Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե երկրորդ փուլ չլիներ, ապա պետք էր այն հորինել»

Մարտ 06,2003 00:00

«Եթե երկրորդ փուլ չլիներ, ապա պետք էր այն հորինել» Երեկ ժամը 11-ին Երեւանի Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 0351 ընտրատեղամասում քվեարկեց գործող նախագահ, նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: Նա երեկ մեծ ջանքեր էր գործադրում՝ ցույց տալու համար, թե իր տրամադրությունը բարձր է ու «հաղթողական»: Թերեւս շատերն են հիշում, թե ինչպես էր Ռոբերտ Քոչարյանն արձագանքել «Ա1+» հեռուստաընկերությանը լիցենզիայից զրկելու հանգամանքին՝ ասելով, որ եթե չլիներ նման հեռուստաընկերություն, ապա հարկ կլիներ այն «հորինել»: Ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ նրա կարծիքը նույնն է, ինչը, եթե հաշվի առնենք «Ա1+»-ի դեպքը, իր համար այնքան էլ լավ ավարտ չի ենթադրում, քանի որ դրանից հետո պարզապես դադարեցվեց «Ա1+»-ի հեռարձակումը: Ընտրությունների երկրորդ փուլի եւ իր տրամադրության վերաբերյալ երեկ Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին ասաց. «Տրամադրությունս նորմալ է: Եթե երկրորդ փուլ չլիներ, ապա պետք էր այն հորինել»: Քվեարկությունից հետո Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե եթե որեւէ ընտրատեղամասում խախտում արձանագրվի, կպատժվե՞ն արդյոք տվյալ հանձնաժողովների անդամները, ասաց. «Պատժում է դատախազությունը, նախագահը չի: Պետք է ընդունված կարգով դիմել դատախազություն, եւ ամեն ինչ օրինական շարունակությունն է ունենալու: Նախագահը ոստիկան չի»: Իսկ ինչ վերաբերում է նպաստելուն, որպեսզի պատժվեն համապատասխան հանձնաժողովականները, Քոչարյանը վստահեցրեց, թե ինքն, անշուշտ, անպայմանորեն նպաստելու է դրան: Իսկ թե ինչպես եւ ինչ մեխանիզմներով, նա չմասնավորեցրեց: Նա նաեւ նշեց, թե ինքը տեղյակ չէ այն մասին, որ նախորդ օրը տարբեր անհեթեթ պատճառներով ձերբակալվել են Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները՝ հայտարարելով. «Ես տեղյակ չեմ, թե ինչ են հայտարարել իմ մրցակցի շտաբում: Այդ առթիվ դուք կարող եք դիմել ոստիկանություն կամ դատախազություն: Չեմ կարծում, որ դա համապատասխանում է իրականությանը»: Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք ինքը գո՞հ է իր մրցակցի հետ տեղի ունեցած հեռուստաբանավեճից, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Վտանգավոր է, երբ մարդ ինքն իրենից գոհ է լինում»: Ինչեւէ, երեկ նա ընտրության էր եկել տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի, դստեր եւ չափահաս որդու հետ: Նույն ժամին թիվ 0351 ընտրատեղամասում էր նաեւ ԵԽ դիտորդական առաքելության ղեկավար լորդ Ռասել Ջոնսթոնը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել