Դիտորդները բանակա՞ն չեն «Մենք բավականին լուրջ հետեւություններ պետք է անենք նախագահական ընտրություններից,- երեկ խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում լրագրողներին ասաց «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:- Բայց, վերջին հաշվով, Հայաստանում կատարվեց այն, ինչը, կարծում եմ, հետագայում մի նոր վիճակ է ստեղծելու՝ դրական իմաստով»: Ճեպազրույցի պահին դեռեւս հրապարակված չէին եվրոպական դիտորդների գնահատականները մեր ընտրություններին, որոնք տեղիք են տալիս մտավախության, թե կատարվածը բացառապես բացասական հետեւանքներ է թողնելու եվրոպական կառույցներում Հայաստանի ներգրավվածության, Ղարաբաղի հիմնահարցի բանակցային գործընթացի եւ առանցքային նշանակություն ունեցող մի շարք այլ խնդիրների վրա: Սակայն Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների շարքերից արդեն հրապարակավ են հնչում պահանջներ, որ կարելի է եւ հաշվի չառնել, թե ինչ կասի Եվրոպան, դիտորդները չպիտի խառնվեն մեր ներքին գործերին, ԵԽ-ն չպիտի թելադրի, թե ինչպես ապրենք մեր երկրում8230 Մի խոսքով՝ մի՛ խանգարեք խախտումներ անել, կեղծել ընտրությունները եւ ձերբակալել ընդդիմադիրներին: «Մեկ տարի առաջ էր արդեն ընդդիմությունն ասում, որ լինելու են խախտումներ եւ ընտրակեղծիքներ: Եվ այդպես էլ մտան ընտրությունների դաշտ,- ասաց Գալուստ Սահակյանը:- Չեմ կարծում, թե որեւէ խախտում եղած լինի, որն էական ազդեցություն կունենար ընտրությունների վրա»: Դե, իհարկե, անգամ դիտորդների ներկայությամբ 40-ից ավելի քվեատուփեր լցոնելը որեւէ էական ազդեցություն չի ունենա: «Վերջին հաշվով՝ մենք ունենք ազգային մեկ խնդիր՝ մենք մեր տունը8230 կարող ենք, իհարկե, չմասնակցել կառուցելուն, բայց քանդելուն ընդհանրապես չպիտի մասնակցենք: Ի՞նչ է նշանակում՝ արտասահմանյան մի դիտորդի, որը չեմ կարծում, թե ավելի բանական է եւ արժեքավոր, ավելի շատ է ժողովուրդը հավատում, քան մեզ: Էդպես մենք ճանապարհ չենք կարող գնալ»,- «Միասնության» ղեկավարին թերեւս պիտի անհանգստացներ, որ ժողովուրդը չի հավատում հավաստիացումներին, թե մաքուր ընտրություններ են անցկացվել: Մտորելու նյութ պիտի լինի նաեւ այն, թե ով է ավելի շատ քանդում մեր տունը՝ նրա՞նք, ովքեր կեղծիքներ ու բռնություններ են գործում, թե՞ դրանց դեմ Հայաստանի դատական համակարգի պայմաններում պայքարի անհնարինությունից հուսահատ՝ միջազգային հանրությանը դիմողները: Սակայն դրա փոխարեն՝ Գալուստ Սահակյանն այսպիսի մտքեր էր արտահայտում. «Վերջին հաշվով՝ նախագահ ունենալը, նախագահ ընտրելն ազգի համար գերխնդիր չէ: Դա ընդամենը միջոց է հետագայում մեր նպատակներին հասնելու համար»: Ա. Ի.