրոնում հիմնականում կամավորականներ են աշխատում, որոնք նաեւ փորձում են օգտակար լինել Հայաստանից գնացած հայերին, նաեւ պայմանական ազատազրկվածների հարցում, թեեւ բանտարկյալների ցուցասրահներից մեկում տեղադրված խաչքարից գլխի ընկանք, որ հայ կալանավոր է եղել։ Ընդհանրապես, հայ դատապարտյալներ Մեծ Բրիտանիայում, մեր տեղեկություններով, չկային։ Դեսպանատանը լինելով, ճշտեցինք նաեւ, որ նրանք սպասումների մեջ են եւ սպասում են նախագահական ընտրություններից հետո գործող նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանին, որը առաջիկայում նշանակվելու է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան։ Ընդհանրապես, բրիտանացիները մեծ ուշադրություն են դարձնում ռասայական «չ»խտրականությանը։ Այստեղ սեւամորթները, պարզ դիտարկմամբ, բավականին մեծ տոկոս են կազմում եւ զբաղեցնում որոշակի հասարակական դիրք։ Բանտերում, հասարակական կազմակերպությունների շենքերում նույնիսկ կան հատուկ ցուցանակներ, որում ակնարկվում է այդ «չ»խտրականության մասին։ Իսկ խտրականություն մենք չտեսանք, ավելին, սպիտակ Լոնդոնում սեւ սիլուետները խորհրդածությունների տեղիք էին տալիս։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ