Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՈՒԶՎԱԾ ԷՐ

Մարտ 08,2003 00:00

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՈՒԶՎԱԾ ԷՐ Պաշտպանության նախարար եւ շտաբի պետ Սերժ Սարգսյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել, որը կարճ կարելի է բնութագրել որպես դիտորդական գնահատականներին տրվող հակադարձում եւ «օպոնենտների», այսպես կոչված, «սխալները» վեր հանելու միտում։ Չենք կարծում, որ շտաբի պետին հաջողվեց այդ բանն անել, քանի որ իր մի շարք հայտարարություններում պրն Սարգսյանը պարզապես ինքն իրեն հակասում էր։ Մի դեպքում նա համաձայն չէր դիտորդների գնահատականներին՝ մասնավորապես եվրոպական, մյուս դեպքում համաձայն էր՝ մասնավորապես ԱՊՀ-ի։ ԱՊՀ դիտորդական առաքելության գնահատականը հասկանալի պատճառներով պրն Սարգսյանի ճաշակով էր, որովհետեւ ըստ նրա՝ ԱՊՀ-ականներն ավելի լավ գիտեին մեր մենթալիտետն ու իրականությունը, իսկ «մարդիկ, ովքեր ծնվել ու ապրում են Եվրոպայում, հավանաբար, չեն կարող բացատրել մեր իրականության որոշ բաներ»։ «Առավոտը» շտաբի պետին միայն մեկ հարց ուներ, այն է. «ընտրության օրն իմ այցելությունները բազմաթիվ ընտրատեղամասեր, ինչպես նաեւ ձեր՝ ինչպես դուք եք ասում՝ «օպոնենտի» շտաբի ունեցած բազմաթիվ տվյալները հիմք են տալիս պնդել, որ շատ են եղել օրենքի խախտումները, այսինքն՝ մեծ, միջին, փոքր, շատ փոքր եւ շատ մեծ պետական պաշտոնյաներ ընտրությունների օրը բազմիցս խախտել են օրենքը։ Դուք չե՞ք կարծում, որ սա բումերանգի նման շուռ է գալու ձեր դեմ։ Ինչպե՞ս եք պատրաստվում ղեկավարել օրենքի խախտմանն արդեն սովոր մարդկանց»։ Սերժ Սարգսյանն այս հարցին պատասխանելիս անմիջապես իրեն հեռացրեց Ռոբերտ Քոչարյանից (մեր տպավորությունը սա էր). «Նախ, ես ձեզ պիտի հավաստիացնեմ, որ ես ղեկավարում եմ մի բնագավառ, որտեղ կանոնադրությունն օրենք է, եւ ովքեր չեն խախտել որեւէ օրենք (ես նկատի ունեմ բանակը), այնպես որ, ձեզ կխնդրեի չզրպարտել այդ մարդկանց (հարցն ուշադիր լսողը կհասկանար, որ խոսքը բանակի մասին չէ, ինչեւէ.- Մ. Ե.)։ Եթե դուք նկատի ունեք ընդհանրապես պետական ծառայողներին, ապա, կարծում եմ, որ մերկապարանոց հայտարարություններն այս պարագայում չեն օգնում եւ օգտակար չեն մեր պետության համար, որովհետեւ պետությունը միայն իշխանություններինը չի, եւ եթե կան կոնկրետ դեպքեր, ես, ինչպես ձեզ, այնպես էլ բոլորին խորհուրդ եմ տալիս դիմել առաջին ատյանի դատարաններ եւ դատարաններ ընդհանրապես, որովհետեւ, եթե ձեզ այդ բառը դուր չի գալիս՝ «օպոնենտ», ապա ասեմ՝ նախագահի նախկին թեկնածու պրն Դեմիրճյանն էլ հեռուստաբանավեճի ժամանակ ասաց, որ մենք ազատել ենք 100-ից ավելի պետական պաշտոնյաների, ովքեր սատարել են իրենց, եւ նա չկարողացավ այդ ընթացքում բերել մեկ օրինակ, նա խոստացավ ցուցակը հաջորդ օրն ուղարկել ՀՀ նախագահին։ Ի լուր ձեզ եւ բոլորի ասեմ, որ ՀՀ նախագահը որեւէ ցուցակ չի ստացել, վստահ եմ, որ դուք էլ որեւէ պատկան մարմնի չեք դիմելու, բայց ձեր հոդվածներում, կարծում եմ, դրան կանդրադառնաք»։ Պրն Սարգսյանին մեր հակադարձը՝ մամուլում հրապարակված ինֆորմացիան օրենքի խախտումների փաստերի մասին պետք է անպայման զբաղեցնի պատկան մարմինների ուշադրությունը։ Իսկ ցուցակների մասով հետեւյալ անդրադարձը՝ արդեն Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի կողմից. «Ստեփան Դեմիրճյանի խոստացած ցուցակն ուղարկվել է նախագահական նստավայր հեռուստաբանավեճի հաջորդ օրն իսկ»։ Ասուլիսի ժամանակ բաժին հասավ նաեւ ժողովրդավարությանը։ Այն պահին, երբ ամբողջ աշխարհը պայքարում է ժողովրդավարական համընդհանուր նորմերի պահպանման համար, մեր պաշտպանության նախարարը հայտարարում է, թե եվրոպացիները ժողովրդավարության իրենց պատկերացումն ունեն, իսկ մենք առաջնորդվում ենք «մեր կանոններով»։ Ակամա զուգահեռն ինքն իրեն ծնվեց՝ երբ խոսքը գնում է ԵԽ պարտականությունների կատարման մասին, մասնավորապես՝ մահապատժի վերացում եւ այլն, իշխանության կարծիքը միանշանակ է՝ Եվրոպային ենք ինտեգրվում, պիտի խոստումը հարգենք, իսկ երբ խոսքը վերաբերում է նախագահի ընտրությունների երկրորդ փուլի մասին նույն Եվրոպայի կոշտ գնահատականներին, պարզվում է, մենք ընդամենը «ԱՊՀ ենք վերջապես», եւ խաղի մեր կանոններն ունենք։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե իրենց օպոնենտները համարում էին, որ ընտրակեղծիքներ են տեղի ունեցել, «ապա կարող էին մինչեւ երեկ (մարտի 6-ը) ժամը 14-ը դիմել առաջին ատյանի դատարան, ընտրատարածքային հանձնաժողովներ, եւ հիմա էլ հնարավորություն ունեն բողոքարկելու։ Ուղղակի տեղեկացնեմ, որ մինչեւ երեկ ժամը 14։00-ն առաջին ատյանի որեւէ դատարան որեւէ դիմում-բողոք չի ստացել։ Ընտրատարածքային հանձնաժողովները ստացել են բողոքներ, երեկ ԸՀ-ների կողմից քննության են առնվել, բացվել են բազմաթիվ արկղեր եւ այդ պրոցեսը հիմա էլ շարունակվում է»։ Պրն Սարգսյանն ասաց, որ այս պրոցեսներին իրենք պատրաստ էին, որովհետեւ գիտեին իրենց «օպոնենտների» խստագույն ցուցումն առ այն, որ, անկախ ընտրությունների արդյունքից, անկախ տիրող մթնոլորտից, բոլոր տեղերում վստահված անձինք պարտավոր էին բողոքարկել»։ Այս մեջբերումից հետո մենք պարզապես ստիպված ենք «օպոնենտություն» անել եւ ասել, որ գոնե մեր այցելած տեղամասերում (իսկ դրանք բազմաթիվ են) Ստեփան Դեմիրճյանի վստահված անձանց վախեցրել էին ու դուրս էին շպրտել (որոշ տեղերում՝ բառացի) տեղամասերից։ Ուրեմն ինչպե՞ս կարող էին այդ մարդիկ բողոքարկել։ Երկրորդ՝ ինչպես եւ ընտրությունների առաջին փուլից հետո, երկրորդ փուլից հետո եւս մինչեւ ժամը 14-ը չէին գործում տարածքային շատ ընտրական հանձնաժողովներ եւ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձինք պարզապես հնարավորություն չունեցան մինչեւ ժամը 14։00-ը դիմում-բողոքներ ներկայացնել քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ։ Առաջին ատյանի դատարաններ դիմելու մասով «Օպոնենտություն» հոդվածում ներկայացնենք Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ փաստաբան Աշոտ Սարգսյանի գնահատականը։ Սերժ Սարգսյանի ասուլիսից հետո մենք խնդրեցինք Աշոտ Սարգսյանին բացատրել՝ իրոք, չե՞ն դիմել պատկան ատյաններին։ Մասնավորապես ասվեց հետեւյալը. «Մենք ղեկավարվում ենք Ընտրական օրենսգրքով, որտեղ պարզ գրված է, որ տեղամասերում քվեարկության արդյունքները բողոքարկվում են ընտրական հանձնաժողովներում եւ մինչ այդ առաջին ատյանի դատարան դիմելու կարիք չկա։ Մարտի 6-ի դրությամբ որեւէ ընտրական հանձնաժողովում քվեատուփ բացելու որոշում չի եղել։ Այսօր (մարտի 7-ին) բացվել է մեկ տեղամաս 16 ընտրատարածքում ԵԱՀԿ դիտորդների ներկայությամբ։ Հայտնաբերվել են խայտառակ խախտումներ. օրինակ՝ քվեատուփի մեջ եղել է 62 քվեաթերթիկ՝ կնքված այլ տեղամասի կնիքով, քվեարկված հօգուտ Ռ. Քոչարյանի։ Այսօր (մարտի 7-ին) ժամը 18-ին պետք է բացվեն եւս վեց տեղամասերի քվեատուփեր։ Մենք հնարավորություն ունենք ընտրական հանձնաժողովների ապօրինի գործողությունների վերաբերյալ բողոք ներկայացնել ԿԸՀ 2 օրվա ընթացքում։ Եվ եթե ԿԸՀ-ն դրսեւորի անգործություն, դրանից հետո միայն մենք կկարողանանք դիմել առաջին ատյանի դատարան»։ Աշոտ Սարգսյանն ասաց, որ մոտ 200 դիմում ընտրական հանձնաժողովները, խախտելով օրենքը, չեն ընդունել։ Ընդունված է 47 դիմում։ Վերադառնանք ասուլիսին։ ԵԱՀԿ դիտորդական առաքելության կոշտ գնահատականի վերաբերյալ հարցին պատասխանելով, Սերժ Սարգսյանն ասաց. «Ցանկացած դիտորդական առաքելություն, լինի տեղական թե արտասահմանյան, պարտավոր է ղեկավարվել Հայաստանի Հանրապետության օրենքներով։ Եվ եթե որեւէ դիտորդական առաքելություն ներկայացնում է պահանջներ այդ օրենքներից դուրս, մենք պարտավոր չենք այն կատարել»։ Սերժ Սարգսյանի այս կոշտ դիրքորոշումը դիտորդների հանդեպ հասկանալի է, քանի որ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի, որը փորձում է ներկայացնել, թե ընտրություններն արդար էին, թափանցիկ էին, անկողմնակալ դիտորդները, մասնավորապես՝ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերը, փաստում են, որ. «Հայաստանի ղեկավարությունը բաց թողեց կարեւոր հնարավորություն՝ զարգացնելու ժողովրդավարությունը՝ վստահելի ընտրություն անցկացնելու միջոցով»։ Կարծում ենք, այս գնահատականը որեւէ կերպ չի հակասում մեր երկրի օրենքներին։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել