Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆԸ՝ ԱԿՆՀԱ՞ՅՏ

Մարտ 08,2003 00:00

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆԸ՝ ԱԿՆՀԱ՞ՅՏ Որ 2003-ի ՀՀ նախագահական ընտրություններից դեռ շատ առաջ պետական ողջ մեքենան արդեն լծված էր ապագա ընտրությունների արդյունքները կեղծելու գործին՝ իբրեւ բութ գործիք օգտագործելով «մարդահամար» կոչվածը, այսօր արդեն ոչ թե ենթադրություն է, այլ աղաղակող փաստ: Այսպես. մարտի 5-ին ՀՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքների պաշտոնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2.280.863 ընտրողից 1.596.204-ը՝ կամ 69,9 տոկոսը: Հիշեցնենք, նաեւ, որ ՀՀ ԿԸՀ տվյալներով Ռոբերտ Քոչարյանը ստացել է 1.045.401 քվե՝ 67,5 տոկոս: Հիշյալ ցուցանիշն առավել քան ուշագրավ է, եթե այն համեմատենք, ասենք, 1991թ. ՀՀ-ում առաջին նախագահական ընտրություններում արձանագրված տվյալների հետ: Այն է՝ ընտրողների ընդհանուր թվից՝ 2.155.698 մարդ, ընտրություններին մասնակցել էր 1.518.104 մարդ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 91-ին վայելելով հայաստանցիների համընդհանուր վստահությունը՝ ստացել էր 1.260. 433 քվե՝ 83,027 տոկոս: Փորձենք համառոտ վերլուծել այս ցուցանիշները՝ նկատի ունենալով մի շատ կարեւոր հանգամանք: 91-ին ՀՀ բնակչությունը եղել է 3.766.400 մարդ, իսկ 2003-ին՝ 3 մլն: Մի կողմ թողնենք, որ իրականում, գոնե ոչ պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 1 մլն մարդ: Բայց անգամ վերոհիշյալ պաշտոնական տվյալների վերլուծության արդյունքում ստացվում է. 1. 1991-ին ընտրողները եղել են բնակչության 57,2 տոկոսը, իսկ ահա 2003-ին՝ 76 տոկոսը: Ասել է թե, Հայաստանում ընտրողները տոկոսային հարաբերակցությամբ ավելացել են շուրջ 19 տոկոսով: Սա միայն մեկ բացատրություն կարող է ունենալ՝ հանրապետությունից արտագաղթել են միայն ընտրելու իրավունք չունեցող անձինք՝ 18 տարեկանից ցածր: Համաձայնեք՝ անհեթեթ է ու զավեշտական: 2. 1991-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրել է ՀՀ բնակչության 33.47 տոկոսը, իսկ 2003-ին Ռոբերտ Քոչարյանին՝ «ընտրել» է բնակչության 36 տոկոսը, ինչն այլկերպ նշանակում է, որ 2003-ին Ռ.Քոչարյանն ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան 91-ի համաժողովրդական ալիքի վրա ընտրված առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը: Համաձայնեք՝ սա եւս անհավանական է ու անհեթեթ: 3. Բնակչության ակտիվությունն, այն էլ համազգային խանդավառության ու ոգեւորության պայմաններում անգամ, եղել է 40,3 տոկոս, իսկ 2003-ին, պարզվում է, այդ ակտիվ զանգվածն ավելացել է 13 տոկոսով ու կազմել 53,2 տոկոս: Էլի մի անհեթեթություն, որը կարելի է արձանագրել անզեն աչքով ու առանց թվերի մեջ լրջորեն խորանալու: Իհարկե, միամտություն կլինի կարծել, թե Քոչարյանն ու իր թիմն առանձնապես կմտահոգվեն այս կամ այն վերլուծությամբ: Ակնհայտ է, որ առավել եւս ընտրությունների երկրորդ փուլում՝ նրանք առանձնապես ուշադրություն չեն դարձրել Քոչարյանի համար նկարվող թվերը ողջամտության սահմանին քիչ թե շատ մոտեցնելու խնդրին: Առաջին փուլում կրած, ըստ էության, պարտությունից հետո վերջիններս պարզապես ստիպված են եղել «հուպ տալ» ու միասին աշխատել՝ երկրորդ փուլում, այսպես կոչված, «համոզիչ հաղթանակն» ապահովելու, ասել է թե՝ առաջին փուլում Քոչարյանին տրված առանց այն էլ ուռճացված 49,8 տոկոսը 67,5 սարքելու համար: Իհարկե, դատելով երկրորդ փուլում տեղի ունեցած անթաքույց ու զանգվածային խախտումներից, որոնք սկսվել էին դեռ մարտի 4-ից ու տեղի ունեցան նաեւ քվեարկության օրը, ոչ միայն ընդդիմության, այլեւ միջազգային դիտորդների արձանագրած՝ քվեատուփերի լցոնման ու բաց քվեարկության դեպքերը, պետք է կարծել, որ Քոչարյանի համար այդ տոկոսի ապահովումը սարսափելի մեծ ջանքեր է պահանջել: Հարցն այն է միայն, թե այդ ջանքերի գործադրումը որքանով կարդարացնի Քոչարյանի ու իր թիմի հույսերը: Կարծում ենք, վերջիններիս հիասթափությունը շատ մոտ է ու այնքան իրական, որքան այն զգացել է միջազգային հանրությունը՝ ՀՀ-ում տեղի ունեցած այս ընտրությունների եւ Հայաստանը ժողովրդավարական երկիր համարելու իմաստով: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել