ՇԵՐԼՈԿ ՀՈԼՄՍԻ ԲԱԽՏԸ ԲԵՐԵԼ Է «Շերլոկ Հոլմսը բուխարու վրայից վերցրեց սրվակը եւ խնամքով պատրաստված տուփից հանեց ներարկիչը՝ ենթամաշկային ներարկման համար։ Ջղաձգված, երկար, սպիտակ մատներով ասեղն ամրացրեց ներարկիչին եւ քշտեց ձախ թեւքը։ Մի պահ մտազբաղ նայեց նախկին ներարկումներից ծակծկված իր մկանուտ ձեռքին։ Ապա ասեղը կտրուկ խրեց մաշկի տակ եւ բավարարված, շունչ քաշելով ետ ընկավ թավշե բազկաթոռի թիկնակին… – Այսօր ի՞նչ է,- հարցրի,- մորֆի՞, թե՞ կոկաին։ Հոլմսը ծուլորեն աչքը կտրեց գոթական տառատեսակով հին գրքից։ – Կոկաին,- պատասխանեց։- Յոթ տոկոսանոց…»: Արթուր Կոնան Դոյլի հերոսի բախտն ակնհայտորեն բերել է։ Այդ մասին առաջին անգամ մտածեցի օրեր առաջ, այցելելով Լոնդոնի բանտախցերն ու լինելով Բեյքր -սթրիթում։ Միացյալ Թագավորության ամենածանր հանցագործություններից է թմրամիջոցների ապօրինի ձեռքբերումն ու օգտագործումը։ Հատկապես մեծ է վտանգը անչափահասների շրջանում։ Երբ մենք բրիտանացի մեր գործընկերներին ասում էինք, որ Հայաստանում անչափահասների շրջանում գրեթե թմրամոլներ չկան, միակ դեպքում էր, որ նրանք նախանձում էին մեզ։ Անչափահասների գործակալության պատասխանատու Ռոնլե Մառեչալը հայտնեց, որ իրենք զբաղվում են անչափահասների հանցագործությունների խնդրով։ Մինչ այդ նկատենք, որ բոլոր հասարակական կազմակերպությունները դրամաշնորհներով իրականացնում են ծրագրեր։ Այդ ինստիտուտները ծանրակշիռ դեր ունեն պետության ներսում եւ վերահսկողական-կարգավորիչ գործառություն են իրականացնում։ Նրանք մոնիտորինգի շնորհիվ ճշտում են, թե ի՞նչ է, օրինակ, կատարվում «երեխաների հատուկ տներում», նրանց մեկուսացման վայրերում։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզել էին, օրինակ, որ հանցագործություն կատարած երեխաների 57%-ը անապահով ընտանիքներից են, ֆիզիկական եւ սեքսուալ բռնությունների զոհեր։ Ո՞ր հանցատեսակներն են երեխաները «նախընտրում»։ Պարզվում է՝ փողոցային-ավազակային հարձակումները (որպես կանոն՝ խմբերով), թմրամիջոցների օգտագործումը, հատկապես բջջային հեռախոսների գողությունը։ Ի դեպ, փոքրիկ հանցագործները մեկուսացվում են 4 ամսից մինչեւ 2 տարի ժամանակով։ Մեզ հետաքրքրեց, թե արդյոք սեքսուալ բռնություններ բանտերում լինո՞ւմ են։ Պարզվեց, որ լինում են։ Չնայած Միացյալ Թագավորության ազատազրկման վայրերում ոչ միայն կալանավորներն են առանձին պահվում, այլեւ լողարանները բաժանված են միջնապատերով։ Յուրաքանչյուր բանտում կա հոգեւոր աշխատակից։ Հաճախ կարող ես լսել «դժվար եւ հուսալի բանտարկյալներ», «ցմահ եւ երկարաժամկետ բանտարկյալներ» բառակապակցությունները։ Բոլոր դեպքերում, բազմափեշակ հանցագործների համար իրականացվում են բազմատեսակ ուսումնական ծրագրեր։ «Բանտային կանոններում» սահմանված է «Ընթերցանության նյութերի, հեռուստատեսության եւ ռադիոյի մատչելիություն»։ Վերջին հաշվով ամեն ինչ ուղղված է «Ինչպես պատրաստվել ազատ արձակվելուն» ծրագրի իրականացմանը։ Բոլոր այս տիպի ծրագրերը կոչվում են «առողջացման»։ Եվ դա պատահական չէ։ Համակարգի մասնագետների մեջ զգալի թիվ են կազմում հոգեբանները։ Վերջիններս պարապ չեն։ «Զգացմունքների վերահսկում» անվանյալ կուրսերը ոչ միայն հանցագործների համար են նախատեսված, այլ նաեւ… զոհերի հարազատների։ Հասցրինք լինել նաեւ Ֆուլհամ թաղամասի օժանդակ կամ «միջանցիկ» ազատազրկման վայրում։ Մեր պատկերացմամբ՝ գիշերօթիկ հատուկ դպրոցում։ Բավական է ընթերցել պատին փակցված գրաֆիկը։ «2003թ. 24- 28-րդ շաբաթների միջոցառումների պլանում» նախատեսված է. երկուշաբթի- ժայռեր մագլցել, երաժշտական դասընթաց, ֆիլմի դիտում, թենիս, ջրավազան, երեքշաբթի- մեքենաներով մրցավազք, դասընթաց, չորեքշաբթի- ֆիլմ, դասընթաց, հեծանվաարշավ, թենիս, վիդեո, հինգշաբթի- սահք, դասընթաց, բոուլինգ, դրսի խաղեր, ուրբաթ- Լոնդոնի ստորգետնյա բանտ, դասընթաց, մեքենաներով մրցավազք, թենիս, ջրավազան, վիդեո… Մեծ Բրիտանիայում երեխաներն ավելի շուտ են հասունանում. հանցագործների կամ պատիժը կրողների մեջ կարող ես տեսնել նույնիսկ 10-14 տարեկանների։ Կան խմբային դասդասում. 15-17 տարեկաններ, 18-21 եւ 21-ից բարձր։ Հարցերի հարցն է. ինչպես պաշտպանել երեխաներին, ինչպես զերծ պահել նրանց հնարավոր հանցագործության խայծից։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ