Լրահոս
Օրվա լրահոսը

Տատիկին ինձ վստահեցին

Մարտ 06,2003 00:00

Տատիկին ինձ վստահեցին Եվ ես խախտեցի օրենքը Առավոտյան մտա Երեւանի 148-րդ դպրոցում տեղակայված թիվ 0143/07 ընտրատեղամաս՝ քվեարկելու: Մի տատիկ հազիվհազ հասել էր տեղամաս, ստացել քվեաթերթիկը, բայց ոչ մի կերպ չէր կարողանում անհրաժեշտ նշումը կատարել: Պարզապես չէր տեսնում: Նրա հետեւից մտավ հանձնաժողովից մի տղամարդ, հետո մի թեթեւ իրարանցում եղավ: Տղամարդը դուրս եկավ քվեախցիկից ու անմիջապես շրջվեց իմ կողմը՝ խնդրելով տատիկին օգնել: Ինչո՞ւ հենց ինձ: Գուցե պատահականություն էր, գուցեեւ ով լինե՞լս իմացան: Ամեն դեպքում՝ վստահելու իրավունք չունեին: Ես էլ իրավունք չունեի ինձ վրա վերցնել տատիկին օգնելու պատասխանատվությունը: Բայց վերցրի, որովհետեւ, ըստ օրենքի, տատիկը պետք է քվեարկելու գար իր խնամակալի հետ, համենայնդեպս նրա հետ, ում վստահում էր: Եվ քանի որ մենակ էր, չէր բացառվում, որ հանձնաժողովի որեւէ անդամ տատիկի ուզած վանդակում չաներ անհրաժեշտ նշումը: Բայց ինչ երաշխիք, որ ես անկեղծ էի լինելու: «Ո՞ւմ եք ընտրում»,- հարցրի տատիկին: «Դեմիրճյանին, նա է մեզ…»,- տատիկի մտորումներն ու բացատրություններն ակնհայտորեն Կարեն Դեմիրճյանի մասին էին: Ես նշում արեցի նրա ուզած վանդակում, թեպետ կարող էի կեղծել. նա չէր տեսնի: Սակայն կեղծեցի, երբ հարցրեց, թե ում եմ ես ընտրելու: Կեղծեցի, որովհետեւ տատիկը լավ չէր տեսնում, սակայն ոտքով-ձեռքով էր եւ դեռ փայտ էլ ուներ ձեռքին: Առաջին փուլում, ինչպես գիտենք, մեր հաշմանդամ ընտրողների, ինչպես նաեւ քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցողների համար օրենքով սահմանված կարգով պայմաններ չապահովվեցին: Մինչդեռ ԿԸՀ սահմանած հատուկ կարգով ընտրություններից առաջ համայնքի ղեկավարները պարտավոր են ժամանակավոր սարքավորումներով ապահովել վերոնշյալ անձանց մուտքը տեղամաս: Բացթողնման մասին վկայեցին նաեւ դիտորդները՝ փաստելով, որ դա մարդու իրավունքների համընդհանուր կոնվենցիայի կոպիտ խախտում է, եւ միջանկյալ նշելով նաեւ, որ Հայաստանում մեռածներն ու ծերանոցի ծերերը քվեարկել են, բայց իրենց տանն ապրողները՝ ոչ: Ի դեպ, քաղաքակիրթ շատ երկրներում, կույր կամ գրելու լիարժեք ունակություն չունեցող մարդն այնուամենայնիվ ինքն անձամբ, առանց միջնորդությունների է օգտվում իր իրավունքներից: Այսպես՝ նրանք վերցնում են քվեաթերթիկն ու ցանկացած նշում անում դրա վրա՝ թեկուզ սխալ: Ճիշտ է, քվեաթերթիկն այդ դեպքում համարվում է անվավեր, բայց ընտրողն, այնուամենայնիվ, օգտվում է իրեն վերապահված իրավունքից: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել