Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵ՛Ք ՄԱՐՍԵԼՈՒ

Մարտ 08,2003 00:00

ՉԵ՛Ք ՄԱՐՍԵԼՈՒ Մատենադարանի մոտից երեկ հանրահավաքի մասնակիցները երթով ուղղվեցին Հայաստանում գործող բոլոր դեսպանատները՝ արտահայտելու իրենց շնորհակալական խոսքը՝ ընտրությունների 2-րդ փուլի վերաբերյալ իրենց կողմից արձանագրված դիտարկումների մասին: Հակառակ վերաբերմունքին արժանացավ միայն Ռուսաստանի դեսպանատունը, որտեղ ժողովուրդը միաձայն վանկարկում էր «ամոթ» ու սուլում: Երեկ ընդդիմության հերթական հանրահավաքում հրապարակվեց ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերի հայտարարությունը, որով իրենց համաձայնությունն են արտահայտում ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդական առաքելության կողմից նախորդ օրն արված նախնական եզրակացության վերաբերյալ եւ արտահայտում իրենց հիասթափությունը իրականացված ընտրախախտումների առնչությամբ: «Հայաստանի ղեկավարությունը բաց թողեց կարեւոր հնարավորություն՝ զարգացնելու ժողովրդավարությունը, վստահելի ընտրություն անցկացնելու միջոցով: Մենք կոչ ենք անում կառավարությանը դուրս գալ ժողովրդավարական Հայաստան կառուցելու ճանապարհ՝ սկսելով ընտրախախտումների լիակատար եւ թափանցիկ ուսումնասիրություն, պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկում եւ այլ քայլերի ձեռնարկում՝ ուղղված հասարակության վստահության վերականգնմանը: Մենք կոչ ենք անում ընդդիմությանը՝ ընտրության հետ կապված իրենց հիմնավորված բողոքներին հետամուտ լինել իրավական գործընթացների եւ խաղաղ բողոքարկման ճանապարհով: Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին խուսափել նախընտրական բռնությունից եւ գործել ՀՀ Սահմանադրությանը համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ: Ընդդիմությունը երեկ դիմում-բողոք էր հղել ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանին՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանին՝ պնդելով, որ ընտրակեղծիքները կրել են կազմակերպված բնույթ, որին բացի ԿԸՀ-ից, մասնակցել են ընտրատարածքային հանձնաժողովները, տեղամասային հանձնաժողովները եւ ոստիկանության աշխատակիցները: «Այս ամենից ենթադրվում է, որ ԿԸՀ ղեկավարի կողմից թույլ է տրվել հանցավոր անփութություն, որի պատճառով պետության եւ նախագահի թեկնածու Ս. Դեմիրճյանի շահերին հասցվել է էական վնաս»,- նշված է դատախազությանն ուղղված դիմումում: Իսկ Գրիգոր Հարությունյանը՝ ավելացնելով այդ ցանկը, հիշատակեց նաեւ այլ մարդկանց, ովքեր նույնպես դիմել են ընտրախախտումների. ոստիկանապետ Հայկ Հարությունյան, տեղական թաղային հեղինակություններ, մարզպետներ, օլիգարխներ եւ հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ: «Հանրապետության» քաղխորհրդի նախագահ Ա. Բազեյանն անդրադարձավ այն մեղադրանքներին, թե Ս. Դեմիրճյանի շուրջը համախմբված քաղաքական ուժերից եւ գործիչներից շատերն անմիջական մասնակցություն չեն ունեցել ղարաբաղյան պատերազմին: «Դեռեւս 1992թ. ամռանը, երբ ծայրագույն լարված վիճակ էր Արցախում, Հայաստանում առաջացնում էին ներքաղաքական լարվածություն եւ իշխանափոխության խնդիրներ էին դնում: Հիմա նրանք իրենց իրավունք են վերապահում մեղադրել մեզ նրանում, իբր մենք Արցախի հարցում կրավորական կեցվածք ենք ընդունել: Որեւէ մեկին թույլ չի տրված սեփականաշնորհել այդ հարցի լուծումը»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ Ս. Դեմիրճյանի կողքին գտնվող քաղաքական ուժերն է, որ մեծ ներդրում ունեն այդ պատերազմում: Իսկ ինչ վերաբերում է երկրում անկայունություն հաստատելուն, ապա Բազեյանը նկատեց. «Բայց ո՞վ է հրահրում այդ անկայունությունը, արդյոք նրա՞նք չեն, ովքեր զբաղվեցին ընտրակեղծիքներով, որոնք Քոչարյանի գլխավորությամբ ամեն ինչ անում են իրեն եւս մեկ անգամ որպես ապօրինի նախագահ մեր գլխին կարգելու համար: Արամ Սարգսյանն էլ իր ելույթում՝ հիշատակելով իշխանությունների կողմից արված մեղադրանքները, թե ընդդիմությունը ռուսամետ է, եւ նկատի ունենալով ԱՊՀ դիտորդների՝ ընտրությունների վերաբերյալ գնահատականը, նշեց. «Մեզ անընդհատ մեղադրում էին, թե մենք ձեւավորել ենք ռուսամետ ընդդիմություն, իբր մենք ամբողջությամբ ռուս ենք դարձել: Հիմա մեզ մեղադրում են, իբր մենք տղա ենք բերել: Սիրելի ժողովուրդ, մենք սովորական հայ ենք եւ շատ ժողովրդամետ»: Եվ աչքալուսանք տալով իշխանություններին՝ Ա. Սարգսյանը տեղեկացրեց, որ երթերը, հանրահավաքները լինելու են ամեն օր. «Չեք մարսելու, մենք ձեզ հանգիստ չենք թողնելու»,- ազդարարեց նա՝ ավելացնելով, որ ընդդիմությունը մշակում է բոլոր այն քայլերը, որոնք կպարտադրեն Քոչարյանին հեռանալ այդ «պոստից»: Իսկ Ս. Դեմիրճյանը՝ հանրահավաքի մասնակիցներին հիշեցնելով 1-ին փուլից հետո Քոչարյանի այն հայտարարությունը, թե 2-րդ փուլում իր հաղթանակը պետք է ավելի «համոզիչ» լինի, նկատեց. «Այդ հրահանգը սրբորեն կատարեցին: Եթե արդար ընտրություն լիներ, ես առաջինը կշնորհավորեի հաղթողին, բայց ես չեմ կարող ընդունել կեղծիքն ու սուտը», եւ նշեց, որ իրենք պետք է պայքարեն, որպեսզի վերականգնվի իրենց արժանապատվությունն ու ինքնասիրությունը: Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 9-ին: Իսկ այսօր ժամը 14-ին տեղի կունենա կանանց երթ. «Մի բան է մնացել Քոչարյանն անի, որ մենք վերջնականապես խայտառակ լինենք: Այն կլինի, որ վաղը կանայք գնան, ու ինքը հանկարծ հեռանա: Մենք՝ տղամարդկանցով խայտառակ ենք լինելու»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել