Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵԼԻ ՎԱՏ, ՔԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼՈՒՄ

Մարտ 06,2003 00:00

ԱՎԵԼԻ ՎԱՏ, ՔԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼՈՒՄ 2-րդ փուլում քվեաթերթիկներ էին լցնում արդեն հանձնաժողովների անդամները. ասված էր, չէ՞ «կազմակերպված պետություն» դառնալու ճանապարհին ենք: Մարտի 4-ի ուշ երեկոյան եւ մարտի 5 ընթացքում ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանին եւ, որոշ դեպքերում՝ գլխավոր դատախազ Արամ Թամազյանին նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի անդամները հասցեագրում էին հետեւյալ դիմում-բողոքները, խնդրելով անհապաղ ձեռնարկել միջոցներ օրենքի պահանջների կոպիտ ոտնահարումները վերացնելու ուղղությամբ: Գրիգոր Հարությունյանի ստորագրած բողոքներից … Մարտի 4-ին ժամը 19:30-ի սահմաններում Դեմիրճյանի վստահված անձ Արմեն Սահակյանը, ներկայանալով թիվ 69 դպրոցում (Շենգավիթ) տեղակայված թիվ 0296 ընտրատեղամաս, ցանկացել է, ըստ պայմանավորվածության, փոխարինել այնտեղ գտնվող մյուս վստահված անձ Գայանե Ալեքսանյանին: Սակայն հանձնաժողովի նախագահը նրան թույլ չի տվել մասնակցել հանձնաժողովի նիստին: Այս առթիվ ծագած բանավեճին միջամտել է ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող ոստիկանության աշխատակից, սերժանտ Արմեն Այվազյանը՝ անպարկեշտ արտահայտություններով վիրավորելով Դեմիրճյանի վստահված անձանց եւ խոչընդոտելով հանձնաժողովի աշխատանքը: Նկատի ունենալով, որ վերոհիշյալ միջադեպում առկա է ոչ միայն վստահված անձի լիազորությունների իրականացումն ապօրինի խոչընդոտելու, այլեւ խուլիգանության ակնհայտ հատկանիշներ, խնդրում ենք հարուցել քրեական գործ եւ լուծել մեղավոր անձանց պատասխանատվության հարցը: … Մարտի 4-ին, երեկոյան ժամը 23-ի սահմաններում, անհայտ անձի կողմից Ստեփան Դեմիրճյանի կենտրոնական նախընտրական շտաբ են հանձնվել ՀՀ նախագահի ընտրության երկրորդ փուլի թվով 50 քվեաթերթիկներ՝ կնքված հանձնաժողովի կնիքով, ստորագրված եւ քվեարկված Ռ. Քոչարյանի օգտին: Խնդրում եմ քրեական գործ հարուցել սույն փաստի առնչությամբ: … Առինջի ընտրական տեղամասում հանձնաժողովի անդամներն իրենք են նշում քվեաթերթիկների վրա Ռ. Քոչարյանի անունը եւ տալիս ընտրողներին՝ բաց քվեարկության համար: … 0251 տեղամասում փոխել են հանձնաժողովի ԱԺՄ անդամ Լեւոն Երեմյանին՝ իր կամքին հակառակ հանել են հանձնաժողովի ցուցակից: Նույն տեղամասում Սամվել Ալեքսանյանի ներկայությամբ տեղի է ունեցել բազմաթիվ քվեաթերթիկների լցոնում: … 2 ընտրատարածքի 0023-ից մինչեւ 0044 տեղամասերում զանգվածային կերպով հանձնաժողովի անդամի պարտականությունները կատարելուց հեռացվել են ԱԺՄ կողմից առաջադրված անդամները: … 3 ընտրատարածքի 0054 եւ 0056 տեղամասերում ընթանում է ռազմական ակադեմիայի կուրսանտների բաց քվեարկություն Ռ. Քոչարյանի օգտին: … 9 ընտրատարածքի 0186 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը, որ հրաժարվում է տալ իր անունը, իրականացնում է քվեաթերթիկների լցոնում Ռ. Քոչարյանի օգտին: Հանձնաժողովի նախագահը որեւէ միջոց չի ձեռնարկում խախտումը կանխելու եւ վերացնելու ուղղությամբ: … 9 ընտրատարածքի 0201 եւ 0165 տեղամասերում տեղի է ունենում քվեաթերթիկների զանգվածային լցոնում Քոչարյանի օգտին: … 9 ընտրատարածքի 0202 եւ 0203 ընտրական տեղամասերում Ռ. Քոչարյանի վստահված անձ Արշակ Մանուկյանը հարկադրում է ընտրողներին ցույց տալ, թե ում օգտին է քվեարկված, եւ եթե քվեարկված է Ստեփան Դեմիրճյանի օգտին, ապա քվեաթերթիկը մարվում է, եւ նա ստիպում է կրկին քվեարկել Ռ.Քոչարյանի օգտին: Դրսում նրա եղբայրը՝ Աշոտ Մանուկյանը, ահաբեկում է այն ընտրողներին, ովքեր հրաժարվում են կատարել վերոհիշյալ պահանջը: …16 ընտրատարածքի 0362 տեղամասում զինվորականների կողմից տեղի է ունեցել բաց քվեարկություն Ռ. Քոչարյանի օգտին: … Նույն զինվորականները քվեարկում են 18 ընտրատարածքի 0413, 0415, 0416 տեղամասերում: … Թիվ 26 ընտրատարածքի 0701 տեղամասում ընթանում է քաղաքացիների բաց քվեարկություն Ռ Քոչարյանի օգտին: … 30 ընտրատարածքի 0820 եւ 0826 ընտրատեղամասերում քվեաթերթիկների ետեւի մասում բացակայում են հանձնաժողովի անդամների ստորագրությունները: … 32 ընտրատարածքի 0891 ընտրատեղամասում Զբաղվածության կենտրոնի տնօրեն Մարատ Պետրոսյանը կատարել է քվեաթերթիկների լցոնում Ռ. Քոչարյանի օգտին: … Թիվ 43 ընտրատարածքի 1289 տեղամասում ընթանում է քաղաքացիների բաց քվեարկություն Քոչարյանի օգտին: … 44 ընտրատարածքի 1328, 1329 եւ 1330 ընտրական տեղամասերում Ռ. Քոչարյանի վստահված անձը ստուգում է քվեաթերթիկները եւ մարում է Ստեփան Դեմիրճյանի օգտին քվեարկածները: … Անթափ գյուղի 0585, 0586 եւ 0587 տեղամասերում տեղի է ունենում քվեաթերթիկների զանգվածային լցոնում Քոչարյանի օգտին: … 0060/03 տեղամասային կենտրոնից ոստիկանության բաժին է տարվել Դեմիրճյանի վստահված անձ Թումանյան Մարիետան: … Նոր Կեսարիա գյուղի 0834 տեղամասում տեղի է ունեցել Ռ. Քոչարյանի օգտին քվեաթերթիկների զանգվածային լցոնման փորձ, ինչը կանխվել է Դեմիրճյանի վստահված անձի կողմից: Սակայն հանձնաժողովի նախագահը հրավիրել է ոստիկանություն, որն այդ վստահված անձին հեռացրել է ընտրական տեղամասից: Արմեն Խաչատրյանի ստորագրած բողոքից 04.03.03թ. ԿԸՀ-ին է հանձնվել թվով 7 դիմում-բողոք, որոնցում ասվում էր, որ անհիմն կերպով տեղամասային ընտրական հանձնաժողովի ցուցակները ենթարկվել են փոփոխության: ԿԸՀ-ն պետք է ղեկավարվի Ընտրական օրենսգրքի հոդված 40-ի կետ 2-ով՝ քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում ստացված դիմումները քննարկվում են եւ որոշում է կայացվում անհապաղ: Ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ մարզային ընտրական հանձնաժողովի որոշումները, բացառությամբ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումների, բողոքարկվում է ԿԸՀ: Վարդան Մկրտչյանի ստորագրած բողոքներից … 2 ընտրատարածքի 0362 ընտրատեղամասում զինվորականների կողմից տեղի է ունեցել բաց քվեարկություն: … 5 ընտրատարածքի 0096 ընտրատեղամասում կատարվել է զինվորականների բաց քվեարկություն: … 5 ընտրատարածքի 0099 ընտրատեղամասում թաղային կոմիտեի նախագահ Բաբկենը եւ ավագանու անդամ Հենդոն ահաբեկում են մարդկանց եւ ստիպում, որ քվեարկեն Ռ. Քոչարյանի օգտին: Ահաբեկված ընտրողներն այլեւս չեն գնում քվեարկության: … 6 ընտրատարածքի 0115 ընտրատեղամասում ժամը 13-ի սահմաններում քվեաթերթիկների լցոնման պատճառով սպառվել են տվյալ տեղամասին հատկացված բոլոր քվեաթերթիկները, եւ այդ ժամից հետո ընտրատեղամաս եկող ընտրողները զրկվել են ընտրելու իրավունքից: … 7 ընտրատարածքի 0150 տեղամասային կենտրոնում քվեարկության մասնակցելիս՝ Ա. Ստեփանյանը նկատել է, որ Արայիկ Ստեփանյանի եւ Գալստյան Կարենի անունների դիմաց ընտրողների ցուցակներում ստորագրված է, չնայած նրանք շուրջ 3 տարի է, ինչ մշտապես բնակվում են Մոսկվայում: … 8 ընտրատարածքի 0170 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամ ոմն Արտյոմ մեծ տրցակով քվեաթերթիկներ է գցել քվեատուփի մեջ: … 16 ընտրատարածքի 0246 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամ Սուսաննա Բարսեղյանն արձանագրել է անհայտ անձի կողմից որոշ քանակությամբ քվեաթերթիկներ քվեատուփ գցելը: Այդ պահին ընտրատարածքում են գտնվել ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Յարովը եւ տվյալ տեղամասում գտնվելու իրավունք չունեցող՝ Բելառուսում Հայաստանի դեսպան Սուրեն Հարությունյանը, որոնք չնկատելու են տվել այդ փաստը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է ընդունել վստահված անձի եւ հանձնաժողովի անդամի՝ այդ մասին կազմված արձանագրությունը: … 17 ընտրատարածքի 0384 ընտրատեղամասում իրականացվել է քվեաթերթիկների զանգվածային լցոնում: … 17 ընտրատարածքի 0390 ընտրատեղամասում Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Անահիտ Մանդալյանը կանխել է ինքնությունը չպարզված անձի կողմից Ռ. Քոչարյանի օգտին քվեարկված մի քանի քվեաթերթիկ քվեատուփ գցելու փորձը: Հանձնաժողովի նախագահը վերոհիշյալ փաստի կապակցությամբ միջոցներ ձեռք առնելու փոխարեն՝ տեղամասային կենտրոնից վտարել է Անահիտ Մանդալյանին: … 0392/17 տեղամասում ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկները չի հաշվարկել՝ դրանք դնելով սեղանի դարակում: Դեմիրճյանի վստահված անձ Անի Խաչատրյանի կողմից փորձ է արվել կանխել ընտրակեղծիքը, որը հանձնաժողովի նախագահը որակել է՝ որպես միջամտություն հանձնաժողովի աշխատանքներին, եւ ոստիկաններից պահանջել դուրս հրավիրել Անի Խաչատրյանին, ինչը եւ ոստիկանները կատարել են: … 18 ընտրատարածքի 178 դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում կատարվել է քվեաթերթիկների զանգվածային լցոնում: Քվեատուփում պարզորոշ երեւում են լցոնված քվեաթերթիկների խրձերը: … 18 ընտրատարածքի 0396 եւ 0397 ընտրատեղամասերում տեղի է ունեցել քվեաթերթիկների զանգվածային լցոնում, որոնց տրցակները պարզորոշ տեսանելի են քվեատուփում: … 28 ընտրատարածքի 0761, 0777, 0779 ընտրատեղամասերում քվեաթերթիկների ետեւի մասում բացակայում են հանձնաժողովի անդամների ստորագրությունները: … 32 ընտրատարածքի 0894 ընտրատեղամասում իրականացվել է քվեաթերթիկների զանգվածային լցոնում: …Կից ձեզ ենք ուղարկում 39 ընտրատարածքի, թիվ 61124 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Ղազարյան Սամվելի դիմում-բողոքը, որին թիվ 39 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ապօրինի կերպով զրկել է ընտրական հանձնաժողովի անդամի իրավունքներից: … 52 ընտրատարածքի 1688 ընտրատեղամասում Սյունիքի գյուղապետը ծեծի է ենթարկել Դեմիրճյանի վստահված անձ Ջուլիետա Գրիգորյանին: … 54 ընտրատարածքի 1736 ընտրատեղամասում ժամը 12:00-ից սկսած ընթացել է բաց քվեարկություն, որը վերահսկվել է հանձնաժողովի անդամների կողմից: … Անհայտ անձի կողմից ՀԺԿ նախընտրական շտաբ է հանձնվել ՀՀ ԿԸՀ կնիքով կնքված եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքների զմռսման համար նախատեսված ծրար: ՏԸՀ-երի կնիքների պատրաստման եւ դրանք ընտրատարածքային հանձնաժողովների միջոցով տեղամասային ընտրական հանձնաժողովներին փոխանցելու կարգը սահմանված է ՀՀ Ընտրական օրենսգրքի 49 հոդվածի 9, 10, 11 կետերով, համաձայն որոնց՝ ԿԸՀ-ն կնիքները փաթեթավորում է անթափանց փաթեթներում, առանց դրանց վրա նշումներ կատարելու, զմռսում է դրանք եւ քվեարկությունից ոչ շուտ, քան 5 եւ ոչ ուշ, քան 3 օր առաջ հանձնում է ընտրատարածքային հանձնաժողովներ՝ կատարելով հանձնվող կնիքների բացառապես քանակական հաշվառում՝ յուրաքանչյուր տեղամասին մեկական կնիք հաշվարկով… Ակնհայտ է, որ օրենսգրքով սահմանված կարգի պահպանման դեպքում կնիքի ծրարը ոչ մի կերպ անվնաս կերպով չի կարող հայտնվել դրսում: Մի շարք փաստերի համադրումը հիմք է տալիս պնդելու, որ նման ծրարների առկայությունն ընդամենը մանրամասն պլանավորված ընտրակեղծիքների մի մասն է կազմում: Արդեն մարտի 4-ի երեկոյան Դեմիրճյանի նախընտրական շտաբում հայտնվեցին սահմանված նմուշի քվեաթերթիկներ, կնքված հանձնաժողովի կնիքով, ստորագրված եւ քվեարկված Ռ. Քոչարյանի օգտին: Տեղամասային ընտրական հանձնաժողովները կնիքները ստանալիս՝ համապատասխան փաթեթի վրա հայտնաբերել են հենց իրենց հանձնաժողովի համարը, այնուհետեւ երեկոյան մի շարք տեղամասային կենտրոններում հայտնվել են անհայտ անձինք: Այսօր՝ մարտի 5-ին, արդեն քվեարկության ընթացքում առկա են քվեաթերթիկների լցոնման զանգվածային դեպքեր: Փաստերի պարզ համադրումը վկայում է, որ ընտրակեղծիքներ նախապատրաստողների մոտ առկա են եղել նմանատիպ ծրարներ, որոնք երեկոյան մուտք գործելով տեղամասային կենտրոններ, չհրկիզվող պահարանից դուրս են հանել տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը, կնքել իրենց մոտ եղած քվեաթերթիկները, այնուհետեւ կնիքը դրել իրենց մոտ առկա ծրարում: ԿԸՀ, ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների նման գործելաոճը կասկածի տակ է դնում ընտրական հանձնաժողովների անաչառության, եւ նրանց՝ ծրագրվող ընտրակեղծիքներին մասնակից չլինելու հարցը: Աշոտ Սարգսյանի ստորագրած բողոքներից … Թիվ 2 ընտրատարածքի 0028 տեղամասային ընտրական տեղամասում ՏԸՀ անդամ Աբգար Հակոբյանին ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն առանց հիմնավոր պատճառաբանության արգելել է մասնակցել հանձնաժողովի նիստին: … 3 ընտրատարածքի 0059 եւ 0060 ընտրատեղամասերում, որոնք տեղակայված են 88 դպրոցում, իրականացվել է քվեաթերթիկների զանգվածային լցոնում՝ քվեարկված Քոչարյանի օգտին: … Թիվ 6 ընտրատարածքի 0114, 0133, 0134, 0116, 0127, 0129 ընտրատեղամասերում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ են նշանակվել համապատասխանաբար Արմեն Մուրադյանը, Արամայիս Անտոնյանը, Աշոտ Երանոսյանը, Կարին Հարոյանը, Ռոբերտ Թովմասյանը, Գայանե Եսայանը: Սակայն տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները չեն թույլատրել նշված անձանց մասնակցել ՏԸՀ նիստին՝ առանց պատճառաբանության: … 8 ընտրատարածքի 100 դպրոցում տեղակայված 0171 եւ 0172 ընտրական տեղամասերում ոմն Բուլո իրականացրել է քվեաթերթիկների զանգվածային լցոնում՝ քվեարկված Ռ. Քոչարյանի օգտին: … 9 ընտրատարածքի 0199 տեղամասային կենտրոնում Գ.Մանուկյանն իր մոր՝ 75-ամյա Կլարա Փիլոսյանի հետ ներկայացել է տեղամասային կենտրոն եւ պարզել, որ իրենց անվան դիմաց լրացված է այլ անձանց անձնագրային տվյալներ եւ ստորագրված է: … Երեւանի թիվ 10 ընտրատարածքի 0249, 0247, 0230, 0232, 0252, 0250, 0245, 0253, 0239, 0240, 0236, 0246, 0244 տեղամասերում համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ Նորիկ Գալստյանին, Համլետ Հովնանյանին, Նիկիտա Պողոսյանին, Գեւորգ Մանուկյանին, Արսեն Գալստյանին, Գայանե Նիկոսյանին, Ելենա Սարգսյանին, Նելլի Թովմասյանին, Արթուր Ֆրանգյանին, Անահիտ Մելքոնյանին, Վարդգես Ավագյանին, Յուրա Խաչատրյանին եւ Ռոբիկ Մարտիրոսյանին թույլ չեն տվել մասնակցել տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքներին՝ առանց որեւէ պատճառաբանության: … 11 ընտրատարածքի 0246 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Գագիկ Ճանճապանյանի թողտվությամբ իրականացվել է քվեաթերթիկների զանգվածային լցոնում, թվով շուրջ 500 քվեաթերթիկ, քվեարկված Ռ. Քոչարյանի օգտին: … Երեւանի թիվ 12 ընտրատարածքի 0093 տեղամասում՝ Ռոբերտ Դավթյանին, 0256 տեղամասում՝ Քաղցրիկ Խոսրովյանին, Բագրատ Հովսեփյանին, 0284 տեղամասում՝ Գեորգի Խաչատրյանին, 0284 տեղամասում՝ Աննա Մարտիրոսյանին, թիվ 13 ընտրատարածքում՝ Մաքսիմ Գրիգորյանին, թիվ 14 ընտրատարածքի 0305 ընտրատեղամասում՝ Հարություն Ալեքսանյանին, թիվ 6 ընտրատարածքի 0123 տեղամասում՝ Գայանե Աշիկյանին, 0127 տեղամասում՝ Վահան Ղուլիջյանին, 0124 տեղամասում՝ Գարիկ Իգիթյանին, 0113 տեղամասում՝ Հրաչյա Մաղաթյանին, թիվ 52 ընտրատարածքի 1650 տեղամասում՝ Մաթեւոսյան Սլավիկին, 1656 տեղամասում՝ Տիգրան Տիգրանյանին չեն թույլ տվել մասնակցել տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքներին՝ առանց որեւէ պատճառաբանության: Խնդրում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել վերոհիշյալ անձանց ՏԸՀ անդամի իրավունքների իրականացման խոչընդոտները վերացնելու եւ ՏԸՀ նիստերին մասնակցելու համար: … 12 ընտրատարածքի 0276 տեղամասային ընտրական հանձնաժողովում հանձնաժողովի անդամ է նշանակվել ՀՀ քաղաքացի չհանդիսացող, փախստականի կարգավիճակ ունեցող Թոխմացյան Վարդուշը: Խախտվել է Ընտրական օրենսգրքի 34 հոդվածի 1 կետը, համաձայն որի՝ ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները: Խնդրում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ հանձնաժողովի անդամ Վարդուշ Թոխմացյանի լիազորությունները դադարեցնելու ուղղությամբ: … 14 ընտրատարածքի 0313 ընտրատեղամասում մի խումբ մարդկանց կողմից, հանձնաժողովի անդամների թողտվությամբ իրականացվել է քվեաթերթիկների զանգվածային լցոնում: … 15 ընտրատարածքի 0324 տեղամասային ընտրական տեղամասում ՏԸՀ անդամ է եղել Տաթեւիկ Մուրադյանը: 04.03.03 թ. ժամը 11-ին Տաթեւիկ Մուրադյանը ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գ. Քյալյանից տեղեկացել է, որ իր անունը չկա հանձնաժողովի անդամների ցուցակում եւ որ իր փոխարեն ինչ-որ մեկը հայտարարել է ՏԸՀ անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: …16 ընտրատարածքի տեղամասային կենտրոնում Սուդջյան Արտաշեսը (անձնագրի համարը՝ AB 0319110), Պետրոսյան Ժաննան (անձնագիր՝ AB 0362233), Սուդջյան Զարուհին (անձնագիր՝ AB 0362233), որոնք բնակվում են Գրիգոր Լուսավորչի 12, բն. 30 հասցեում, ներկայանալով տեղամաս՝ հայտնաբերել են, որ իրենց անունների դիմաց լրացված են այլ անձնագրային տվյալներ եւ ստորագրված է: … 16 ընտրատարածքի 0363 ընտրատեղամասում ոմն բռնցքամարտիկ Աթո իրականացրել է քվեաթերթիկների զանգվածային լցոնում քվեարկված Ռ. Քոչարյանի օգտին: … 26 ընտրատարածքի 0702 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների կողմից իրականացվում է քվեաթերթիկների զանգվածային լցոնում: … 44 ընտրատարածքի 1315 ընտրական տեղամասում ոմն Մկրտիչ Թադեւոսյան խրձով մի քանի անգամ քվեաթերթիկներ է լցրել քվեատուփի մեջ: Դեմիրճյանի վստահված անձ Մուշեղ Պետոյանի բողոքներն անտեսվել են հանձնաժողովի նախագահի եւ անդամների կողմից: … 44 ընտրատարածքի 1315 ընտրական տեղամասում ժամը 9:30-ին եւ 9:45-ին զինվորականների քվեարկության ժամանակ, Արտակ Տոնոյանը եւ Պետրոս Պետրոսյանը Ռ. Քոչարյանի օգտին քվեարկված, չծալված մեկական խուրձ քվեաթերթիկներ են գցել քվեատուփ, իսկ հանձնաժողովի նախագահը, նկատելով այդ, ոչինչ չի ձեռնարկել: …44 ընտրատարածքի 1304 ընտրական տեղամասում ժամը 9:30-ին հանձնաժողովի անդամ Արթուրը, որի ազգանունը հանձնաժողովի նախագահը հրաժարվեց ասել, իր գրպանից հանելով մի քանի քվեաթերթիկ, գցել է քվեատուփի մեջ: … Ձեզ եմ ուղարկում թիվ 46 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Խ. Խնձրցյանին ուղղված 1404 ՏԸՀ-ի անդամ Մհեր Մադոյանի, 1395 ՏԸՀ-ի անդամ Վաչագան Մարտիրոսյանի եւ Աշոտ Կարապետյանի դիմումները՝ անօրինական կերպով համապատասխան ՏԸՀ-ի անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Խնդրում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել թիվ 46 ընտրատարածքային հանձնաժողովի անգործությունը վերացնելու ուղղությամբ եւ հնարավորություն տալ վերոնշյալ անձանց իրականացնելու իրենց ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները: … Հայտնում եմ, որ մարտի 5-ին քաղաքացիները Դեմիրճյանի նախընտրական շտաբ են ներկայացրել սահմանված նմուշի 15 քվեաթերթիկ՝ կնքված թիվ 2178 կնիքով՝ ստորագրված հանձնաժողովի 3 անդամի կողմից եւ քվեարկված Ռ.Քոչարյանի օգտին: Ըստ քաղաքացիների՝ դրանք իրենց տվել են ՏԸՀ անդամները՝ քվեատուփ լցոնումներ անելու համար: Վերը նշվածը վկայում է այն մասին, որ հանձնաժողովի անդամների կողմից 4.03.03թ. քվեաթերթիկների ետեւի մասում ստորագրելուց հետո ՏԸՀ-ները օգտագործել են կնիքները, որից հետո դրանք տեղադրել են ԿԸՀ-ի կողմից նախօրոք պատրաստված եւ ԿԸՀ-ի կնիքով կնքված ծրարների մեջ: Այսպիսով, կարելի է փաստել, որ խախտումները, ընտրակեղծիքները ծրագրավորված են ԿԸՀ-ից մինչեւ ՏԸՀ-ներ: Այս ամենը վկայում է այն մասին, որ ընտրությունների օրինականությունը վտանգված է, եւ անհրաժեշտ է շտապ ձեռնարկել միջոցներ՝ ապօրինությունները կանխելու համար: Տպագրության պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Վերնագրում մեջբերվածը ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանի գնահատականն է՝ Հայաստանի նախագահի ընտրության երկրորդ փուլին: Կարծում ենք, փաստաթղթերից այս մեջբերումներին ծանոթանալուց հետո, որ ընդամենը մի մասն է երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ դատախազություն ՀԺԿ-ի ներկայացրած բողոքներից, տվյալ գնահատականին համամիտ չեն լինի միայն նրանք, ովքեր կորցրել են ողջամտությունը՝ Ռոբերտ Քոչարյանին դարձյալ նախագահ տեսնելու ցանկությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել