Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակներից մեկը վախեցնելն է

Մարտ 08,2003 00:00

Նպատակներից մեկը վախեցնելն է Երբ սպանվեց գլխավոր դատախազը, պաշտոնական վարկածն էր՝ նրան սպանեց տրանսպորտային դատախազը, իսկ հետո ինքնասպանություն գործեց: Երբ սպանվեց գեներալ Արծրուն Մարգարյանը, մեզ ասացին, որ նա ինքնասպանություն գործեց՝ սկզբից կրակելով իր կրծքին, հետո /հետեւից/՝ պարանոցին: Երբ տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»-ը, ահաբեկիչներին մեզ ներկայացրին որպես մոլեռանդ թմրամոլներ: Երբ սպանվեց Պողոս Պողոսյանը, մեզ բացատրեցին, որ նրան անզգուշորեն քաշքշել են զուգարանում: Իրադարձությունների անհեթեթ բացատրությունների ցանկը չշարունակեմ: Այստեղ կարեւորը իրավիճակների կրկնությունն է. բոլոր հնարավոր վարկածներից ընտրվում է առավել աբսուրդայինը, որին ամենադյուրահավատ մարդն անգամ չի հավատա: Նման վարքագծի բացատրությունը ես չէի կարողանում գտնել մինչեւ մարտի 5-ը: Այժմ կարելի է վստահաբար ասել, որ այն հիմարությունից կամ պարզամտությունից չէ: Կան մարդիկ, որոնք ոչ միայն ցանկանում են ամեն գնով հասնել իրենց նպատակներին, այլեւ զուգահեռաբար ստորացնել դիմացիններին, բոլորին ի ցույց դնել սեփական անպատժելիությունն ու անվերահսկելիությունը: Սովորական ավազակն իր հանցագործությունը կատարում է ծածուկ՝ նպատակ ունենալով, ասենք, հարստանալ կամ վերացնել մրցակցին: Մոլագար ավազակը նույնն անում է ցուցադրաբար, առանձնակի լկտիությամբ ու ցինիզմով՝ փորձելով բոլորին ապացուցել, թե ահա ես կանեմ ինչ ուզում եմ եւ ձեզ ձեռ առնելու համար կտամ դրա ամենաանհեթեթ բացատրությունը, իսկ դուք, վախկոտներդ, կպապանձվեք ու ձայն չեք հանի: Ուրիշ ինչո՞վ բացատրել, որ ժողովրդի աչքի առաջ օրը ցերեկով գրեթե բոլոր տեղամասերում հանձնաժողովների նախագահներն ու քոչարյանական անդամները տրցակներով քվեաթերթիկներ էին գցում իրենց թեկնածուի օգտին, իսկ երեկոյան արձանագրություններում անհեթեթ թվեր էին նկարում: Իհարկե, գլխավոր նպատակն էր բաղձալի աթոռը պահպանելը: Բայց ոչ պակաս կարեւոր է ժողովրդին վախեցնելն ու ահաբեկելը: Այսօր իրադարձությունների հետագա զարգացումը կախված է ոչ թե ԵԱՀԿ-ից կամ ԱՄՆ-ից, այլ նրանից, թե որքանով հաջողվեց ժողովրդին վախեցնել: … Ի դեպ, եթե մեր մտավորականներին այս իրավիճակը դուր է գալիս, նրանք կարեկցանքի են արժանի: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել