Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հուսահատված եմ ավելի, քան հոկտեմբերի 27-ին»

Մարտ 07,2003 00:00

«Ես հուսահատված եմ ավելի, քան հոկտեմբերի 27-ին» Երկրորդ փուլից հետո ասաց Անահիտ Բախշյանը Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում սպանված Յուրի Բախշյանի կինը՝ մանկավարժ, Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Անահիտ Բախշյանը խիստ վրդովված է նախագահի ընտրությունների երկրորդ փուլից հետո։ Տիկին Բախշյանը տեղամասային հանձնաժողովում վստահված անձի կարգավիճակում է եղել եւ այն, ինչ ինքը տեսել է եւ արձանագրել, խիստ վտանգավոր է համարում երկրի ու պետականության համար. «Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի համար շատ ավելի հմուտ տեխնոլոգիաներ էին մշակված։ Հանձնաժողովների բոլոր անդամները, մեկից բացի, իրենցն էին եւ նրանցից յուրաքանչյուրն իր հերթին խախտեց օրենքը։ Առաջին փուլում ես այդպիսի համատարած բան չտեսա։ Ուղիղ երկու հարյուր ընտրողների ավել ստորագրություն կար եւ ավել քվեաթերթիկ։ Անճշտության չափն իրականում 37 էր, իսկ հանձնաժողովի նախագահ Աշոտ Արշակյանը բանակցություններ էր վարում, թե ի՞նչ կլինի, եղածն ի՞նչն է, արի անճշտությունների չափը գրենք 0։ Ես մերժեցի, չհամաձայնեցի այդ առաջարկին, բայց, միեւնույն է, հանձնաժողովի նախագահը դասավորեց թվերը եւ գրեց իր ուզած 0-ն։ Ամենակարեւորը, որ ուզում եմ ասել, հետեւյալն է՝ իրենք արձանագրությունները գրում էին այնպես, ինչպես ուզում էին»։ Ընտրությունների ընթացքում բոլորս ականատես եղանք, թե որքան անպաշտպան ու անզոր էին Ստեփան Դեմիրճյանի վստահված անձինք։ Եթե քարոզարշավի ընթացքից իր դժգոհությունը հայտնող Ռոբերտ Քոչարյանն ու իր արբանյակներն առիթը բաց չէին թողնում ասել, թե նախագահի ութ թեկնածուներ ամբողջ քարոզարշավի ընթացքում խոսում էին մեկի (այսինքն, ըստ Ռ. Քոչարյանի՝ իր) մասին, ապա ընտրության օրը պատկերը խիստ շահեկան էր Ռ. Քոչարյանի համար, քանի որ Քոչարյանի գրպանային բոլոր հանձնաժողովների բոլոր անդամները՝ բացառությամբ հատուկենտ ընդդիմադիր անդամների, աշխատեցին հօգուտ մեկի, կեղծեցին հօգուտ մեկի եւ իրենց խղճին դեմ գնացին հօգուտ մեկի։ Մեր այս դիտարկումը շարունակելով, Անահիտ Բախշյանը հաստատեց, որ հանձնաժողովի նախագահներն արձանագրությունները գրում են՝ ինչպես ուզում են. «Եվ ընդհանրապես այն, ինչ այսօր կատարվում է մեր բռնապետական իշխանությունների կողմից, պարզապես վիրավորական է մեր երկրի համար։ Բռնապետական իշխանություն հաստատողները պարզապես թքած ունեն մեր երկրի ապագայի վրա։ Ես մանկավարժ եմ, ինձ համար այսուհետ աշխատելը շատ ավելի դժվար է։ Իմ կյանքի նպատակն է մեր պետության ապագա քաղաքացիների դաստիարակությունը, ու ես այսօր խիստ դժվարին կացության մեջ եմ՝ ես չեմ կարող բաց աչքերով նայել իմ աշակերտներին, ես չեմ կարող նրանց ցույց տալ, ապացուցել օրենքի գերակայությունը, ես չեմ կարող նրանց ասել, որ երկրի համար խիստ կարեւոր է օրենքի կատարումը, որովհետեւ իրական կյանքում նրանք բոլորովին հակառակն են տեսնում։ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած իշխանությունն ամեն առումով մեր վերջն է։ Այդ իշխանությունը պատրաստ է ամեն ինչի վրայով անցնել, ոչ մի բանի առաջ կանգ չառնել։ Ես հիասթափված եմ, ես հիասթափված եմ ավելի, քան հոկտեմբերի 27-ին։ Այսօր իմ զգացումը լրիվ ուրիշ է, քան իմ ամուսնու կորուստը, դա շատ ավելի սարսափելի է, շատ ավելի ծանր է ինձ համար, որովհետեւ ես չգիտեմ ելքը, ես չգիտեմ՝ ի՞նչ անեմ»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել