Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍԵՆՔ ՓԱՍՏԵՐՈՎ

Մարտ 07,2003 00:00

ԽՈՍԵՆՔ ՓԱՍՏԵՐՈՎ Դրանցից մեկն արձանագրվել է Ջրառատում «Պետք է կարողանալ արժանապատիվ կերպով պարտություն կրել, այլ ոչ թե անընդհատ սրել լարվածությունը զանգվածային խախտումների մասին տեղեկատվությամբ»,- օրերս հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Վահագն Մկրտչյանը՝ դրանք որակելով, որպես ընտրական «նոր տեխնոլոգիա»: Նրա դատողությամբ, «ընդդիմությունն իրավունք ունի խախտումների թեմայով անվերջ մամլո ասուլիսներ կանչել, սակայն Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը նախընտրում է խոսել բացառապես փաստերի լեզվով»: Ու քանի որ Վահագն Մկրտչյանն այդքան շատ է սիրում փաստերով խոսել, մենք էլ մարտի 5-ին Հրազդանի Ջրառատ գյուղում տեղի ունեցած մի մասնակի դեպքի անդրադառնանք: Այն, ինչ պատմեց այդ գյուղի բնակիչ Անիկ Գրիգորյանը, ընդամենը մի կաթիլ է ընտրակեղծիքների ու օրինախախտումների այն մեծ օվկիանոսում, որոնց վերաբերյալ ահազանգեր եւ փաստացի արձանագրություններ էին ստացվում հանրապետության ողջ տարածքից: Իսկ Անիկ Գրիգորյանը, որ ՀՀ նախագահական ընտրությունների եւ առաջին, եւ երկրորդ փուլերում եղել է թեկնածու Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցիչը գյուղի ընտրական տեղամասում, երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարեց. «Երկու անգամ էլ ահավոր վիճակում եմ հայտնվել: Մեր տեղամասում ով ինչ ուզում՝ անում էր եւ ամենաբռի ու վայրագ ձեւերով, հայհոյանքներով»: Ա.Գրիգորյանի խոսքերով, քվեարկության ընթացքում տեղամասի հանձնաժողովում Քոչարյանի անդամ հանձնաժողովականներն ու վստահված անձինք, մասնավորապես՝ Հենրիկ Կոտանյանն ու Կամո Ալեքսանյանը քվեատուփը Քոչարյանին քվեարկած քվեաթերթիկներով լցոնել են, որքան կամեցել են: «Մենք Քոչարյանի օգտին քվեարկած խրձով քվեաթերթիկներ բռնեցինք, որ ուզում էին էլի գցել քվեատուփի մեջ: Մի կերպ կարողացել եմ այսքանը՝ թվով 14 քվեաթերթիկ, ձեռքներից առնել: Վերարկուիս գրպանը պատռելով մի կերպ թաքցրել եմ աստառի տակ, որ չկարողանան էդ թղթերը իմ ձեռքից տանեն ու չկարողացան»,- արձանագրում էր Ա.Գրիգորյանը: Իհարկե, ինչպես բազմաթիվ այլ տեղամասերում, աստեղ էլ հանձնաժողովի նախագահը՝ Գագիկ Հարությունյանը, դիմադրող կանանց՝ Գոհար Նուրիջանյանին, Արմինե Բարեղամյանին ու ինձ, նաեւ տեղական դիտորդ Լուսինեին բացի հայհոյելուց ու սպառնալուց, նաեւ տեղամասից դուրս են արել: Մեր այն հարցին, թե իրենք գոնե համապատասխան արձանագրություն կազմե՞լ են, տիկին Անիկը պատասխանեց. «Բա ո՞նց, մեռնեմ ջանիդ: Կազմել ենք ու մուտք անել ենք տվել: Տեղամասում ԵԱՀԿ երկու դիտորդներ էլ ենք կանչել: Ես նրանց հոգաչափ շնորհակալ եմ: 4-5 անգամ կանչել ենք, մարդիկ եկել են, նկարել են»: Փորձեցինք ճշտել նաեւ, թե ով կամ ովքեր էին փորձել Ա.Գրիգորյանի ձեռքից տրցակով քվեաթերթիկները ետ վերցնել: «ԱԺ պատգամավոր Հարությունյան Մուշեղը, որ ասում էր՝ մեր գյուղը պետք ա հաղթի: Բայց ի՞նչը հաղթի՝ հայի-թուրքի պատերազմ է՞ր: Սա ազատ, արդար ընտրություն է՞ր: Քվեարկղը տվել էին երկու ձրիակերների ձեռքը, որ խրձով քվեաթերթիկներ էին լցնում»,- պարզաբանեց տիկինը: Նա վկայեց նաեւ, որ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլում ընդդիմադիր հանձնաժողովականներին թույլ չի տրվել քվեաթերթիկների ետեւում ստորագրել, վիճակահանություն չի եղել, «ով՝ ինչ ուզում՝ անում էր: Ոչ գիտեինք ո՞վ է քվեաթերթիկ տվողը, ո՞վ անձնագիր ստուգողը: Հենց խոսում էինք, մեզ դուրս էին հանում»: Բազմազավակ մայր տիկին Անիկն ասաց, թե իրեն վիրավորված է զգում, որովհետեւ բացի այն, որ մի հայտնի նախարարի ճնշմամբ իր վարորդ ամունուն այդ նախարարի ազգականների կողմից վերահսկվող միկրոավտոբուսի երթուղուց դուրս են արել, որովհետեւ նախարարը «նոր գազելներ էր բերել», հիմա էլ «ընտանիքիս երկու անդամներին՝ ամուսնուս ու տղայիս՝ Հոխոյան Դերենիկ, Հոխոյան Արմեն, տարել են Հրազդանի ՆԳ բաժին ու ծեծել են»: Տիկնոջ պնդմամբ, իր 50-ամյա ամուսնուն ծեծել են «միլպետ Հունանյան Բենիկն ու Աղասարյան Ալբերտը»: «Ի՞նչ է, նրանք հանցագործնե՞ր էին, ո՞վ իրավունք ուներ նրանց ծեծել: Իմ երեք տղաները Ղարաբաղում են ծառայել: Մենք պայքարում ենք ազատության համար ու դրան բռնությամբ են պատասխանում: Մենք պրեզիդենտ չենք ընտրել: Մեր պրեզիդենտին փողով գնել են: Իմ տղաները վախենում են տանը քնել, որովհետեւ ասում են՝ դու Դեմիրճյանի վստահված անձ ես: Իսկ Դեմիրճյանը հանցագործ է՞: Մենք ուզում ենք, որ մեր պրեզիդենտը Հայաստանի քաղաքացի լինի, ոչ թե… Թող ինքն ընտրվեր, թող Քոչարյանն ընտրվեր, բայց արդար ու մարդկային ձեւով, ոչ թե էդ աստիճան բռնություններով»,- վրդովված ասում էր Ա.Գրիգորյանը: Նա նաեւ պահանջում է բացել ու ստուգել այդ տեղամասի քվեաթերթիկների փաթեթներն ու արձանագրությունները. «Դեմիրճյանին տրված ձայները լրիվ սխալ են հաշվել: Գցելուց հետո էլ Դեմիրճյանի ձայները շատ են եղել: Գյուղի հալալ 90 տոկոսը կանգնել է Դեմիրճյանի համար: Եթե հնարավոր չի, խնդրում եմ մի հնար արեք մենք թողենք գնանք: Օգնեք մտնենք ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրենք. էստեղ ենք ստրուկ, գանք ձեր երկրում ապրենք: Սենց ապրել էս երկրում չի լինի»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել