Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծիքները՝ նախապես ծրագրավորված սցենարով

Մարտ 08,2003 00:00

Կեղծիքները՝ նախապես ծրագրավորված սցենարով Մամուլի ազգային ակումբի հյուրը երեկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն էր։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո Ստեփան Դեմիրճյանի հայտարարության մեջ իշխանության գործելակերպը որակված էր որպես իշխանության բռնազավթման փորձ։ ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը խնդրեց ներկայացնել այս գնահատականի հիմնավորումները։ Այս կապակցությամբ Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Ընտրությունների երկրորդ փուլն անցել է զանգվածային ընտրախախտումներով, կեղծիքներով, բռնություններով եւ ահաբեկչություններով։ Եվ այն արդյունքները, որ հրապարակվում են, որեւէ առնչություն չունեն ժողովրդի կատարած ընտրության հետ եւ այդ արդյունքներն իմ կողմից չեն կարող ընդունվել»։ Ստեփան Դեմիրճյանը հավաստիացրեց, որ ինքը շարունակելու է պայքարը հանուն արդարության հաղթանակի՝ Սահմանադրության շրջանակում, բոլոր օրինական միջոցներով. «Հսկայական քանակի փաստեր կան, մեր շտաբն անհրաժեշտ տեղեկություն կարող է ներկայացնել, մեր իրավաբանները քրեական գործ հարուցելու պահանջ են ներկայացրել ԿԸՀ-ի նկատմամբ, որովհետեւ այն փաստերը, որ կան մեր տրամադրության տակ, հիմք են տալիս ասել, որ կեղծիքներն իրականացվել են իշխանությունների կողմից նախապես ծրագրավորված սցենարով»։ Նախագահի ընտրությունների երկրորդ փուլը Ստեփան Դեմիրճյանը գնահատեց որպես ամենախայտառակ ընտրություններ մեր պատմության մեջ։ Առաջին փուլից հետո նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը չվարանեց հայտարարել, թե երկրորդ փուլում իր առավելությունը կրկնակի ավելի պիտի լինի։ Այս կապակցությամբ պրն Դեմիրճյանն ասաց. «Կա էլեմենտար մի ճշմարտություն, որը պետք է հասկանալ՝ կարող ես հաղթել մեկ տոկոսով, բայց լինել լեգիտիմ, կարող ես հաղթել 90 տոկոսով՝ գրելով, նկարելով, բայց դարձյալ չլինել լեգիտիմ»։ Ստեփան Դեմիրճյանը հիշեցրեց, թե ինչպես հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե 5 ոճրագործներն են, եւ նրանց թիկունքում ուժեր չկան, ու ամբողջ պետական մեքենան սկսեց աշխատել այդ ուղղությամբ՝ փորձելով «նկարել», թե այդ 5-ն են ու նրանց ետեւում ուրիշ ուժեր չկան։ Առաջին փուլից հետո էլ Ռ. Քոչարյանը հայտարարեց առավելությունը երկու անգամ ավելի լինելու մասին, եւ ամբողջ պետական մեքենան սկսեց աշխատել այդ ուղղությամբ ու այսօր տեսնում ենք այդ հրահանգի արդյունքը։ Պրն Դեմիրճյանն ասաց, որ ժողովրդի կամքն արհամարհելը կործանարար կարող է լինել մեր երկրի համար, եւ որ Հայաստանին անհրաժեշտ է օրինական իշխանություն եւ լեգիտիմ նախագահ. «Եվ այս հարցը պետք է լուծվի։ Մենք վճռական ենք լինելու մեր քայլերում, պայքարելու ենք օրինական ճանապարհով, սահմանադրական ճանապարհով, բայց լինելու ենք սկզբունքային եւ հետեւողական»։ ՌԴ նախագահ Վլ. Պուտինը, հավանաբար, սաստիկ ոգեւորված է «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւով, որ շտապեց ԿԸՀ-ի պաշտոնական, վերջնական հայտարարությունից առաջ շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին։ Լրագրողներից մեկը խնդրեց գնահատել Պուտինի այս շտապողականությունը։ Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Դա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ մեր սկզբունքային մոտեցումների վրա։ Լեգիտիմության հարցը որոշում է ժողովուրդը։ Նախագահն առաջին հերթին իր ժողովրդի գիտակցության մեջ պետք է լեգիտիմ լինի, օրինական լինի»։ Այս ընտրությունները կարող են կործանարար լինել Հայաստանի համար, եւ այդ վտանգը կանխելու «ամենակարճ ճանապարհն է՝ որքան հնարավոր է արագ հասնել նրան, որ Հայաստանում լինի օրինական իշխանություն»։ Լրագրողներից մեկի հարցին՝ Ստեփան Դեմիրճյանը հնարավոր համարո՞ւմ է համագործակցությունը իշխանությունների հետ, պրն Դեմիրճյանը պատասխանեց, որ իրենք բազմաթիվ պահանջներ են ներկայացրել իշխանություններին, եւ մինչ դրանց բավարարումը որեւէ համագործակցության մասին խոսք լինել չի կարող։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել