Լրահոս
Օրվա լրահոսը

Ես էլ եմ այս քաղաքը կառուցել

Մարտ 07,2003 00:00

Ես էլ եմ այս քաղաքը կառուցել Այսպես է ասել հայտնի քանդակագործ, հայ արձանագործների նահապետ Նիկողայոս Նիկողոսյանը, որն իր այս խոսքը ուղղել է իր շատ սիրած Մոսկվա քաղաքին: Սակայն Սանկտ-Պետերբուրգի բնակիչներն էլ որոշ չափով իրավունք ունեն նրան համաքաղաքացի համարել, քանի որ Նիկոյի ստեղծագործական ճանապարհը հենց Հյուսիսային մայրաքաղաքից է սկսվել: Դեռ ուսանողական տարիներից անխոնջ Նիկոն մասնակցում էր բոլոր հանրապետական եւ համամիութենական (իսկ պատերազմի ավարտից հետո՝ բազմաթիվ արտասահմանյան) ցուցահանդեսների: Սակայն մինչեւ առաջին անհատական ցուցահանդեսը, որին նա այնպես ձգտում էր, վաղուց էր պատրաստվում եւ որը դարձել էր նրա նվիրական իղձը, դեռ շատ կար: Այն կայացավ միայն 1958թ., եւ արդեն հասուն վարպետի արվեստը միանգամից հայտնվեց համամիութենական քննադատության ուշադրության կենտրոնում: Այդ ժամանակ Ն.Նիկողոսյանն արդեն հասցրել էր հանդես գալ որպես վարշավյան Գիտության եւ մշակույթի պալատի քանդակների տաղանդավոր հեղինակ, որի համար 1956թ. Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը նրան Վարշավայի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց եւ մշակույթի եւ արվեստի ոլորտում արժանացրեց «Վաստակների համար» շքանշանի: Նիկողոսյանի ստեղծագործական վաղ շրջանում արդեն տեղ էին զբաղեցնում մոնումենտալ եւ մոնումենտալ-զարդարվեստային աշխատանքները: Հասկանալի տեխնիկական պատճառներով քանդակագործներին ավելի դժվար է, քան նկարիչներին, ցուցադրել եւ հանրության ուշադրությունը հրավիրել: Սակայն Ն. Նիկողոսյանի բազում քանդակներն արդեն մի քանի տասնամյակ շարունակում են զարդարել Մոսկվան, ներդաշնակվելով նրա ճարտարապետական տեսքի հետ: Եվ, օրինակ, ոչ բոլոր ուսանողներն ու դասախոսները գիտեն, որ Նիկողոսյանն անմիջական մասնակցություն է ունեցել Մոսկվայի պետական համալսարանի շենքի ստեղծմանն ու քանդակային ձեւավորմանը: Ն. Նիկողոսյանն արդեն մի քանի տասնյակ հանրաճանաչ ստեղծագործությունների հեղինակ էր եւ նույնիսկ հասցրել էր ՀԽՍՀ վաստակավոր գեղանկարչի կոչում ստանալ (1965թ.), երբ 1967թ. վարպետը պարգեւատրվեց ԺՏՆՑ-ի արծաթե մեդալով՝ Մայա Պլեսեցկայայի հայտնի քանդակային դիմանկարի համար: Վարպետը շարունակում էր աշխատել, ավելի ու ավելի գրավելով հանդիսատեսի եւ քննադատների ուշադրությունը: Առաջին պարգեւատրումից երեք տարի անց Նիկողոսյանը ստացավ ԽՍՀՄ վաստակավոր գեղանկարչի կոչում, իսկ 1976թ.՝ «Արարատյան հովտի աշխատավորուհի» գրանիտե քանդակի համար՝ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի շքանշան: Նույն այդ տարին նա որպես տարվա լավագույն աշխատանքի հեղինակ պարգեւատրվում է ԽՍՀՄ նկարիչների մոսկովյան բաժանմունքի Երկրորդ մրցանակով: Չենք սխալվի, եթե ասենք, որ Ն. Նիկողոսյանն իր ճանաչման գագաթնակետին հասավ 70-ականներին: Այն բանից հետո, երբ իրենց քաղաքին նախանձախնդրությամբ վերաբերող գյումրեցիները հավանություն տվեցին եւ ընդունեցին Նիկողոսյանի պատրաստած՝ իրենց հայրենակից Ավ. Իսահակյանի քանդակը, 1977թ. այդ արձանի, ինչպես նաեւ իր ժամանակակիցների մի շարք քանդակային դիմանկարների համար վարպետը արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի: Այս բարձր պարգեւից անմիջապես հետո Նիկողոսյանին ներկայացրին Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարչի կոչման: 1985թ. հրաշալի վարպետը ԽՍՀՄ ժողովրդական նկարչի բարձրագույն կոչում ստացավ: Նիկողոսյանը, կարծես թե, արժանացավ բոլոր հնարավոր տիտղոսներին, սակայն նա միշտ ափսոսում էր, որ քանդակն իրենից խլել է ամբողջ ժամանակը, եւ հնարավոր չի եղել ավելի լուրջ զբաղվել գեղանկարչությամբ: Միաժամանակ Ն. Նիկողոսյանն իր սերնդի լավագույն գեղանկարիչներից եւ գծանկարիչներից մեկն է: Նրա ստեղծագործությունները ձեռք են բերել Տրետյակովյան պետական պատկերասրահը եւ Արեւելքի ժողովուրդների թանգարանը, Սանկտ-Պետերբուրգի Ռուսական թանգարանը, Հայաստանի պետական պատկերասրահը եւ նախկին Սովետական Միության մի շարք թանգարաններ: Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել