Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից՝ «երկուս»

Մարտ 07,2003 00:00

Նորից՝ «երկուս» Հայաստանի լրատվամիջոցների աշխատանքը նախագահի ընտրության լուսաբանման ուղղությամբ որակական փորձագետները գնահատում են իբրեւ բացասական եւ միջազգային չափանիշներին չհամապատասխանող: Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի պրոռեկտոր Մարկ Գրիգորյանը երեկ ներկայացրեց նախագահի ընտրության երկրորդ փուլի լուսաբանման որակական դիտարկման նախնական արդյունքները: Որակական դիտարկման խումբը հանգել է մասնավորապես հետեւյալ եզրակացությունների. – զանգվածային լրատվամիջոցները ընտրությունների երկրորդ փուլում եւս չկարողացան կամ չկամեցան թեկնածուներին հավասար պայմաններ տրամադրել իրենց դիրքորոշումները ընտրողներին ներկայացնելու համար, չնայած թեկնածուների եւ նրանց շտաբների ներկայացուցիչների միջեւ մի քանի հանդիպումների անցկացմանը ուղիղ եթերում, – թեկնածուներից մեկին բացասական ներկայացնելու համար հեռուստաալիքների նպատակաուղղված աշխատանքը երկրորդ փուլում նպաստեց հասարակության մեջ առճակատման ուժեղացմանը, – ընտրարշավը լուսաբանելու ընթացքում լրատվամիջոցները չպահպանեցին էթիկայի նորմերը: Դիտարկման խումբը նշեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գործող նախագահը եւ ընդդիմադիր թեկնածուն հանդիպեցին, որ պատասխանեն լրագրողների հարցերին: Հանդիպման ձեւաչափը թույլ չի տալիս այն անվանել բանավեճ ուղիղ եթերում՝ ավելի շուտ դա մամուլի ասուլիս էր: Սակայն միայն այն փաստը, որ այն կայացավ՝ գնահատվում է դրական: Ստեփան Դեմիրճյանի համար սահմանափակ էր էլեկտրոնային լրատվամիջոցների մատչելիությունը, որոնց լրատվական եւ վերլուծական ծրագրերը ներծծված էին հակաընդդիմադիր ոգով: Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական իրադարձությունները չկարողացավ կամ չկամեցավ լուսաբանել հավասարակշռված եւ հանգիստ: Գործող նախագահին էին քարոզում անգամ մարզական նորությունների ծրագրում, իսկ ընդդիմադիր թեկնածուն ներկայացվում էր բացասական, հաճախ վիրավորական լույսի ներքո: Դիտարկման խմբի կարծիքով՝ այս ամենի հետեւանքով ստեղծվեց արատավոր շրջան. հեռուստաեթեր դուրս գալու հնարավորություն չունեցող Դեմիրճյանը ստիպված էր ընտրողներին դիմել հանրահավաքների միջոցով, որոնք դատապարտվում էին բոլոր հեռուստաալիքներով որպես «չարտոնված», հետեւաբար` անօրինական եւ հասարակական կարգը խախտող: Այդ ամենը, փորձագետների կարծիքով, ուժեղացնում էր հասարակական առճակատումը: Դիտարկման խումբը տեղեկություն է ստացել, որ ընտրարշավի ընթացքում մասնավոր հեռուստաալիքներից մեկի թղթակցին ստիպել են արձակուրդ գնալ, քանի որ ղեկավարությանը ձեռնտու չի եղել նրա ռեպորտաժների քաղաքական ուղղվածությունը: Մեկ օր անջատվել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության ռադիոծրագիրը (հենց այդ օրը հաղորդվում էր թեկնածու Ստեփան Դեմիրճյանի հարցազրույցը) եւ այլն: Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ներկայացրեց նախագահի ընտրության երկրորդ փուլի լուսաբանման քանակական դիտարկման արդյունքների նախնական հաշվետվությունը: Մասնավորապես նշեց, որՀանրային հեռուստաընկերությունը խախտել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի դրույթը, որն արգելում է հեռարձակվող հաղորդումներում այս կամ այն քաղաքական դիրքորոշման գերակշռություն: Երկրորդ փուլի տարբերիչ գծերից մեկն էր մի շարք լրատվամիջոցների անցումը հակաքարոզչության: Դա մասնավորապես դրսեւորվել է մարտի 2-ի «Օրակարգ» ծրագրում, որտեղ Ստեփան Դեմիրճյանին հատկացվել է գրեթե երեք անգամ ավելի մեծ ժամանակ, քան Ռոբերտ Քոչարյանին: Սակայն 6 նյութերից 5-ում Դեմիրճյանի հիշատակումները բացասական էին, եւ սոսկ մեկում` չեզոք: Մինչդեռ Քոչարյանի պարագայում իրավիճակը հակառակն էր` 5 սյուժեները դրական էր եւ մեկը` չեզոք: Ընդդիմության թեկնածուի նկատմամբ մի շարք ալիքներով որպես մեթոդ հակաքարոզչության կիրառումը թույլ չեն տալիս ընտրարշավի երկրորդ փուլի լուսաբանման հարցում առաջինի համեմատ արձանագրել առաջընթաց: Ինչ վերաբերում է Հայաստանի տպագիր լրատվամիջոցների աշխատանքին՝ քանակական դիտարկման խումբը նշել է, որ նրանք լրիվ չափով ապահովել են ընտրարշավի լուսաբանման բազմակարծություն: Սակայն քաղաքական գովազդի իսպառ բացակայությունը փորձագետներին հանգեցրել է այն եզրակացության, որ եթե թերթերը 2003 թ. նախագահական ընտրությունների ժամանակ որեւէ բան շուկա են հանել, ապա դա ոչ թե լրագրական մակերեսն է, այլ իրենց դիրքորոշումը: Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել