Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության գինը

Մարտ 08,2003 00:00

Ազատության գինը Հանրահավաքներին ու ցույցերին մասնակցելու համար՝ այն ձերբակալվածներին, ովքեր հրաժարվել էին զղջման դիմումներ գրել՝ ժամանակավոր պահման մեկուսարանից ազատ էին արձակել միայն այնժամ, երբ վախեցել էին, թե մեկուսարան կայցելեն դիտորդները: Այս եզրակացությանը հանգեցինք վարչական կալանքի ենթարկվածներից մի քանիսի հետ զրույցի հետեւանքով: Չենք հրապարակում նրանց անունները՝ այդ մարդկանց համար ավելորդ գլխացավանք չստեղծելու նկատառումով: Սակայն նախ ներկայացնենք մեր զրույցը «Հանրապետություն» կուսակցության Թալինի տարածքային կազմակերպության նախագահ Ժորա Սափեյանի հետ, որը եւս ենթարկվել էր վարչական կալանքի: «Ինձ ձերբակալեցին հանրահավաքներ ու երթեր կազմակերպելու համար»,- ասաց պրն Սափեյանը: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսում հայտարարել էր, թե բացի անկարգություններ անողներից՝ չի ձերբակալվել հանրահավաքի ոչ մի սովորական մասնակից: Ժորա Սափեյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ինքը որեւէ անկարգության մասնակցե՞լ է, դատավարության ժամանակ բերվե՞լ են նման փաստարկներ: «Ոչ,- պատասխանեց նա:- Միայն ասում էին, թե ապօրինի երթերի եւ հանրահավաքների եմ մասնակցել»: Ազատ արձակելու պատմությունն էլ Ժորա Սափեյանն այսպես ներկայացրեց. «Կանչեցին, թե՝ պետք է մեղայական դիմում գրես: Ասացի՝ ոչ: Հետո ներկայացրեցինք առողջական վատ վիճակիս վերաբերյալ փաստաթղթեր, ու միայն դրանից հետո ազատեցին»: Ազատության մեջ հայտնվելուց հետո Ժորա Սափեյանը դարձյալ լծվել էր հօգուտ ընդդիմության թեկնածուի կազմակերպչական աշխատանքի: Ինչպես եւ ընտրության առաջին փուլում՝ մարտի 5-ին էլ Քոչարյանը Թալինում դարձյալ պարտվեց Դեմիրճյանին: Վարչական կալանքի այլ ենթարկվածների, որոնք մինչեւ մարտի 5-ը մնացել էին մեկուսարանում՝ պարտադրել էին ստորագրել մի փաստաթուղթ, թե իրենք չեն ցանկանում մասնակցել ընտրությանը: Զրուցակիցներիս պատմելով՝ մինչ այդ մեկուսարանը զգալիորեն դատարկվել էր: Եվ եթե մինչ մարտի 1-ը, երբ միջազգային զանազան կազմակերպությունների վերջնագրերից հետո վերջապես կաթողիկոսն էլ դիմեց դատարանին՝ մեկուսարանի բոլոր չորս տեղանի 21 խցերը լեփ-լեցուն էին, ու ստիպված էին անգամ լրացուցիչ մահճակալներ տեղադրել՝ այժմ մնացել էր հազիվ 10-20 հոգի: Ձերբակալվածների այն հարազատները, որոնք փորձել էին հանդիպել կամ գոնե տեղեկություններ ստանալ մեկուսարանից՝ մնացել էին ձեռնունայն: Համառորեն մեղայական չգրող կալանավորների նկատմամբ հոգեբանական ճնշում էր կիրառվում, գործի դնելով անգամ այնպիսի ճղճիմ մեթոդներ, որպիսին է սանհանգույցից ավելի քիչ օգտվելու հնարավորություն ընձեռելը: Ընտրությունների նախօրեին մեկուսարանի պետ Սամվել Եղիազարյանի հրահանգով 11 կալանավորներ հրաժարվել էին ընտրությանը մասնակցելու իրենց իրավունքից: Համոզել էին նման փաստարկներով, թե ի՜նչ գործ ունեք, հո ձեր մի ձայնո՞վ չի որոշվելու, համ էլ մեքենա չկա, որ տեղափոխենք քվեարկության: Ով փորձել էր հրաժարվել՝ տեղափոխել էին քրեականների հետ նույն խցում «բնակվելու», ընդ որում՝ հրահանգելով, որ ճնշեն նրանց, հաց ու ծածկոց չտան: Նախկինում դատվածություն ունեցողներն ընդդիմության ակտիվիստներին խոստովանել են, թե որեւէ կապ չունեն հանրահավաքների կամ երթերի հետ, թեեւ վարչական կալանքի են ենթարկվել որպես դրանց մասնակից: Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ ներկայացնենք թեկուզ Նորագյուղի բնակիչ Ազատ Հակոբյանի եւ երեւանցի Սարգիս Պողոսյանի պատմությունը: Նրանք իրենց 3 այլ ընկերների հետ մանկական զբոսայգում խմելիս են եղել, երբ ոստիկանները շրջապատել եւ հետաքրքրվել են, թե նրանցից ով ունի դատվածություն: Պարզելով, որ միայն վերոթվարկյալ երկուսն են համապատասխանում «պահանջարկին»՝ ոստիկանները բացատրել են. «Մեր վրա պլան է դրված՝ այսպիսի մարդիկ են պետք»: Ու տարել են դատարան, որտեղ նրանց դարձրել են «հանրահավաքի մասնակիցներ»: Տարիներ նստածների համար 10-15 օրը «բան մը չէ»՝ փոքրիկ ծառայություն իշխանությանը: Փոխարենը՝ Քոչարյանն ու իր թիմակիցները հնարավորություն ստացան փորձել վարկաբեկել ընդդիմությանը, թե նրանց շարքերում թմրամոլներ ու քրեական տարրեր կան: Եվս մի մանրամասն՝ մարտի 4-ի գիշերը մեկուսարանում իրարանցում է սկսվել: Ձերբակալվածներին ոտքի են հանել, թե հնարավոր է, որ առավոտյան դիտորդներ գան՝ պետք է ազատ արձակվեն գիշերը: Պահել են նույն նախկինում դատվածներին, որ եթե դիտորդներն այնուամենայնիվ գան՝ կարողանան ապացուցել իրենց վարկաբեկիչ պնդումները: Միջազգային դիտորդները նշել էին, որ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին իշխանությունների ընդունած որոշումները հակասում են Եվրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին եւ ԵԱՀԿ սկզբունքներին: Հիշեցնենք, որ մարտի 5-ից հետո էլ եղան ձերբակալություններ: Եվ մասնավորապես՝ Երեւանի Ավան-Առինջ թաղամասի թիվ 170 դպրոցում տեղակայված թիվ 0014/1 ընտրական տեղամասում ձերբակալվեցին Ստեփան Դեմիրճյանի վստահված անձինք՝ «Հանրապետություն» կուսակցության Ավանի տարածքային կառույցի ղեկավար Լեւոն Եղիազարյանը եւ կուսակցության անդամ Երեմ Խաչատրյանը: Նրանք, մի խումբ վստահված անձանց հետ մեկտեղ, մարտի 5-ին մեկնել էին նշված տեղամաս՝ մոտ 300 հավելյալ քվեաթերթիկների մասին ահազանգը ստուգելու մտադրությամբ: Ընտրատեղամասում գտնվող ոստիկանները` դիտավորյալ կոտրելով տեղամասի ապակիները, ծեծի էին ենթարկել եկածներին եւ նշված երկու անձանց տարել Նոր Նորքի ոստիկանական բաժանմունք: Այնուհետեւ ոստիկանները երկու մեքենայով ժամանել էին կուսակցության տարածքային բաժանմունք եւ ձերբակալել եւս 8 հոգու: Ձերբակալվածների մի մասն այնուհետեւ ազատ էր արձակվել: Քանի՞սը նրանց կավելանան առաջիկա հանրահավաքներից հետո: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել