Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ, արդար, թափանցիկ»

Մարտ 06,2003 00:00

«Ազատ, արդար, թափանցիկ» Նախագահական ընտրությունների առաջին փուլն «իմաստավորվեց» ընտրական զանազան կեղծիքներ կատարելագործելու տեխնոլոգիաների զարգացմամբ։ Այդ ընտրություններից, ցավոք, «դաս» քաղեց ժողովուրդը։ Իսկ դրա արդյունքն այն էր, որ երկրորդ փուլի շեմին հանրապետությունում գրեթե բոլորը, բացառությամբ Ռ. Քոչարյանի շտաբականների, համոզված էին, որ ընտրությունների արդյունքները կեղծվելու են՝ առավել «ազատ, արդար եւ թափանցիկ» մեթոդներով։ Ու ընտրակեղծիքներ հայտնաբերելու մոլուցքով տարված մարդիկ ծայրահեղությունների մեջ էին ընկնում։ Նույնիսկ չզլանալով սեփական անտեղյակությունն ի ցույց դնել՝ սեփական անձի համար արված ցանկացած «հայտնագործություն» իբրեւ ընտրակեղծիք թափահարել։ Նման մի ահազանգի հետքերով երեկ մենք պատիվ ունեցանք գնալու։ Ըստ ահազանգողի, մայրաքաղաքի Էրեբունի համայնքի թիվ 178 դպրոցի տարածքում տեղակայված ընտրատեղամասում երկու քվեատուփ պետք է տեղադրված լիներ։ Իսկ իրականում, դպրոցում պարզապես երկու ընտրատեղամաս կար։ Բանն այն է, որ ընտրական օրենսգրքի պահանջով, յուրաքանչյուր տեղամասում 2000 ընտրողից ավելի չպետք է քվեարկի։ Ուստի տարածքի մոտ չորս հազար ընտրողների ընտրական իրավունքն ապահովելու նպատակով ստեղծվել է երկու տեղամաս, երկու հանձնաժողովով։ Միակ խնդիրն այն է, որ երկու տեղամասերն էլ տեղակայված են միեւնույն դպրոցի միեւնույն միջանցքում։ Շլագբաումը կամ, հանրամատչելի լեզվով ասած՝ «շլամբավոն» սյուներից կապված ճոպաններն էին, որոնք տեղամասերը բաժանում էին իրարից։ Դրանք, ի դեպ, 415 եւ 416 տեղամասերն էին։ Երկու տեղամասերում էլ, սակայն, ակնհայտ էր դպրոցի տնօրեն եւ 415 տեղամասի հանձնաժողովի նախագահ տիկին Բալոյանի «իշխանությունը»։ Քանզի 415 տեղամասի հանձնաժողովի նախագահ (հավանաբար նույն դպրոցի ուսուցչուհի) Մարիետա Ապերյանը սեփական նախաձեռնությամբ սկսեց փնտրել դպրոցի տնօրենին, որն այդ պահին տեղում չէր, որպեսզի «ինքը պատասխանի մեր հարցերին»։ Իսկ տիկին Բալոյանը նույն միջանցքում գտնվելու փաստն այսպես պարզաբանեց. «Սա նայել են ԵԱՀԿ եւ տեղական դիտորդները, շտաբները։ Տարածությունը մեծ է եւ օրենքի խախտում չեն դիտել։ Իրար չենք խանգարում, ոչ մի խնդիր էլ չի առաջանում»։ Իսկ ընտրատեղամասեր մտնելուց առաջ դպրոցի բակում Վեներա Հարությունյանը, որը տեղամասից դուրս եկավ աննկարագրելի վրդովմունքով, ճչում էր. «Այ սենց եք արել, որ ժողովրդին մահի առաջ եք տանում։ Էդ օրենքի խախտում ա, դուք իրավունք չունեք»։ Պարզվեց, որ «էն տղեքը» (թե հատկապես որոնք՝ չկարողացանք ճշտել) կնոջ ձեռքից վերցրել են քվեաթերթիկը, որ «տեսնեն, թե ում եմ քվեարկել»։ Փաստն, իհարկե, չէր արձանագրվել։ Ավելին, տիկին Բալոյանը այսպիսի մեկնաբանություն արեց. «Նա հոգեկան հիվանդ է»։ Ի դեպ, այս համոզմունքը հիմնված է բացառապես հետեւյալի վրա՝ «դա մենք գիտենք որպես թաղի բնակիչներ… Խեղճ, միայնակ կին է։ Նախորդ ընտրությունների ժամանակ էլ էսպիսի տեսարան սարքեց»։ Իսկ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Սերժ Հարությունյանը «դա թյուրիմացություն» որակեց եւ բացառեց ամեն տեսակ «կեղծիքների ու կարուսելների» գոյությունը։ Վերջինի մասին ահազանգն, ի դեպ, նույնպես ստացել էինք։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել