Լրահոս
Օրվա լրահոսը

Որ չստացվի՝ «ադնա բաբա սկազալա»

Մարտ 06,2003 00:00

Որ չստացվի՝ «ադնա բաբա սկազալա» Նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար Վահագն Մկրտչյանը, ինչպես ընտրությունների առաջին, այնպես էլ երկրորդ փուլի ընթացքը երեկ ժամը 20-ի դրությամբ գնահատում էր բավարար: Չնայած մեր համառ ջանքերին, Քոչարյանի նախընտրական շտաբը հրաժարվեց օրվա ընթացքում մեզ տրամադրել իրենց մոտ գրանցված ահազանգերը՝ պատճառաբանությամբ, թե դրանք կհրապարակեն միայն այն ժամանակ, երբ կամփոփվեն ու կստուգվեն իրենց կողմից: Այդ տվյալները չվստահեցին անգամ այն դեպքում, երբ ցանկություն հայտնեցինք ինքներս այցելել այն ընտրատեղամասերը, որտեղից ստացվել են իրենց հիշատակած ահազանգերը: Նշենք սակայն, որ ինչպես ընտրությունների 1-ին փուլում, այնպես էլ 2-րդ փուլում Քոչարյանի շտաբի կողմից մատնանշված, այսպես կոչված, ահազանգերը հիմնականում վերաբերում էին նրան, թե ինչպիսի տեղեկատվություն է տարածվում ինտերնետային սայթերում, եւ թե դրանցից քանիսն են իրենք ստուգել ու պարզել, որ չեն համապատասխանում իրականությանը: Վահագն Մկրտչյանի գնահատմամբ, Ստ. Դեմիրճյանի շտաբի եւ նրա վստահված անձերի ընտրատեղամասերում արձանագրված տվյալները սադրանք են՝ շինծու ու կեղծ: «Ընտրություններից դեռ մեկ ժամ չէր անցել, բայց արդեն հասկանալի էր, որ մեր մրցակից թեկնածուի շտաբը եւ համախոհները որդեգրեցին նոր մարտավարություն, եւ ընտրական նոր տեխնոլոգիաների կիրառում: Այն է՝ որքան կարելի է մեծ թվով դժգոհություններ ու բողոքներ ներկայացնել ընտրությունների ընթացքի վերաբերյալ: Եվ որպես կանոն՝ շինծու, անհիմն, այսինքն՝ կարեւորը քանակն էր»,- ասաց Վ.Մկրտչյանը: Իսկ նման «շինծու» դժգոհությունների նպատակը, ըստ նրա, մեկն էր. կասկածի տակ դնել ընտրությունների ընթացքը եւ վարկաբեկել ընդհանրապես ընտրական գործընթացը երկրորդ փուլում: «Ըստ էության, մեր մրցակից թեկնածուն որոշակի լուրջ «աշխատատեղեր» էր ստեղծել այդ առումով: Երեւում է, որ նախապատրաստված էին շատ լավ՝ քանակ գրելու համար»,- հայտարարեց Վ. Մկրտչյանը՝ ավելացնելով, թե իրենք ունեն բազմաթիվ ահազանգեր, երբ Դեմիրճյանի վստահված անձինք անընդհատ փորձել են ձախողել ընտրահանձնաժողովների բնականոն ընթացքը՝ «կեղծ կասկածների, ահազանգերի, խուճապների, տեղում սկանդալներ սարքելու» միջոցով: 2-րդ փուլում Քոչարյանի շտաբը մի բան է հասկացել՝ «թացն ու չորն իրարից խառնվում է: Արդյունքում չես կարողանում պարզել իրական խախտումների քանակը, որովհետեւ ժամանակ է պետք՝ խորանալու, թե որն է ճիշտ, որը՝ սուտ, որպեսզի չստացվի, թե՝ «ադնա բաբա սկազալա»: Կամ՝ եթե հարեւան սենյակում մարդ ու կնիկ ինչ-որ բան են իրար հետ անում, ենթադրեն, թե հանկարծ կարող է՝ ընտրակեղծիք են անում»,- ասաց Վ. Մկրտչյանը: Արդյո՞ք Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբի ահազանգերը, որոնք հետո ենթարկվում են ուսումնասիրության, վերաբերում են բացառապես Ս. Դեմիրճյանի շտաբի կողմից արձանագրված ընտրակեղծիքներին, որոնք վերագրվում են իրենց շտաբին: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Վ. Մկրտչյանը պատասխանեց. «Քավ լիցի, դա ԿԸՀ- ն թող ուսումնասիրի ու ինքն էլ մեզ պատասխան տա, թե դրանք որքանով են համապատասխանում իրականությանը»: Նա նշեց, որ իրենք համակարգչային 4 էջանոց ահազանգ ունեն, որտեղ կան լցոնման, աշխատանքների կազմալուծման եւ սպառնալիքների դեպքեր: Լ. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել