Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԸ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ

Մարտ 06,2003 00:00

ՕՐԵՆՔԸ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ «Անձնագի՛րդ ցույց տուր» Ընտրախախտումներին վերաբերող հերթական ահազանգն այն մասին էր, թե թիվ 40 դպրոցում տեղակայված 0325/15 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, ԱԺՄ ներկայացուցիչ Ադրինե Ավագյանին անձնապես վիրավորել եւ դուրս են արել։ Խմբագրություն ահազանգած ԱԺՄ կուսակցության անդամ Վարդան Վարդանյանն ասաց, որ իրենք շտապում են նշյալ տեղամաս՝ միջադեպի պատճառները պարզաբանելու։ Եվ ցանկանում են, որպեսզի այդ ամենը լրագրողի ներկայությամբ լինի։ Շտապեցինք նշված տեղամաս։ Բայց քանի որ հանձնաժողովի նախագահ Կարեն Միրաքյանը «գիշեր-ցերեկ» ուսումնասիրել էր Ընտրական օրենսգիրքը, ուստի ընտրատեղամաս մտնելիս լրագրողից (տվյալ դեպքում՝ «Առավոտի» թղթակցից), բացի ներկայացված վկայականից, համառորեն նաեւ անձնագիր էր պահանջում. «Ես ինչպե՞ս համոզվեմ, որ դուք այս մարդն եք»։ Ի դեպ, վկայականը լուսանկարով էր։ Կես ժամ շարունակ բանավիճելուց հետո, պարոն Միրաքյանին օրենքից քաջատեղյակները կողքից հուշեցին, որ լրագրողի համար անձնագրի առկայությունը պարտադիր չէ։ «Վիրավորվածը»՝ Ադրինե Ավագյանը, այդ պահին վերադարձել էր ընտրատեղամաս եւ շարունակում էր աշխատել։ Իսկ տեղի ունեցած միջադեպն Ադրինեն այսպես մեկնաբանեց. «Այս ընտրություններին իմ նկատմամբ վատ վերաբերմունքը ես համարում եմ միտումնավոր։ Պատճառն այն է, որ առաջին փուլում ես այս տեղամասում եմ աշխատել եւ ընտրողներից մեկին թույլ չեմ տվել տրցակով քվեաթերթիկ լցնել, ինչի պատճառով քաշքշուկ է տեղի ունեցել եւ միջամտել է ոստիկանությունը»։ Երիտասարդ աղջիկը նաեւ հավաստեց, որ ընտրությունների առաջին փուլում իրեն ծեծել են, ինչի հետեւանքով վնասվածքներ է ստացել. քերծվել է ճակատը, ձեռքերը, մարմնին կապտուկներ են առաջացել։ «Այսօր Ստեփան Դեմիրճյանի վստահված անձը ինձ բլանկ տրամադրեց, որպեսզի ես հատուկ կարծիք գրեմ, ինչը հանձնաժողովի անդամներին բորբոքեց»,- պատմում է Ա. Ավագյանը։ Նշենք, որ հանձնաժողովի անդամ Ադրինե Ավագյանը երեկ իրենց տեղամասի քվեաթերթիկները կնքողն էր եւ ասաց. «Քվեաթերթիկները կնքելու պահին ես քվեարկողներից պահանջում էի նաեւ անձնագիր՝ համոզվելու համար, որ այդ մարդը հաշվառված է այդ հասցեում, դրանից հետո միայն կնքում էի քվեաթերթիկը։ Սակայն հանձնաժողովի քարտուղարը, որ կողքիս էր նստած, գոռաց ինձ վրա, թե իբր ես Ընտրական օրենսգրքի խախտում եմ անում։ Ես հստակ գիտեմ, որ Ընտրական օրենսգրքում գրված է՝ «Քվեաթերթիկը կնքող պատասխանատու անձը պետք է համոզված լինի տվյալ ընտրողի հաշվառված լինելու մեջ՝ դրանից հետո քվեաթերթիկը կնքի»։ Ա. Ավագյանի խոսքերով, ինքը փորձում է օրենքը մեջբերելով խոսել, սակայն հանձնաժողովի անդամներից ոմանք «դա ընդունում են որպես անձնական վիրավորանք եւ ուզում են ինձ հավասարակշռությունից հանել, որպեսզի «գլխիս սարքեն»։ Միջադեպից հետո էլ նույնիսկ ընտրողների ցուցակը իրեն չտրամադրեցին։ Ավելին, «եկավ այդ ընտրատարածքի անդամ, որը հատուկ կարծիքի բլանկը ձեռքին մոտեցավ ինձ ու ասաց, որ եթե ես ընտրությունների վերջում ամփոփման համար փորձեմ կարծիք գրել՝ իմ դեմ է դուրս գալու։ Եվ ես դրա համար ներքին գործերում պատասխանատվության եմ ենթարկվելու»։ Միջադեպի վերաբերյալ փորձեցինք նաեւ հանձնաժողովի նախագահի պարզաբանումները ստանալ, սակայն պրն Միրաքյանը չցանկացավ այդ անել ձայնագրիչի առկայությամբ։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել