ԷԼԻ՛ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑ Ընտրությունների 2-րդ փուլի վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական գնահատականը նույնքան կոշտ է, որքան առաջին փուլում: Նրանց դիտարկմամբ, այն նույնպես չի համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին: Ինչպես երկու փուլերի միջեւ ընկած ժամանակահատվածը, այնպես էլ քվեարկության գործընթացն ու հաշվարկումը նրանց կողմից բնորոշվել են լուրջ ու նշանակալից խախտումներով: 1-ին փուլի ընտրություններից հետո դիտորդների կողմից արձանագրված քվեատուփերի լցոնման փաստերին վերջիններս այս ընթացքում հավելել են եւս 15-ը, եւ, ինչպես երեկ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարեցին Պիտեր Այքերն ու լորդ Ռասել Ջոնսթոնը, 1-ին փուլում բազմաթիվ ընտրատեղամասերից ստացվել են նշանակալից անհամապատասխանություններ եւ «անհավանական» թվեր՝ հրապարակված վերջնական պաշտոնական արդյունքների վերաբերյալ: Դիտորդների ուշադրությունից չէր վրիպել նաեւ այն, որ իշխանությունները պատասխանատվության չեն ենթարկել այն մարդկանց, ովքեր պատասխանատու էին 1-ին փուլի ընթացքում իրականացված ընտրախախտումների համար: «Ընտրությունների 2 փուլերի միջեւ ընկած ժամանակահատվածը մթագնած էր 200-ից ավելի անձանց վարչական ձերբակալություններով, որոնք տեղի ունեցան հակառակ ԵԱՀԿ առջեւ ստանձնած պարտավորությունների եւ ԵԽ չափանիշների: Բացի այդ, դրանք հակասում էին նաեւ ԵԱՀԿ այն պարտավորությանը, որի համաձայն՝ վարչական միջոցներ չպետք է օգտագործվեն՝ թեկնածուներին իրենց կարծիքներն ազատորեն արտահայտելու հնարավորությունից զրկելու համար»,- հայտարարեց Ռասել Ջոնսթոնը՝ ավելացնելով, որ կալանքի դատապարտված առնվազն 77 անձի դատավարությունն անցկացվել է դռնփակ եւ առանց դատապաշտպանի: Դիտորդները նաեւ իրենց նախնական հայտարարության մեջ հավաստել են 3 փաստ այն մասին, որ «որպես ահաբեկություն՝ ընդդիմությանը սատարողների նկատմամբ կիրառվել են աշխատանքից ազատելու պատժամիջոցներ»: Դիտորդների գնահատմամբ, մինչ մարտի 5-ն ընկած ժամանակահատվածը տեղի ունեցած իրադարձությունները՝ ձերբակալությունները, բավականաչափ մեծ ազդեցություն են ունեցել քվեարկության ընթացքի վրա, որի պատճառով ընտրություններն անցել են «բարձր» լարվածության մթնոլորտում: Պիտեր Այքերը հայտարարեց, որ իրենց խումբն ականատես է եղել բազմաթիվ ընտրատեղամասերում տեղի ունեցած քվեատուփերի լայնամասշտաբ լցոնման դեպքերի, որոնք, իրենց իսկ բնորոշմամբ, մթագնել են ընտրական գործընթացը ողջ Հայաստանում: Դիտորդները հաստատել եւ փաստաթղթավորել են լցոնման դեպքեր Հայաստանով մեկ՝ 40 ընտրատեղամասերում՝ 0133, 0391, 0398, 0415, 0705, 0989, 1218, 1254, 1259, 1260, 1329, 1699, եւ այլն: Նաեւ այնպիսի համատարած դեպքեր, երբ կնքված ու քվեարկված քվեաթերթիկները շրջանառության մեջ են եղել տեղամասերից դուրս՝ թե՛ քվեարկության ժամանակ, թե՛ ընթացքում: Հայտարարության մեջ նշել են նաեւ կնիքների համարները՝ 0404, 1030, 1790, 1835, 2177, 2178, սակայն, ըստ դիտորդների, դրանք ընտրատեղամասերի համարների հետ չեն համընկնում: «Խնդիրներ են նկատվել նաեւ հաշվարկման ժամանակ՝ ներառյալ քվեատուփերի լցոնման լրացուցիչ դեպքեր»,- ասված է հայտարարության մեջ: Դիտորդները նշել են նաեւ այն ընտրատեղամասերը, որտեղ 1-ին փուլի արդյունքների հաշվարկման ժամանակ են լցոնվել քվեաթերթիկներ /0124, 0362, 1582, 1585, 1703, 1710/: Իսկ թիվ 0029-ում վերահաշվարկման ժամանակ հաստատվել է լցոնման մեկ դեպք, սակայն չնայած իրենց վկայությանը, լցոնված քվեաթերթիկները չէին հեռացվել ընդհանուր հաշվարկից: Բացի լցոնման դեպքերից, 1-ին փուլի պաշտոնական տվյալների վերլուծություններում, դիտորդների հավաստմամբ, առկա են եղել մի շարք անհամապատասխանություններ: Օրինակ. 124 ընտրատեղամասերում հայտնաբերվել են ավելի շատ քվեաթերթիկներ, քան տրվել է ընտրողներին, 7-ում՝ ընտրողների մասնակցությունը գրանցվածից 100 տոկոսով բարձր է եղել: Իսկ 6 տեղամասերում արդյունքները մեկ թեկնածուից տեղափոխվել են այլ թեկնածուի օգտին՝ նախնական եւ վերջնական արդյունքների հրապարակման միջեւ ընկած ժամանակահատվածում: Եղել են նաեւ տեղամասեր, որտեղ պաշտոնական արդյունքները տարբերվել են ձայների հաշվարկման ժամանակ միջազգային դիտորդների կողմից ստացված սկզբնական արձանագրություններից եւ որտեղ վերահաշվարկներ տեղի չեն ունեցել: «Մենք հուսաթափված ենք գործընթացից, մենք ավելի լավ սպասումներ ունեինք: 2-րդ փուլը շատ նման էր առաջին փուլին»,- ասուլիսում իր հիասթափությունն արտահայտեց Պիտեր Այքերը, իսկ Ռասել Ջոնսթոնն ինքն իրեն մխիթարելով նկատեց, թե երկու փուլերի ընթացքում ընկած ժամանակահատվածում «աշխարհը չէր կարող փոխվել», եւ նշեց, որ ի տարբերություն Այքերի՝ ինքը ոչ թե հուսաթափված է, այլ՝ հիասթափված: Ասուլիսում դիտորդները եւս մեկ անգամ փաստեցին, որ Հայաստանի նախագահին լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ հռչակելու լիազորություններ իրենց վերապահված չէ, եւ դա միայն Հայաստանի ժողովրդի իրավունքն է, որը կարող է ինքնուրույն որոշում կայացնել՝ վավերացնե՞լ այդքան ընտրախախտումներից հետո ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ Հայտարարությունն ամբողջությամբ՝ վաղվա համարում