ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔ Ժողովրդավարական շարժումների առաջնորդը «Ստալինա-բրեժնեւյան դաստիարակությամբ ժողովրդավարության քողածածկույթով ասպարեզ իջած եւ հայ ժողովրդին բռնադատել կամեցող գործիչներ, ինչպե՞ս եք այսպիսի անվստահության պայմաններում երկիր կառավարելու։ Այս բռնադատված հասարակության անեծքի տակից ինչպե՞ս եք դուրս գալու»,- երեկ վերոբերյալ որակումներով այսպիսի հարցեր ուղղեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը իր երբեմնի նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ նրա վարչախմբին։ Ապա արձանագրեց, որ «այս ընտրությունների նախնական գնահատականներն արդեն մտահոգիչ են, մեզ հայտնի փաստերը՝ ուղղակի նողկանք առաջացնող», սակայն Հայրիկյանի համար ամենակարեւորն այն է, թե «ինչպես է ժողովրդավարական այս միջոցառումը գնահատում ժողովուրդն ինքը»։ Պարզելու համար, ԱԻՄ-ը հասարակական կարծիքի ուսումնասիրում է պատվիրել՝ 1455 հոգու շրջանակներում։ Ակնկալվել է երկու հարցի պատասխան՝ «նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ո՞ւմ եք տվել ձեր ձայնը եւ այս նախագահական ընտրություններն արդար համարո՞ւմ եք»։ Առաջին հարցի պատասխանն ԱԻՄ-ին հետաքրքրել է «կեղծիքների չափերի մասին որոշակի պատկերացում ունենալու համար»։ Սակայն հասարակությանը վերջնականապես չհիասթափեցնելու նկրտումներով ԱԻՄ առաջնորդը գերադասեց այդ հարցի մանրամասները միայն իր հոգում պահել։ Իսկ այս ընտրությունների նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը, ըստ ԱԻՄ-ի պատվիրած հարցման՝ հետեւյալն է. «61,72%-ը գտնում է, որ ընտրություններն արդար չեն եղել եւ միայն 38,28%-ն է արդար համարում»։ Կարեւորն այն է, որ, ըստ Հայրիկյանի, Քոչարյանին ձայն տվածների 10%-ը եւս անարդար է որակել այս ընտրությունները։ «Մեկ շաբաթ առաջ ես նախազգուշացնում էի տասնյակ հազարավոր անպատիժ մնացած քրեական հանցագործների մասին։ Հիմա դրանք արդեն լկտիացած կրկնահանցագործներ են»,- ազդարարում է Պարույր Հայրիկյանը։ Ապա հրովարտակ հնչեցրեց՝ «Ես, որ եղել եմ մի ամբողջ կայսրության ժողովրդական շարժումների առաջնորդը, պատրաստ եմ իմ ողջ փորձառությունը ի սպաս դնել միասնական ուժերով մեր երկիրն ու մեր ժողովրդին այս անմխիթար վիճակից դուրս բերելու գործում»։ Ի դեպ, ավետենք, որ օրերս լույս կտեսնի Նորայր Խանզադյանի՝ ժողովրդական շարժումների առաջնորդի մասին պատմող, ԻՄ նախագահին նվիրված գիրքը։ Բայց մինչ ՍԴ-ում ընտրությունների հարցի քննումը՝ Հայրիկյանը խորհրդարանական ընտրություններին «անփառունակ» ճակատագիր է կանխատեսում։ «Ո՞րն է ելքը»,- հռետորական հարց է բարձրացնում Հայրիկյանը եւ հնչեցնում նույնքան հռետորական պատասխան՝ «պետք է մոռանալ իշխանական պայքարի մասին եւ փրկել ժողովրդավարությունը, առանց որի ժողովուրդը դառնում է կամազուրկ կամ գազազած ամբոխ»։ Ուստի «պետք է ստեղծել ժողովրդավարական դաշինք եւ միասնական՝ համազգային ուժերով, ներառելով բոլոր ճշմարիտ ժողովրդավարականներին, օգտագործելով խորհրդարանական ընտրությունները՝ ոչ ասել ժողովրդի կամքի բռնադատմանը»։ Հատուկ սկսնակ լրագրողների համար առաջնորդը վերհիշեց 1991-ի Պառավաքարի արկածները եւ հեղինակավոր կարծիք բաշխեց՝ «այսօր համբակներ կան, որ համարձակվում են այդ ընտրություններն արդար կոչել, մոռանալով նախ հարցնել իմ կարծիքը»։ Ապա՝ «հենց դրանով սկսվեց մեզանում ժողովրդավարական սկզբունքների ստորադասումն իշխանատենչությանն ու Հայաստանի «պառավաքարացմանը»,- իր ասելիքն այսքանով երեկ սպառեց ժողովրդավարական շարժումների առաջնորդը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ