Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՄԱՆՔ ՊՆԴՈՒՄ ԷԻՆ, ՄՅՈՒՍՆԵՐԸ՝ «ՀԱԹԱԹԱ» ՏԱԼԻՍ

Մարտ 06,2003 00:00

ՈՄԱՆՔ ՊՆԴՈՒՄ ԷԻՆ, ՄՅՈՒՍՆԵՐԸ՝ «ՀԱԹԱԹԱ» ՏԱԼԻՍ Խմբագրությունն ահազանգ էր ստացել այն մասին, որ Աջափնյակ համայնքի 155 դպրոցում տեղակայված 0195/09 ընտրական տեղամասում լուրջ խախտումներ կան։ Ահազանգողը պնդում էր, որ Աջափնյակի թաղապետ Արծրուն Խաչատրյանը, իր մարդկանցով շրջապատված, ընտրատեղամասի մուտքի մոտ ընտրողներին է բաժանում թեկնածուներից մեկի օգտին քվեարկած քվեաթերթիկներ։ 0195/09 ընտրական տեղամասի հանձնաժողովականները եւ նախագահի թեկնածուների վստահված անձինք, սակայն, հերքեցին այդ լուրը։ Թե՛ ՏԸՀ նախագահ Նազիկ Ուռուտյանը, թե՛ Ռ. Քոչարյանի վստահված անձինք եւ թե՛ «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը վստահեցրին, որ ընտրատեղամասում ամեն ինչ նորմալ է, սակայն այլ կարծիքի էին Ստեփան Դեմիրճյանի վստահված անձինք։ Օֆելյա Մհերյանը (Ս. Դեմիրճյանի վստահված անձ), օրինակ, կարծում էր, որ կնիքները արդեն օգտագործված էին (թաց էին), ինչի մասին արձանագրություն էր կազմվել, որի տակ հանձնաժողովի նախագահը եւ անդամները հրաժարվել էին ստորագրել։ Ըստ Օֆելյա Մհերյանի, բավականին ուշ (մարտի 4-ին լույս 5-ին)՝ ժամը 5-ին նոր ստացել էին քվեաթերթիկները, ինչի վերաբերյալ պատճառաբանությունը (որ իբր հերթ էր) համարում էր անհիմն։ Նրա ասածը հաստատեց նաեւ Ստեփան Դեմիրճյանի մյուս վստահված անձը՝ Էդիկ Իսկանդարյանը. «Մենք արձանագրություն ենք կազմել, որովհետեւ կասկածներ կային, որ կնիքն օգտագործված է։ Շտաբի խնդրանքով որոշել էինք բարձիկի վրա կարմիր թանաք լցնել, որպեսզի կանխեինք նույն կնիքով նախօրոք կնքված բյուլետենների հնարավոր մուտքը։ Սակայն հանձնաժողովի նախագահը չհամաձայնեց մեզ հետ»։ Նա ուրիշ նկատառում էլ ուներ, այն, որ «ներկա հանձնաժողովի կազմը չի համապատասխանում երկրորդ փուլ անցած թեկնածուներին։ Այս հանձնաժողովն աշխատել է այն ժամանակ, երբ առաջին փուլում 9 թեկնածուներ էին՝ տարբեր կուսակցություններ ներկայացնող։ Նախագահական ընտրությունների 2-րդ փուլում մնացել են 2 թեկնածու, իսկ 9 հոգանոց հանձնաժողովում ՀԺԿ-ն ոչ մի ներկայացուցիչ չունի։ Այս առումով երկու թեկնածուները անհավասար դաշտում են»։ Երբ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձինք փորձում էին որեւէ հարցի մասին իրենց մտահոգությունն ու անհանգստությունը հայտնել, Ռ. Քոչարյանի վստահված անձը՝ Իգոր Սարգսյանը փորձում էր կանխել վերջիններիս։ Ավելի ճիշտ, «հորդորում» էր մյուս թեկնածուի վստահված անձանցից «թաքուն» ոչինչ չասել։ «Ձեզ կարող է այնպիսի նկատառում հայտնեն, որ մենք տեղյակ չլինենք եւ ուրիշ բան դուրս գա»,- ասում էր նա։ ՏԸՀ նախագահն էլ, երբ Դեմիրճյանի վստահված անձինք դժգոհում էին ինչ-ինչ բացթողումներից, արդարանում էր, որ ինքն առաջին անգամ է հանձնաժողովի նախագահի դերում։ ՏԸՀ նախագահի տեղակալ Սամվել Սարգսյանը, ի տարբերություն մյուսների, ոչ միայն հրաժարվում էր պատասխանել «Առավոտի» հարցերին, այլեւ «հաթաթա» տալիս Դեմիրճյանի վստահված անձանց։ Վերջիններիս վրա, թերեւս, ճնշումներ կային, որովհետեւ գերադասում էին խախտումների մասին խոսել «չար աչքից հեռու»՝ ընտրատեղամասից դուրս։ Զարմանալի էր նաեւ այն, որ ընտրատեղամասի շուրջը մարդկային կուտակումներ կային, այն դեպքում, երբ օրենքով արգելվում է նրանց ներկայությունը 50 մետր շառավղով։ Ընտրողները եւս գոհ չէին ընտրությունների ընթացքից, սակայն հրաժարվում էին այդ մասին խոսել։ Նրանցից մեկը՝ Սոֆիկ Հովհաննիսյանը, ի մի բերելով ողջ համարձակությունը, տեղեկացրեց, որ դեռ մեկ շաբաթ առաջ Աջափնյակ համայնքի դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները հավաքել են թաղամասի բնակիչների անձնագրերը ու իրենց «գործը տեսել»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել