Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի ցինիկ՝ քան նախորդ անգամ»

Մարտ 06,2003 00:00

«Ավելի ցինիկ՝ քան նախորդ անգամ» Երեկ մինչեւ կեսօր ստացված տեղեկությունների հիման վրա այս կարծիքին էին հանգել Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբում։ «Տպավորությունս այն է, որ ընտրությունների երկրորդ փուլի ընթացքն ավելի վատ է, քան առաջին փուլինն էր»,- կարծիքն ամրագրեց Վազգեն Մանուկյանը։ Ստեփան Դեմիրճյանին ընդամենը աջակցող այս շտաբում ժամը 14:30-ի դրությամբ արդեն արձանագրվել էր կոպիտ խախտումների 11 դեպք։ Զանգերն սկսվել են առավոտյան ժամը 10-ից, հեղինակները հանձնաժողովների «յուրային» անդամներն են, վստահված անձինք, մի քանի ահազանգ էլ եղել էր պատահական ընտրողների կողմից։ Խախտումների «տեսականին» այս անգամ էլ չի փոխվել, ավելացել է միայն խախտումներ կազմակերպողների եւ իրագործողների ցինիզմը։ Այսպես ուրեմն, Շիրակի մարզի Երազգավորս գյուղի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը ստիպել է գյուղացիներին քվեարկել բաց թերթիկներով, կոպտել է Ս. Դեմիրճյանի վստահված անձին, ինչն արժանացել է հանձնաժողովի խրախուսանքին։ Վայոց ձորից տեղեկացրել են, որ համարյա բոլոր տեղամասերում ընթանում է բաց քվեարկություն։ Գյումրիի երկաթգծի կայարանի շենքի տեղամասում ժամը 11:20-ի դրությամբ քվեատուփն արդեն «բերնեբերան» լցվել է։ Դա այն դեպքում, երբ նույն՝ 5-րդ տեղամասն ընտրությունների առաջին փուլում հազիվհազ ապահովել է 700 քվե։ Էջմիածնի Փարաքար գյուղի ընտրատեղամասից հանձնաժողովի անդամը գրավոր բողոք է ներկայացրել՝ մի քանի անգամ քվեատուփը լցոնելու փաստի արձանագրությամբ։ Նույն մարդու մի քանի անգամ քվեարկելու եւ բաց քվեարկության փաստ է գրանցվել Վեդի քաղաքի 0636 տեղամասում։ Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա այստեղ գործը հասել է հասարակ քաղաքացիների հանդեպ կոպիտ բռնություններին։ Կենտրոնի Աճառյան դպրոցի տեղամասից մի ընտրող կին տեսել է, թե ինչպես են տարեց մի մարդու ծեծելով դուրս հանում տարածքից։ Պարզվում է, քաղաքացին նկատում է, որ ինչ-որ մեկը քվեաթերթիկների տրցակ է խցկում տուփի մեջ, փորձում է ուշադրություն հրավիրել, ինչի համար էլ արժանանում է «քոթակի»։ Էրեբունու 68 դպրոցում քվեարկած մի ընտրող էլ մեզ զանգահարեց։ «Զինված խուժանների մի խումբ մտել էր ներս, ինչ ուզում՝ անում էր, Դեմիրճյանի վստահված անձն էլ՝ երիտասարդ աղջիկ, լացակումած նստած էր, ուզում էի իմանալ՝ ինչ է եղել, ինձ դուրս հանեցին տեղամասից՝ հրելով ու վրաս բղավելով»,- պատմեց նա։ Երբ բողոքը հասցրինք համապատասխան շտաբ, խոստացան ԵԱՀԿ դիտորդ ուղարկել տեղամաս։ Շարունակենք, Քանաքեռ-Զեյթունի (5-րդ ընտրատարածք) 0098 տեղամաս են ժամանել 64 ՕՕ 234 պետհամարանիշի «Նիվա» ավտոմեքենայով տղամարդիկ, եւ մի անձնագրով կամ առանց անձնագրի մի «փունջ» քվեաթերթիկներ գցել ու դուրս եկել։ Նույն տեղամասից մի խումբ ընտրողներ բողոքեցին, թե «իրենց անունով արդեն քվեարկված է եղել», դիմել են Դեմիրճյանի վստահված անձին՝ կրկին երիտասարդ աղջիկ, նա էլ, թե՝ «էսքան մարդու դեմ ես ի՞նչ կարամ անեմ»։ Ընդհանրապես, թե ընտրությունների, թե դրանց միջանկյալ օրերին անհաշիվ են Ստեփան Դեմիրճյանի վստահված անձանց ու հանձնաժողովականների դեմ կիրառված բռնարարքները, հաշվեհարդարի սպառնալիքները։ Պատահական չէ, որ նրանցից շատերն առաջին փուլից հետո ուղղակի հրաժարվել են աշխատել երկրորդ փուլում։ Դրան գումարած՝ մի շարք հանձնաժողովների նախագահներ էլ թույլ չեն տվել Դեմիրճյանի շտաբից նորանշանակ անդամների (ինչն Ընտրական օրենսգրքի խախտում է), եւ շատ տեղամասեր մնացել են միայն քոչարյանամետ «ժողովականներով»։ Նշենք միայն մեկ օրինակ՝ մայրաքաղաքի 2-րդ ընտրատարածքի (Նոր Նորք) 23 տեղամասերից 6-ում (0037-ից 0042) այս անգամ ընտրություններն անցել են առանց Ստեփան Դեմիրճյանի կողմնակից հանձնաժողովի անդամի։ Այս պայմաններում ինչպես կընթանա քվեների հաշվարկը՝ դժվար չէ գուշակել։ Անդրադառնալով նույն «հարթակում կռվող» Վազգեն Մանուկյանի եւ Ստեփան Դեմիրճյանի շտաբների համագործակցությանն, ասենք, որ դրանք գործում էին անջատ, չկար տարածքների կամ աշխատանքի կոնկրետ բաժանում։ Մի շարք հանձնաժողովներում Դեմիրճյանի մարդկանց փոխարեն տեղավորված Վ. Մանուկյանի մարդիկ այն հիմնական աղբյուրներն էին, ում զանգերով աշխատում էր Վազգեն Մանուկյանի շտաբը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել