ՍԱ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԿՅԱՆՔԻ ԽՆԴԻՐ ԷՐ Երեկ, ժամը 11-ին, օրենքով սահմանված կարգով ԿԸՀ-ն հրապարակեց ՀՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի առաջին տվյալները ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ։ Ըստ այդմ, ժամը 11-ի դրությամբ, ընտրություններին մասնակցել է ընտրողների 5,14%-ը։ Ուղիղ եթերով ԿԸՀ նախագահը հայտարարեց, թե ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2.300.410։ Բայց լրագրողներին բաժանված տեղեկանքում այդ թիվը շուրջ 20 հազարով պակաս է, այն է՝ 2.280.863։ ԿԸՀ-ն ընտրատարածքային եւ տեղամասային հանձնաժողովներից արդեն ստանում է դիմում-բողոքներ, որոնք ներկայացրել են Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբից՝ նրա վստահված անձինք կամ հանձնաժողովի ընդդիմադիր անդամները: Սակայն ԿԸՀ-ն ընդունել է այդ բողոքների ընդամենը մի մասը՝ թվով 6, ու թեեւ չընդունված դիմում-բողոքները նույնաբովանդակ են եղել, այդուհանդերձ, ԿԸՀ-ն դրանք մերժել է մուտքագրել, պատճառաբանելով, թե հիմնավորված չեն։ Իսկ դրանք վերաբերում էին շարքային ընտրողների, նաեւ զինվորականների բաց քվեարկության, քվեատուփերը լցոնելու փաստերին: Երեկ ժ. 19-ի դրությամբ՝ միայն Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբից ԿԸՀ-ին ներկայացվել էին ընտրատարածքներից ստացված շուրջ 150 դիմում-բողոքներ, որոնք արտացոլում էին ամեն մի ընտրատարածքում 2-3 տեղամասերում կատարված օրինախախտումների փաստերն ու կից՝ արձանագրությունները: Շարունակվում է նաեւ տեղամասային հանձնաժողովներում ընդդիմության ներկայացուցիչ անդամներին արգելվել մուտք գործել տեղամասեր։ Այսպիսի դեպք արձանագրվել է մասնավորապես Արաբկիրի 0121/06 տեղամասում։ Այստեղ Նաիրա Մագնեսյանին թույլ չեն տվել կատարել հանձնաժողովի անդամի իր պարտականությունը։ Երեքժամյա պարբերականությամբ տվյալների հրապարակումը ԿԸՀ-ն պարտաճանաչորեն կատարեց, որովհետեւ այդ տվյալները համեմատաբար «անմեղ» բան էին ու արտացոլում էին ընդամենը ընտրություններին մասնակցածների թիվը: Սակայն դրանք էլ ամփոփում էին ոչ թե կոնկրետ ընտրատարածքների տեղամասերի, այլ՝ միայն ընտրատարածքների տվյալները: Այսպես, ժամը 14-ի դրությամբ՝ հանրապետությունում ընտրություններին մասնակցել էր արդեն ընտրողների 27,1 տոկոսը՝ կամ 628.203 մարդ: Ընտրությունների մասնակցության վերաբերյալ տեղեկանքներ տրվեցին նաեւ ժ. 17-ի եւ 20-ի դրությամբ: Այդ պատկերը համապատասխանաբար այս էր՝ քվեարկություններին մասնակցել էր հանրապետության ընտրողների 49,5 տոկոսը՝ կամ 1.153.148 մարդ, ապա՝ 62,4 տոկոսը՝ կամ 1.454.500 ընտրող: Իհարկե, ԿԸՀ ներկայացրած տեղեկանքում ներկայացված պաշտոնական տվյալներում անգամ թվային եւ տոկոսային անհապատասխանություններ կային, որոնք ավելի լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Այս թեման այսօր շրջանցելով՝ արձանագրենք ՀՀ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի նախնական ամփոփ տվյալները, որոնք ընդգրկում են հանրապետության ողջ տարածքն ու բոլոր ընտրատարածքների տեղամասերը: Ըստ այդմ, հանրապետության տարածքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 64,7 տոկոսը՝ կամ 1.506.388 մարդ: Ընտրություններին մասնակցության ռեկորդային ցուցանիշը 2-րդ փուլում պատկանում է Սյունիքին՝ 79,2 տոկոս: Միայն Երեւանում ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,8 տոկոսը՝ կամ 454.097 մարդ: «Հանրապետությունում ընտրություններն ավարտված են, եւ կարող եմ հայտնել, որ ընտրությունները կայացած են: Բարեհաջող ավարտվել է ընտրությունը հանրապետության բոլոր ընտրատարածքների տեղամասերում, եւ այս պահի դրությամբ որեւէ լուրջ բողոք չունենք: Ընտրություններն ընթացել են նորմալ: Արդյունքները, հնարավոր է, միայն փոքր փոփոխություններ կրեն»,- ավետեց ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը՝ արդեն ժ. 23:15-ին՝ հայտարարելով նաեւ, թե 2-րդ փուլում 69,3 տոկոսով առջեւում է գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ԿԸՀ նախագահը նաեւ խոստացել էր մինչեւ հերթական երեք ժամը քվեարկության արդյունքների մասին միջանկյալ տեղեկատվություն տալ՝ ավելի մանրամասն ներկայացնելով ընտրատարածքներում թեկնածուների ստացած քվեները: Դա չարվեց: Որեւէ կերպ անբացատրելի մնաց, թե ինչի՞ց ելնելով, ո՞ր թվերի, տվյալների հիման վրա է կառուցվել Քոչարյանի 69,3 տոկոսը: Արձանագրենք. ակնհայտ է, որ այդ տոկոսներն ու թվերը ԿԸՀ-ն դեռ չէր հարմարեցրել ըստ մարզերի, ընտրատարածքների ու տեղամասերի, ինչն իրոք դժվար էր անել: Այս բոլոր տեղեկությունները եռաստիճան կարգով մենք կունենանք թերեւս այսօր գիշերվա ժ. 2-ից հետո, երբ ԿԸՀ-ն ու իշխանությունները դրանք համապատասխան տեսքի կբերեն: Հետո կմնա տեխնիկական խնդիր՝ դրանք նկարել թղթի վրա: Ա.Սահրադյանն, ըստ էության, ինքնակամ ստանձնեց 2-րդ փուլի ընթացքում տեղի ունեցած զանգվածային ընտրակեղծիքների ողջ պատասխանատվության բեռը: Նա է նաեւ այն հիմնական գործող անձը, որ պատասխանատու է լինելու իր հայտարարած ու նկարած թվերի արդյունքում մեր երկրում հնարավոր ցնցումների համար: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ