Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրություններն ավարտվել էին մարտի 4-ի լույս 5-ի գիշերը»

Մարտ 06,2003 00:00

«Ընտրություններն ավարտվել էին մարտի 4-ի լույս 5-ի գիշերը» Երեկ ժամը 19-ին Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Հարությունյանը հրավիրեց մամուլի ասուլիս։ Նա մասնավորապես հայտնեց. «Մենք այսօր առաջին իշխանությունն ենք ձեւավորում եւ այդ ճանապարհին տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Երեկ արդեն հանձնաժողովի 100-ից ավելի անդամներ պարզապես դուրս թողնվեցին հանձնաժողովներից եւ այդ գործընթացը շարունակվեց այսօր առավոտյան։ Պարզապես պատճառաբանում էին՝ բարձր եք խոսում, խանգարում եք, եւ բոլորովին կամայականորեն դուրս էին թողնում հանձնաժողովի անդամներին»։ Իրավաբան Վարդան Պողոսյանն ասաց, որ իշխանությունների առաջին խնդիրը եղել է հանձնաժողովների անդամներից ազատվելը, հաջորդ քայլը՝ լցոնումը, որը հնարավորություն կտա Ռոբերտ Քոչարյանին՝ թվեր նկարել։ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Աշոտ Սարգսյանը հայտնեց, որ շտաբ է բերվել 50 ծրար՝ ԿԸՀ կնիքով։ Դրանց մեջ դրված էր ներդիր, ու եթե ծրարը զմռսվում է՝ ստացվում է ԿԸՀ կնիքն ամբողջությամբ. «Ես ուզում եմ ներկայացնել այն մեխանիզմը, որն առաջ է եկել երկրորդ փուլում (մենք սրան չենք հանդիպել ո՛չ 98-ին, ո՛չ էլ առաջին փուլի ժամանակ)։ Սա հիմք է տալիս մեզ պնդել, որ խախտումները սկսվել են ԿԸՀ-ից՝ մինչեւ տեղամասային հանձնաժողովներ։ Սրանք այն ծրարներն են, որոնց մեջ պետք է դրված լինեին ՏԸՀ-ների կնիքները, փակված, զմռսված եւ կնքված պետք է լինեին ԿԸՀ-ի կնիքներով։ Ստացվել է հետեւյալը. ԿԸՀ-ն կնքված եւ կնիքը մեջը գտնվող ծրարներից բացի՝ ՏԸՀ-ներին է տվել նաեւ այսպիսի դատարկ ծրարներ, որպեսզի ՏԸՀ-ները հնարավորություն ունենան գիշերը բացել ծրարները, կնքել քվեաթերթիկները, ապա կնիքը դնել նոր չօգտագործված ծրարի մեջ եւ ընտրությունների օրն առավոտյան հանձնաժողովի անդամներին ցույց տալ, որ կնիքը փակ վիճակում է»։ Նա ասաց, որ երեկ եւ նախորդ օրը գիշերն իրենց շտաբ են բերվել բազմաթիվ ստորագրված ու կնքված քվեաթերթիկներ։ Սրանք ոչ թե տարերային բնույթ կրող ընտրախախտումներ են, այլ, ըստ Աշոտ Սարգսյանի. «Պետության, ԿԸՀ-ի, ՏԸՀ-ների, ոստիկանության կողմից ծրագրավորված եւ նախապես պայմանավորված ընտրակեղծիքներ։ Այսօր առավոտվանից ոստիկանությունը զբաղված է միայն մեր վստահված անձանց ձերբակալելով, շտաբի ակտիվիստների ձերբակալություններով։ Հրազդանում բռնել են «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ-ի կադրերի բաժնի աշխատակցի մոտ ցուցակ, որտեղ նշված են եղել այն մարդկանց անունները, որոնց փող է տրվել։ Ու փոխանակ ձերբակալվի ընտրակաշառք բաժանող անձը, ձերբակալվել է այդ փաստը հայտնաբերողը»։ Պրն Սարգսյանն ասաց, որ ԿԸՀ ուղղված իր դիմում-բողոքների մեջ նշել է, թե քանի քվեաթերթիկ է հայտնաբերվել եւ որտեղ են գտնվում։ Նա ասաց, որ տեղի են ունենում ծրագրավորված, պլանավորված ընտրակեղծիքներ։ Վարդան Պողոսյանն ասաց. «Եթե դուք չեք մոռացել ԵԱՀԿ դիտորդների տված գնահատականը, առաջին փուլից հետո խոսքը գնում էր այն մասին, որ քվեարկության օրն այնքան էլ մեծ չէին կեղծիքները, բայց ամենամեծ մտահոգությունն առաջացնում է ընտրությունների արդյունքների հաշվման պրոցեսը։ Հիմա իշխանությունները քվեարկության օրը կատարում են ամբողջ սեւ գործը եւ հաշվելու ժամանակ արդեն մեծ խնդիրներ չեն առաջանում։ Այս բոլոր կեղծիքների ամբողջական պատկերի մասին մանրամասն տեղեկացված են միջազգային դիտորդները, որոշակի առումով նաեւ՝ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը»։ Նախընտրական շտաբի պետ Գրիգոր Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ իրենց շտաբն աշխատելու է մինչեւ վերջ, եւ ընտրությունների մասին կարծիքը կհայտնվի արդյունքների ամփոփումից հետո։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել