«ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԵՆ ՀԱՂԹՈՒՄ» Երեկ հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը Մատենադարանի մոտ եւ կոչ արեց լավատեսության «Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ընտրողներին՝ ակտիվ մասնակցության համար։ Ես շատ բարձր եմ գնահատում այն մարդկանց ջանքերը, ովքեր այդ ահաբեկչության մթնոլորտում պայքարել են հանուն արդարության։ Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ իշխանությունները ղեկավարվում են «Իշխանության՝ ամեն գնով» կարգախոսով, որը կործանարար է մեր երկրի համար։ Նրանց չի հետաքրքրում մեր երկրի միջազգային հեղինակությունը։ Հրապարակված թվերը որեւէ կապ չունեն ժողովրդի իրական ընտրության հետ եւ չեն կարող ընդունվել իմ կողմից, եւ այդ չակերտավոր հաղթանակը «պյուռոսյան» հաղթանակ է։ Դա հաղթանակ չէ, մյուս թեկնածուն չի հաղթել, որովհետեւ սեփական ժողովրդին չեն հաղթում։ Ես ձեզ կոչ եմ անում լավատեսության։ Ես ձեզ կոչ եմ անում չվհատվել, չընկրկել եւ միեւնույն ժամանակ ուզում եմ ասել եւս մեկ անգամ, որ ես վճռականորեն շարունակելու եմ պայքարը Հայաստանում արդարություն հաստատելու համար։ Հայաստանում պետք է հաստատվի օրինական իշխանություն։ Մենք լինելու ենք սկզբունքային եւ հետեւողական։ Մենք չենք ենթարկվելու սադրանքների, մեզ համար կարեւոր է մեր երկրի միջազգային վարկը։ Ես տվել էի նաեւ առաջին փուլի գնահատականը, ես չէի ընդունել նաեւ առաջին փուլի արդյունքները, բայց ես չէի կարող չմասնակցել երկրորդ փուլին, դա կդիտվեր որպես նահանջ։ Բացի այդ, մենք մտածում էինք, որ իշխանությունները երկրորդ փուլում գոնե քիչ թե շատ տանելի ընտրություններ կապահովեն։ Բայց բոլորս տեսանք, թե ինչ տեղի ունեցավ։ Այս ամենը հանդուրժել չի կարելի։ Բռնապետությունը Հայաստանում դատապարտված է, մենք թույլ չենք տա բռնապետության հաստատում»,- Մատենադարանի մոտ երեկ տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։ Երեկվա հանրահավաքի եկածները թեպետ փոքր-ինչ հուսահատված էին իշխանությունների կոպիտ պահվածքից, բայց հույսները չէին կտրել Ստեփան Դեմիրճյանից եւ նրա թիմից եւ ուզում էին հավատալ, որ ժողովրդի համախմբված ուժը կհաղթանակի։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը եւս ժողովրդին շնորհակալություն հայտնեց ակտիվության եւ քաղաքացիական կամք դրսեւորելու համար։ Արամ Սարգսյանն ասաց. «Ակնհայտ է, որ մենք կանխատեսում էինք նաեւ այս կարգի լուծում, ակնհայտ էր, որ այս իշխանությունները չէին կանգնելու ոչնչի առաջ, բայց մենք պիտի պայքարենք, մենք պիտի անենք մեր քայլերը։ Ես կամ անուղղելի լավատես եմ, կամ ուղղակի հենց այդպես է լինելու՝ այս իշխանությունները վերջացած են։ Մենք ունենք համախմբված ժողովուրդ, մենք ունենք նվիրված ժողովուրդ, մենք ունենք իր ապագային հավատացող ժողովուրդ եւ մենք պարտվելու իրավունք չունենք։ Իսկ այն, ինչ եղավ, պրն Քոչարյան, դա ձեր հաղթանակը չի, ձեր հաղթանակը նման է մի ճանճի, որի թեւերը չարաճճի երեխան պոկել է։ Այդ հաղթանակը քոսոտ է, քոսոտ է ձեր արած քայլերի պես»։ Նախագահի երկրորդ փուլի ընտրության օրն իշխանամետ լրատվամիջոցները լուրեր տարածեցին, թե իբր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը մտել է ընտրատեղամաս եւ ատրճանակով սպառնացել է հանձնաժողովի անդամներին։ Իրականում պրն Բազեյանն իրոք մտել է ընտրատեղամաս՝ ընտրելու, եւ բառացիորեն զգուշացրել է հանձնաժողովականներին՝ առանց ատրճանակի, որ չհամարձակվեն խախտել օրենքը։ Պրն Բազեյանի ներկայացմամբ. «ընտրությունների քողի ներքո երկու փուլով տեղի ունեցավ իշխանության բռնազավթում, եւ շատ ցավալի է, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ տալիս են նման գնահատականներ (նկատի ունի ԵԱՀԿ դիտորդական առաքելության բացասական գնահատականը.- Մ. Ե.), սա դեղին քարտ է մեր պետությանը, մեր իշխանություններին, վաղը կարող են շատ ավելի խիստ քայլեր ձեռնարկվել մեր երկրի նկատմամբ, եւ իշխանությունների վարքագծի հետեւանքով տուժելու ենք մենք բոլորս, ժողովուրդը։ Մեզ կարող են կարմիր քարտ ցույց տալ։ Հետեւաբար մեր խնդիրն է՝ շարունակել դրսեւորել կամք, հասնել վերջնական հաղթանակի, երկրում ձեւավորել օրինական իշխանություն եւ հաստատել արդարություն։ Սրանք ընտրություններ չէին, կայացել էր քաղաքական որոշում եւ պարտադրանք բոլոր պետական ատյաններին, տեղական ինքնակառավարման մարմիններին՝ բերել առնվազն 70 տոկոս ձայն Ռ. Քոչարյանի օգտին, ու այդ պլանի կատարման համար ամբողջ պետական մեքենան, կառավարությունը, հարկային ու մաքսային մարմինները, ոստիկանությունը, որոշ բանակային ստորաբաժանումներ եւ այլն, լծված էին այդ գործին»։ Հրազդանի շրջանի Ջրառատ գյուղի ընտրատեղամասում Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Անիկ Գրիգորյանը հանրահավաքի մասնակիցներին պատմեց իրենց գյուղի տեղամասում կատարված ապօրինությունների մասին եւ ասաց. «Մեզ մոտ ոչ թե էլավ ընտրություն, այլ էլավ խուլիգանություն»։ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն ասաց, որ նոր ժամանակների սկիզբը պարզապես հետաձգվել է մի փոքր ժամանակով. «երկրորդ փուլի գնալու որոշումը քաղաքական էր, մեր ոչ մի պահանջ չէր կատարվել, չէին վերանայվել կեղծիքները, չէին պատժվել դրանց համար մեղավորները։ Բայց մենք դեռ խնդիր ունեինք՝ երեկվա քվեարկությունն ապացուցեց, որ այստեղ կանգնած քաղաքական ուժերը ոչ մի գործարքի մեջ չեն մտել իշխանությունների հետ, եւ ապագան պետք է վստահել նրանց։ Երկրորդը՝ կեղծիքները կատարվել են կլանային բուրգի կողմից, որը մխրճված է պետական ապարատի մեջ»։ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ստեղծված իրավիճակը, ասաց. «Սարսափելի կեղծիքներ եղան, ահավոր կեղծիքներ։ Մեծ հարված ստացավ Հայաստանը, արտաքին հարաբերությունների համար, մեծ հարված ստացավ ժողովուրդը, որովհետեւ իր վերջին հույսերը սկսեց կորցնել, թե այս երկիրը մի օր կդառնա նորմալ երկիր։ Եվ այս ամենն ինչի՞ համար՝ որովհետեւ էդ մարդը շատ է ուզում նստած մնալ այդ աթոռին»։ Իսկ ընդդիմությունն ունի համապատասխան իրավական պահանջատիրություն, համապատասխան փաստաթղթեր՝ ընտրությունների վավերականությունը վերանայելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Ըստ Վազգեն Մանուկյանի՝ փաստաթղթերը կան, պատրաստվում են, եւ Ստեփան Դեմիրճյանն ու իր կողմնակիցները կգնան սահմանադրական ճանապարհով. «Բայց դրա հետ միասին կա ժողովրդի ընդվզումը», որն ըստ իս պակաս կարեւոր չէ, քան փաստաթղթերը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ