Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրություններն աղավաղվեցին խախտումներով»

Մարտ 08,2003 00:00

«Ընտրություններն աղավաղվեցին խախտումներով» ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերի հայտարարությունը Եվրոպայի Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) եւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) մարտի 6-ի նախնական հայտարարության համաձայն, Հայաստանի մարտի 5-ի նախագահական ընտրությունը «աղավաղվեց լուրջ խախտումներով բազմաթիվ ընտրատեղամասերում», եւ գործընթացը «չհամապատասխանեց ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին»։ Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն է այս տեսակետի հետ եւ խորապես հիասթափված է զեկուցված ընտրական խախտումների կապակցությամբ։ ԵԱՀԿ դիտորդները զեկուցել են մի շարք պրոբլեմների մասին, այդ թվում՝ քվեատուփերի լցոնման դեպքեր, «կարուսել» քվեարկություն մի շարք ընտրատեղամասերում, անհամապատասխան քվեարկություն զինվորականների կողմից, սպառնալիքներ, ընդդիմության վստահված անձանց բացակայություն կամ հեռացում եւ նույնիսկ ակնհայտ սպառնալիքներ ԵԱՀԿ դիտորդների հանդեպ։ Ընտրության երկու փուլերի միջեւ ընկած ժամանակահատվածը նույնպես աղավաղվեց բազմաթիվ թերություններով, ներառյալ՝ ձերբակալություններ առանց համապատասխան իրավական գործընթացի եւ առաջին փուլում կատարված խախտումների համար պատասխանատվության չենթարկում։ Հայաստանի ղեկավարությունը բաց թողեց կարեւոր հնարավորություն՝ զարգացնելու ժողովրդավարությունը՝ վստահելի ընտրություն անցկացնելու միջոցով։ Մենք կոչ ենք անում կառավարությանը դուրս գալ ժողովրդավարական Հայաստան կառուցելու ճանապարհ, սկսելով ընտրախախտումների լիակատար եւ թափանցիկ ուսումնասիրություն, պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկում եւ այլ քայլերի ձեռնարկում՝ ուղղված հասարակական վստահության վերականգնմանը։ Մենք կոչ ենք անում ընդդիմությանն ընտրության հետ կապված իրենց հիմնավորված բողոքներին հետամուտ լինել իրավական գործընթացների եւ խաղաղ բողոքարկման ճանապարհով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին խուսափել հետընտրական բռնությունից եւ գործել Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան։ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ Հինգշաբթի օրը Ռ.Քոչարյանի՝ Բաղրամյան պողոտայում գտնվող նախընտրական շտաբի դիմաց շտաբի ներկայացուցիչ մի քանի տղամարդիկ ծեծի էին ենթարկել Շիրվանզադեի դպրոցում տեղեկայված ընտրատեղամասում Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Էլեոնորա Մանանդյանին: Վերջինս հայտնի է որպես թափառաշրջիկ երեխաների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության նախագահ: Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանն ու միջազգային դիտորդներին: Հանցագործության մեջ առայժմ փորձում են մեղադրել հաշվեհարդար տեսած տղամարդկանցից համեմատաբար «անմեղին»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել