Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՑՆԵՆՔ ՄԻԱՍԻՆ, ԿԵՂԾԵՆՔ ՄԻԱՍԻՆ, ՀՈՒՊ ՏԱՆՔ ՄԻԱՍԻՆ

Մարտ 06,2003 00:00

ԼՑՆԵՆՔ ՄԻԱՍԻՆ, ԿԵՂԾԵՆՔ ՄԻԱՍԻՆ, ՀՈՒՊ ՏԱՆՔ ՄԻԱՍԻՆ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքը ցույց տվեց, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքները գրոշի գին չունեն։ Իշխանություններն ամեն գնով խնդիր են դրել պահպանել իրենց։ Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբը, նրան սատարող քաղաքական ուժերը փորձում են իշխանական ուժի եւ բռնության դիմաց թափահարել իրենց թղթե շերեփները։ Այս անգամ Ռոբերտ Քոչարյանի ընտրվելու պատասխանատվությունը ստանձնել էին ոչ թե թաղայինները, այլ իրավապահ մարմինները՝ անձամբ։ Թերեւս հեռուստաընկերությունների լուսաբանումները դիտող շարքային քաղաքացին զարմանա եւ խիստ կողմնակալ որակի մեր գնահատականները, քանի որ հեռուստաէկրանից նրան է հրամցվում բացարձակապես հարթ ու անկոնֆլիկտ սցենար։ Իսկ իրականությունը բոլորովին այլ է։ Մալաթիա-Սեբաստիա Այս համայնքի 0235/11 տեղամասում («Նարինե» մանկապարտեզի շենք) ժամը 12-ի դրությամբ՝ մոտ 700 քվեաթերթիկ է լցվել քվեատուփի մեջ։ Այս տեղամասում Ստեփան Դեմիրճյանի վստահված անձը փորձել է կանխել, բայց նրան ուժով հեռացրել են տեղամասից։ Մյուս վստահված անձը՝ խիստ վախեցած, չհամարձակվեց լրագրողների ներկայությամբ հայտարարել, որ նման բան է տեղի ունեցել։ Նա ընդամենն ասում էր, թե ինքը դրսում է եղել եւ որեւէ բան չի տեսել։ Այս տեղամասի հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, որեւէ դեպքի հետ կապված ոչ մի արձանագրություն չի կազմվել։ Այս տեղամասի հանձնաժողովի նախագահ Շահինյան Մնացականը հայտարարեց, որ մեր այցելության պահին՝ 14։00-ի սահմաններում, արդեն քվեարկել էր 1000 ընտրող, եւ սա այն դեպքում, երբ այդ ժամի դրությամբ՝ բազմաթիվ ընտրատեղամասերում ընտրողների թիվը չէր հասնում 250-300-ի։ 0236/11 տեղամասում Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Ժորժիկ Մուրադյանին շտաբի ներկայացուցիչները դուրս վռնդեցին նախընտրական շտաբից, քանի որ ապացուցվել էր, որ վստահված անձը 20 հազար դրամով ծախել էր իր լիազորությունները եւ թույլ էր տվել քվեաթերթիկների լցոնում։ Աշոտ Բլեյանի դպրոցում տեղավորված տեղամասում Ստ. Դեմիրճյանի վստահված անձ Վարդան Գինոսյանը պատմեց, որ մեր այցելությունից 15 րոպե առաջ (13։30-ի սահմաններում) ինքը տեսել է, որ ընտրողներից մեկը, դուրս գալով քվեարկության խցից, մոտեցել է քվեատուփին եւ մեկ քվեաթերթիկի փոխարեն մի քանիսն է գցել տուփի մեջ. «Մինչեւ հասա ու ասացի՝ մի՛ արա, Վաչո՛, բյուլետեններն արդեն արկղի մեջ էին։ Դուրս եկավ, ասացի՝ մի րոպե սպասիր, պարզենք ի՞նչ եղավ, բայց նա փախավ ամբողջ հանձնաժողովի ներկայությամբ, ոստիկանների ներկայությամբ»։ Այդ «Վաչոն» ավագանու անդամ է։ Վստահված անձը փորձում էր արձանագրություն կազմել եւ վստահ չէր, որ հանձնաժողովականները կստորագրեին այն։ 0219/11 տեղամասում պոլիկլինիկայի աշխատակիցներին կանչել էին ընտրության եւ պարտադրել էին մեկի փոխարեն մի քանի քվեաթերթիկ գցել։ Արաբկիր Այս համայնքում Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պետ Արմեն Մկրտչյանը պատմեց, որ բազմաթիվ ահազանգեր են ստանում եւ իրենք եւս ականատես են լինում, թե ինչպես ոստիկանության աշխատակիցները բռնի կերպով ձերբակալում եւ տեղամասերից հեռացնում են Ստեփան Դեմիրճյանի վստահված անձանց։ Արմեն Մկրտչյանի ներկայացմամբ. «Այն տեղամասերում, որտեղ մեր վստահված անձինք աչալուրջ են գտնվում, դիմադրում են օրինական ճանապարհով, փորձում են արձանագրություններ կազմել, կեղծիքները ֆիքսել, գալիս են ոստիկանները եւ հրավիրում են բաժին կամ ահաբեկում են»։ Թիվ 132 դպրոցում (0137/07) ինքներս ականատես եղանք, թե ինչպես Դեմիրճյանի վստահված անձ Ա. Սարգսյանին, սեփական ավտոմեքենայից իջնելուց հետո, շրջապատեցին ոստիկանները, քաշքշեցին, հարվածեցին եւ նրան ու մեքենան տեղափոխեցին ՆԳ բաժանմունք։ Ոստիկանները փորձում էին ձերբակալել նաեւ այս վստահված անձի եղբորը, իսկ նրանց հայրը՝ դիտորդ, ՀԺԿ անդամ Զենիկ Սարգսյանը, փորձում էր պարզել, թե ինչ նպատակով են իրականացվում նման բռնությունները։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությունը եւս ոչ մի կերպ չէր զսպում ոստիկաններին։ Ակնհայտորեն վերջիններս նպատակ ունեին չեզոքացնել Ստեփան Դեմիրճյանի վստահված անձանց ամեն գնով։ Մի խումբ լրագրողներով որոշեցինք ինքներս գնալ Արաբկիրի համայնքի ոստիկանություն եւ տեղում պարզել խնդիրը։ Այստեղ մեզ ոչ ոք ներս չթողեց։ Ես կապվեցի ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանի հետ եւ փորձեցի նրան տեղյակ պահել ոստիկանների կողմից իրականացվող ապօրինություններին։ Պրն Վարյանը նախ ասաց, թե որեւէ տեղեկություն չունի, եւ խորհուրդ տվեց կապվել ՆԳ լրատվական ծառայության պետ Արտակ Վարդազարյանի հետ։ Վերջինս, ինչպես եւ սպասվում էր, հայտարարեց, որ որեւէ տեղեկություն չունի։ Ես խնդրեցի, որ միջամտեն եւ Արաբկիրի ոստիկանապետ Արամ Թամամյանն ընդունի լրագրողներին։ Սակայն Ա. Վարդազարյանի միջոցով Հովհաննես Վարյանը փոխանցեց, թե Դեմիրճյանի վստահված անձ Սարգսյանը կալանավորվել է հակաքարոզչության համար։ Եթե այսօրվա ոստիկանները մեքենայից իջնելը համարում են հակաքարոզչություն, ուրեմն երկրում ամեն վայրկյան տեղի է ունենում սույն գործողությունը՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի։ Ոստիկանության աշխատողները մտադիր էին բաժին տանել նաեւ դիտորդ Զենիկ Սարգսյանին։ Ակնհայտ էր, որ մտադրությունը բարի չէ, եւ լրագրողները խորհուրդ տվեցին առանց իրենց չմտնել բաժին։ Մինչ այդ «Իկարուս» ավտոբուսով Արաբկիրի ՆԳ բաժին բերվեցին ՆԳ զորքեր։ Որեւէ բացատրություն որեւէ մեկը չէր տալիս։ Այդ ընթացքում «Առավոտի» ջանքերով հնարավոր եղավ ՆԳ բաժնի մոտ հրավիրել ԵԱՀԿ դիտորդական խմբի։ Դիտորդներին եւս թույլ չտվեցին մտնել բաժին։ Ականատես լրագրողները դիտորդներին պատմեցին այն, ինչ տեսել էին ու գիտեին։ Օրվա վերջին Արմեն Սարգսյանին ազատ են արձակել՝ 200 հազար դրամ տուգանելուց հետո։ 0122/06 ընտրական տեղամասային կենտրոնում դիտորդների առաջ սեղան էր գցված եւ նրանք ուտում էին հենց տեղամասում։ Շիրվանզադեի անվան դպրոցում գտնվող եւս մեկ՝ 0122 տեղամասում Ստ. Դեմիրճյանի վստահված անձը՝ դեռ առավոտյան նկատելով, որ հանձնաժողովի անդամ Արմեն Օսիպյանը (ՀՅԴ ներկայացուցիչ) փորձել է քվեաթերթիկներ լցնել տուփի մեջ, խանգարել է նրան։ Ա. Օսիպյանը քվեաթերթիկները հավաքելով փախել է եւ վերադարձել մեկ ժամ անց։ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Էլ. Մանանդյանը պատմեց, որ այս փուլում տակտիկան փոխված է՝ քվեատուփերը լցնում են հանձնաժողովների անդամները։ Վստահված անձի վկայությունը հաստատեց նաեւ դիտորդը։ Կազմվել է արձանագրություն կատարվածի մասին, սակայն նույնիսկ հանձնաժողովի ԱԺՄ-ն ներկայացնող անդամը չի ստորագրել արձանագրությունը։ Սա այն տեղամասն է, որտեղ առաջին փուլում եւս լուրջ ընտրախախտումներ են արձանագրվել։ Լրագրողների հեռանալուց որոշ ժամանակ անց քվեատուփը լցնելու գործընթացը վերսկսվել է եւ ի վերջո հաջողվել է։ Թիվ 172 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում (0133/06), նախընտրական շտաբի վկայությամբ, փորձ է արվել քվեաթերթիկներ լցնել տուփի մեջ։ Մի քանի վստահված անձինք շտապ հասել են դեպքի վայր. «Հասանք այն պահին, երբ մի քանի երիտասարդներ ձեռնամարտի էին բռնվել Ստեփան Դեմիրճյանի վստահված անձանց հետ, որոնք փորձում էին պահել նրանց ձեռքից խլված քվեաթերթիկները։ Մենք փորձում էինք պահել այդ տղաներին, որպեսզի ոստիկանները հասնեին եւ օգնեին մեզ ապօրինությունը կանխել։ Սակայն մեզ ոչ ոք չօգնեց, իրենք կարողացան ճեղքել-անցնել»։ Վստահված անձինք նկատել են այն մեքենաները, որոնցով եկել էին այդ տղաները՝ սպիտակ «Նիվա» մակնիշի մեքենա, արծաթագույն 099, որի ուղեւորները քվեատուփը լցնելու փորձ էին արել մեկ ուրիշ տեղամասում եւս։ Կատարվածի մասին տեղեկություն տվեց եւ ասվածը հաստատեց «Ընտրությունն քոնն է» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ դիտորդը։ Դեպքի վայր են այցելել նաեւ ԵԱՀԿ դիտորդները։ Ոստիկանների պարտականությունները բոլոր տեղամասերում խիստ անհասկանալի էին. նրանք հրահանգավորվել էին հասարակական կարգի պահպանումը իրականացնել հատուկ կարգով՝ բռնել, քաշքշել եւ ՆԳ բաժիններ տանել Ստ. Դեմիրճյանի վստահված անձանց։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել